Լրահոս
Օրվա լրահոսը

Այն, ինչ կարելի է Զեւսին՝ չի՞ կարելի եզին, թե՞ հակառակն է

Նոյեմբեր 30,2001 00:00

Մտորումներ «բարի համբավի» շուրջ Այն, ինչ կարելի է Զեւսին՝ չի՞ կարելի եզին, թե՞ հակառակն է Այս մասին գրելու միտքը ծնվել էր դեռ երկու ամիս առաջ, երբ խոսելով «Առագաստում» սպանված Պողոս Պողոսյանի մասին՝ Ռոբերտ Քոչարյանն ասաց, թե իր թիկնապահները չունեն նույն համբավը, ինչ նախկին նախագահի թիկնապահները։ Լեւոն Տեր-Պետրոսյանի թիկնազորն իրոք ակնդետ ուշադրության ներքո էր։ Ընդդիմադիր մամուլն արձանագրում էր նրանց յուրաքանչյուր քայլը։ Հրապարակման նյութ էր դառնում անգամ այն, թե ինչ արժողության կոնյակ են նրանք գնում (այդ մասին գրել էր, մասնավորապես, ԱԺՄ-ի պաշտոնաթերթ «Այժմը»)։ Հիմա ո՞վ է այլեւս ուշադրություն դարձնում, թե հյուրասիրության ինչ հաշիվներ են փակում Ռոբերտ Քոչարյանի թիկնապահները, որքան գումար են մսխում խաղատներում կամ ինչ բիզնեսով զբաղվում՝ ուղղակի կամ անուղղակի։ Վատահամբավ նախկին թիկնազորի ձեռք բերած արտասահմանյան օգտագործված մեքենաները մատի փաթաթան էին դարձել։ Որեւէ ձեւով այժմ ներկա թիկնազորի «համբավի» վրա չի անդրադառնում այն, թե ինչ մակնիշի ավտոմեքենաներ են նրանք գործածում եւ ինչ քանակությամբ։ Սակայն ասվածը վերաբերում է ոչ միայն թիկնապահներին։ Ընդհանրապես նախկին պաշտոնյաներին չէր ներվում շատ բան, ինչի վրա այժմ մի թեթեւ ուշադրություն էլ չեն դարձնում։ Ո՞վ կարող է բացատրել, թե ինչու էր Վանո Սիրադեղյանի 1,5 հարկանի տունը բոլորի աչքի փուշը դարձել, բայց հիմա հանրությունն ու լրատվամիջոցները հանգիստ են վերաբերվում նրան, որ Սերժ Սարգսյանն առանձնատուն ունի Օհանավանում, Կառլոս Պետրոսյանը՝ Մերգելյան ինստիտուտի մերձակայքում, անտուն չի մնացել եւ Հայկ Հարությունյանը։ Բազմահարկ առանձնատներով իրար հետ մրցում են նաեւ այլ բարձրաստիճաններ։ Ինչպե՞ս է, որ ներկա պաշտոնյաների «Ջիփ»-երն ու «Մերսեդես»-ները, նաեւ նյութական բարեկեցության ու ճոխության այլ դրսեւորումները, այլեւս սովորական են դիտվում։ Այս հարցերի պատասխանը դժվար է գտնել։ Մանավանդ, որ պատճառաբանությունը հաստատ այն չէ, որ նախկինները անաշխատ եկամուտներով էին ձեռք բերում այդ ամենը, իսկ ներկաները՝ բացառապես սեփական աշխատավարձով ու հալալ քրտինքով։ Պատճառը թերեւս նաեւ այն չէ, որ նախկինում զեխ ապրելակերպն առավել աչքի էր զարնում համընդհանուր աղքատության ու թշվառության ֆոնին։ Մարդիկ հիմա էլ ավելի լավ չեն սկսել ապրել։ Իսկ գուցե մենք ուղղակի սովորեցի՞նք, վարժվեցինք ու հաշտվեցի՞նք, որ այդպես էլ պիտի լինի եւ փոքրիշատե նշանակալի որեւէ աթոռի հասածն իր դիրքը պիտի օգտագործի սեփական բարեկեցության համար։ Ուստի եւ այլեւս չենք ընդվզում եւ որեւէ մեկի բջջային հեռախոսն, ինչպես նախկինում էր, այլեւս առանձին հրապարակման նյութ չենք դարձնում։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել