Լրահոս
Օրվա լրահոսը

Բայց

Նոյեմբեր 30,2001 00:00

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԿՀՐԱՎԻՐԻ Բայց կգա՞ն «Հոկտեմբերի 27»-ի հարցերն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը եւս վեց ամիս աշխատելու թույլտվություն ստանալուց հետո երեկ հրավիրեց իր հերթական նիստը։ Սպասվում էր, որ հանձնաժողովի անդամ Գագիկ Կոստանդյանը, ի վերջո, կներկայացնի «27»-ի գործին առնչվող այն 150 անձանց ցուցակը, որոնց, ըստ իրեն, ճիշտ կլինի հրավիրել հանձնաժողով։ Գագիկ Կոստանդյանը բացակայում էր հիվանդության պատճառով, դրությունը մի փոքր շտկեց հանձնաժողովի մեկ այլ անդամ՝ Խորեն Սարգսյանը, որն առաջարկեց հանձնաժողովին զբաղվել «27»-ի հետ առնչություն ունեցող երեք վկաներով՝ Հանրային հեռուստատեսության աշխատակից Տիգրան Նազարյանով, ԱԺ-ի նախկին բժշկուհի Ռոզա Հովհաննիսյանով եւ բուժքույր Նելլիով։ Բոլոր երեքն էլ 27-ից հետո մեկնել են ԱՄՆ եւ չեն վերադարձել։ Մասնավորապես Ռոզա Հովհաննիսյանի մասով քրգործից հետեւյալն է հայտնի. խորհրդարանի նիստերի դահլիճին հարող սրահի հերթապահ միլիցիոները իր ցուցմունքում նշել է, որ հոկտեմբերի 27-ին, կառավարության հարցուպատասխանից առաջ, Ռոզա Հովհաննիսյանը մոտեցել է միլիցիոներին եւ հետաքրքրվել՝ վարչապետը դահլիճո՞ւմ է, թե՞ ոչ։ Հետագայում նույն Ռոզա Հովհաննիսյանը ցուցմունք է տվել, թե ինքը Վազգեն Սարգսյանի հետ հեռավոր ազգակցական կապ ունի եւ անձնական հարցի համար է հետաքրքրվել վարչապետով (աղջկա ուսման հարցով)։ Ավելի ուշ, Վազգեն Սարգսյանի մայրը՝ տիկին Գրետան, կարծես թե չի հիշել, որ իրենք նման ազգական ունեն։ Վերադառնալով Խորեն Թռչունիչի բարձրացրած հարցին, ասենք, որ այն հետաքրքրեց հանձնաժողովի անդամներին, հատկապես Ֆիլարետ Բերիկյանին, որը, սովորության համաձայն, նախքան բուն գործից խոսելը, հոգու պարտքը համարեց անդրադառնալ իր իսկ կողմից չարչրկված հարցին. լրատվամիջոցներին։ Մի փոքր մտավոր էքսկուրս կատարելով իր սիրած ժանրում. ո՞վ է լրատվամիջոցներին փող տալիս եւ ինչո՞ւ (միտումնավոր չենք անդրադառնում ասածներին, որովհետեւ, անկեղծ ասած, պրն Բերիկյանը վաղուց կրկնվում է), պրն Բերիկյանն, ի վերջո, խիստ ռացիոնալ առաջարկ արեց այն մասին, որ հանձնաժողովը իրոք, պետք է ուսումնասիրի ԱԺ բժշկին եւ բժշկուհուն վերաբերող ցուցմունքները, եւ եթե իրոք նրանք կարեւոր են գործի համար, ապա «պահանջել նրանց բերման ենթարկել։ Իսկ եթե այդպիսի բան չկա, ապա այն մարդիկ, ովքեր անընդհատ այդպիսի բաներ են ասում, պետք է պատասխան տան էս հասարակության առաջ, թե ինչի համար են անընդհատ էդպիսի բաներ խոսում»։ Հիշեցնեմ, որ հանձնաժողովը դիմել էր համապատասխան պակասող որոշ փաստաթղթերի ստացման խնդրանքով։ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հանձնաժողովի նախագահ Վահագն Գրիգորյանին պատասխանել