ՍՈՑՈՒԺԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ Ելույթ ունենալով «Սոցիալիստական Հայաստան» միավորման խորհրդաժողովում «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Ալբերտ Բազեյանն իր ելույթում մասնավորապես ասաց, թե Հայաստանում համակարգային բարեփոխումներ, ընտրական ինստիտուտների վերականգնում հնարավոր չէ, քանի դեռ չի փոխվել այդ համակարգի գործունեությունն իրականացնողը՝ հանրապետության ներկայիս նախագահը: «Դա է պատճառը, որ մենք մի քանի ուժերի հետ համատեղ փորձում ենք լուծել իշխանափոխության խնդիրը: «Հանրապետությունը» չի կարող լուրջ համագործակցություն ունենալ այն ուժերի հետ, որոնք սատարում են իշխանություններին, որովհետեւ նրանք՝ սատարելով այսօրվա իշխանություններին, ստանձնում են նաեւ նրա վարած քաղաքականության պատասխանատվությունը: «Սոցիալիստական Հայաստան» միավորումը գտնվում է ընդդիմադիր դաշտում, ուստի մեր համագործակցությունը կարող է շատ ավելի արդյունավետ լինել, եւ, հույս ունեմ, որ այդպես կլինի»,- հայտարարեց Ա.Բազեյանը: ՀԺԿ անունից սոցուժերի միավորումը ողջունեց Ստեփան Զաքարյանը. «Մենք հիանալի գիտենք, թե ժողովուրդն ինչպես է վերաբերվում քաղաքական պառակտումներին ու նույն գաղափարախոսությունը կրող տարբեր քաղաքական ուժերի գզվռտոցներին»: Նա հույս հայտնեց, թե այդ նոր միավորումն, անկասկած, իր նպաստը կբերի այս երկրի առողջ կայունությանը: «Առողջ կայունություն, որովհետեւ այս իշխանություններն այդ բառն էլ են արժեզրկել: Նրանց համար ճահճացումը կայունություն է: Այսօր քաղաքական շատ ուժեր անցնում են իշխանության ճամբար, գործում են ընդդիմության դեմ եւ իրենց արդարացնում, թե իշխանությունների դեմ պայքարելու համար ընդդիմության ուժերը չի հերիքում: Եթե այդ մարդիկ բարոյական են, ապա պետք է գոնե մի կողմ քաշվեն»,- կարծիք հայտնեց պարոն Զաքարյանը: Անդրադառնալով «Սոցիալիստական Հայաստան» միավորմանը, նա նկատեց. «Որքան շուտ առողջ ուժերը՝ անկախ «աջ» կամ «ձախ» լինելուց, տեր կանգնեն իրենց երկրին, այնքան շուտ մեր կյանքում դրական փոփոխություններ կլինեն, այդ թվում՝ իշխանական համակարգում: Ժամանակն է, որ բոլոր ուժերը միանան եւ ժողովրդին այս երկրի տերը լինելու հավատ ներշնչեն: Թող այդ արդյունքը փոքր լինի, բայց համապատասխանի գործին՝ մեր հռչակած խոստումներին»: Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն իր հերթին հայտարարեց, թե իր գլխավորած կուսակցությունն այս փուլում իր լայն մասնակցությունը կբերի «Սոցիալիստական Հայաստան» միավորման հետ համագործակցության առումով. «Մենք պատրաստ ենք մեր ուժերը ներդնել սոցիալիստամետ ուժերին համախմբելու ուղղությամբ»: Պարոն Սարգսյանը վերջին 3 տարիներին, թերեւս, առաջին անգամ հայտարարեց, թե ներկայիս իշխանությունները օլիգարխային եւ կլանային համակարգի ստեղծողներից են, ուստի չեն կարող ղեկավարել այս երկիրը: Միաժամանակ, Ա.Սարգսյանը կարեւորեց սոցուժերի ծրագրերի ներկայացումը հասարակությանը. «Ժողովուրդը սպասում է, թե ինչով է տարբերվելու այս ուժերի քաղաքականությունը ներկա իշխանությունների քաղաքականությունից՝ տնտեսական, քաղաքական, սոցիալական, կրթության եւ գիտության ոլորտներում: Եթե մենք այդ տարանջատումը հստակ չանենք, ժողովուրդը մեզ չի հավատա եւ չի ընդունի, առավել եւս, որ առանց այդ էլ մտայնություն կա, թե ի՞նչ տարբերություն այս կամ այն ուժերի միջեւ: Պետք է համակարգված ներկայացնել այն սկզբունքները, որոնցով սոցիալիստական, դեմոկրատական ուժերը տարբերվում են վայ լիբերալներից: Ես կարող եմ համաձայնել Բազեյանի այն տեսակետի հետ, որ ազատականությունն էլ կարող է դրական արդյունքներ ունենալ: Այո, բայց ոչ Հայաստանում: Հայաստանում ազատականությունը ամենաթողություն է, երբ պետության բոլոր գործառույթները հավասարեցվում են զրոյի»: Անդրադառնալով «Սոցիալիստական Հայաստան» միավորմանը, Դեմկուսի նախագահը կարծիք հայտնեց, թե այդ համագործակցությունը կարող է լուրջ արդյունք ունենալ, եթե առաջիկա խորհրդարանական, նախագահական ընտրությունների ժամանակ սոցիալիստամետ ուժերի մեծամասնություն ձեւավորելու նպատակ հետապնդի. «Այդ մասին հասարակությանն այսօրվանից պետք է հայտարարել: Այլ կերպ հաջողության հասնել հնարավոր չէ: Մենք պետք է մեր հստակ դիրքորոշումը հայտնենք նաեւ նախագահական ընտրությունների ժամանակ. արդյո՞ք մենք խորհրդարանական հանրապետության կողմնակիցներ ենք: ՀԴԿ-ն պաշտպանում է խորհրդարանական հանրապետության տարբերակը»: Ա.Սարգսյանի պնդմամբ, միայն այդ դեպքում է, որ իշխանությունը չի կենտրոնանա մեկ անձի ձեռքում, երկիրը կվերադառնա ժողովրդավարության հուն, ուր իշխանությունը ժողովրդի կողմից կառավարելի կդառնա: «Կարծում եմ, եթե մենք հետեւենք երկու հիմնարար նպատակի իրագործմանը՝ խորհրդարանում սոցիալիստամետ ուժերի մեծամասնության ձեւավորում եւ անցում խորհրդարանական հանրապետության, ժողովրդական լայն զանգվածները կգնան այդ միավորման ետեւից, կհավատան եւ կսատարեն նրան»: Ընդհանրապես, «Սոցիալիստական Հայաստան» միավորման երեկվա խորհրդաժողովը էապես տարբերվում էր ընդդիմադիր դաշտում գործող, օրինակ՝ Եռյակի, գործելաոճից եւ հիմնականում նրանով, որ սոցուժերը առաջնային էին համարում՝ նույնիսկ մինչեւ ցանկալի իշխանափոխությունը նախ հասարակությանը ներկայացնել Հայաստանի զարգացման մասին իրենց պատկերացումները կոնկրետ ծրագրերի եւ հայեցակարգերի տեսքով: Մի բան, որ մյուս ուժերի պարագայում, թերեւս, վերածվում է իշխանափոխության ածանցյալի: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