էր, թե իրենք կտեղավորվեն օրենքով սահմանված մեկամսյա ժամկետում եւ այդ շրջանակում հանձնաժողովին պատասխան կտրվի։ Ֆիլարետ Բերիկյանն իր հերթին մեկ այլ առաջարկ արեց, ասելով, թե հանձնաժողովը կարող է անվանական հրավիրել բոլոր այն «հայտնի անձնավորություններին», որոնց մասին «այս մեկ տարվա ընթացքում գիտենք մամուլից, մնացած բոլոր տեղերից»։ Բացատրեմ, որ խոսքը «27»-ի գործով նախկին մեղադրյալներ Ալեքսան Հարությունյանի, Հարություն Հարությունյանի, Մուշեղ Մովսիսյանի մասին է եւ այլ անձանց, ովքեր հարկ կհամարեն հանձնաժողովին ինչ-որ բան հաղորդել։ Հանձնաժողովի անդամներն ընդունեցին առաջարկը։ Բոլոր վերոնշյալ անձինք տարբեր առիթներով հայտարարել են, թե իրենց նկատմամբ տարբեր բռնարարքներ են կիրառվել։ Հանձնաժողովը որոշեց, որ կհրավիրեն, եթե չգան՝ մեղքն իրենց վիզը։ Ստեփան Զաքարյանը գտնում է, որ եթե այդ մարդիկ իրոք շահագրգիռ լինեին, պետք է վաղուց ներկայանային հանձնաժողովին։ Ստեփան Զաքարյանի կարծիքով, եթե դատախազությունը ուզեր ինչ-ինչ հարցեր քննել, ասենք, Ալեքսան Հարությունյանի մասով, այդ բանը կաներ նաեւ առանց հանձնաժողովի որոշման, իսկ եթե չի ուզում՝ ինչ օգուտ հրավիրել, ասենք, Ալեքսան Հարությունյանին, եւ հետո՝ արդյոք նա կգա՞ հանձնաժողով. «Հիմա էդ մարդիկ, նույն Ալիկ Հարությունյանը եւ մյուսները, եթե չեն ուզում, որ իրենց մասով հանձնաժողովը քննություն անցկացնի, արդյոք կգա՞ն հանձնաժողով»։ Ֆ. Բերիկյանի կարծիքով էլ՝ «չեն գա, բայց մենք բարոյական իրավունք կունենանք հասարակական կարծիքին ասել, որ ԱԺ-ի հանձնաժողովը ֆիքսել է, որ այսպիսի բաներ կատարվել են, հիմա էդ մարդիկ չեն ուզում բողոքել։ Թող հասարակությունը ռեալ իմանա, որ իրոք այդպես է, ամեն ինչ կոծկելով չպիտի գնա։ Չի ուզում բողոքի, թող վաղը չասի՝ ինձ հետ էսպես-էնպես։ Այ, դու ես թաքցրել»։ Կիմ Բալայանի պնդմամբ, իրավական տեսանկյունից բավական դժվար է ինչ-որ մարդկանց կանչել հանձնաժողով, որովհետեւ «եթե իրավապահ մարմիններն են կանչում (խոսքը ԱՄՆ-ում գտնվող երեք վկաների մասին է.- Մ. Ե.), ապա այդ ամբողջ ծախսերը պարտավոր են հատուցել։ Հիմա, մենք ինչպե՞ս ենք հրավիրում։ Եթե նույնիսկ, մի պահ ընդունենք, որ տվյալ անձնավորությունը պատրաստ է գալ, ցուցմունք տալ։ Հանձնաժողովը այդ ծախսերը վերցնո՞ւմ է իր վրա»։ Ֆ. Բերիկյանը պարզաբանեց, որ ինքն ընդամենը առաջարկել է ուսումնասիրել, եթե գտնեն, որ նրանց գալը կարեւոր է, կրկին կանդրադառնան։ Ի վերջո, հանձնաժողովը հենց դա էլ որոշեց՝ քրգործում առկա համապատասխան մասերն ուսումնասիրել եւ հետո միայն որոշում կայացնել։ Կիմ Բալայանը առաջարկ արեց, որ հանձնաժողովի անդամների՝ մեկուսարաններ այցելելու հարցին առավել օպտիմալ լուծում տրվի, կոնկրետացվի, թե ով ում հետ ուր է գնում։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել