Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վերքը տիրոջն է ցավ տալիս

Նոյեմբեր 29,2001 00:00

Վերքը տիրոջն է ցավ տալիս Հայաստանում բնակվում է 108.000 հաշմանդամ, որի 9%-ը երեխաներ են։ Հաշմանդամ երեխաների 33%-ն ունի մանկական ուղեղային կաթված, 7%-ը՝ էպիլեպսիա, 9%-ը՝ մտավոր թերզարգացում։ Այս խմբի կեսը բազմահաշմանդամ երեխաներ են, որոնք ունեն վերը նշված ախտորոշումները միաժամանակ։ Այս երեխաները հիմնականում չեն սպասարկում կամ դժվարանում են սպասարկել իրենց։ Նման երեխաներին սպասարկող կրթական հաստատությունները Հայաստանում ընդհանրապես բացակայում են։ Նրանց խնամում են հիմնականում մայրերը, որոնք դատապարտված են տարիներով տնային պայմաններում խնամել երեխաներին։ Հաշմանդամ երեխա ունեցող ընտանիքների 67%-ը բնակչության ամենաչքավոր խավն է կազմում։ Որպես կանոն, այդ ընտանիքներում ծնողները գործազուրկներ են, որոնք գոյատեւում են երեխայի ամսական 7 դոլար կազմող թոշակով։ Հայաստանում հաշմանդամ երեխաների կրթությունն իրականացվում է հանրակրթական, օժանդակ-հատուկ դպրոցներում եւ մանկատներում։ Դրանցում նման երեխաները լիարժեք չեն սպասարկվում, առավել եւս՝ բազմահաշմանդամները, որոնք ոչ միայն չեն կարողանում սպասարկել իրենց, այլեւ հաղորդակցվել շրջապատի հետ։ Հայաստանում հաշմանդամ երեխաների բավականին թերի սպասարկումը տարանջատված է վերականգնողական սպասարկումից։ Մինչդեռ, համաշխարհային փորձը եւ անգամ իրատեսությունը հաստատում են, որ կրթությունն ու վերականգնումը իրար լրացնող, օգնող գործընթացներ են, որոնք պետք է կիրառվեն միաժամանակ։ Տարբեր դռներ ծեծելուց եւ ձեռնունայն մնալուց հետո, սեփական երեխայի համար ապրելու պայմաններ ունենալու եւ ճակատագրի դաժան հարվածին դիմակայելու նպատակով 1995թ. ստեղծվեց հաշմանդամ երեխաների ծնողների «Աստղիկ» միությունը։ Հաշմանդամ երեխաների հետ շփվող յուրաքանչյուր ոք պետք է ունենա համբերություն, սեր, բարություն։ Իսկ այդ հատկանիշներով առավել քան օժտված են «Աստղիկ» միության անդամ-ծնողները։ Միությունը ստեղծման օրից տարբեր կրթավերականգնողական, սոցիալական, առողջապահական ծրագրեր է իրականացրել։ Վեց տարվա համառության ու հետեւողականության արդյունքում ՀՀ կառավարության 2001թ. նոյեմբերի 17-ի թիվ 1119 որոշմամբ ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության՝ Երեւանի Նորքի այգիներ թ. 180 հասցեում գտնվող «Նարինե» մանկական առողջապահական համալիրի գլխավոր մասնաշենքը 15 տարի ժամկետով հանձնվել է «Աստղիկի» անհատույց օգտագործմանը։ Խնդրի իրական նպատակին հասնելու համար մեծ գումարներ եւ աշխատանք է հարկավոր։ Բայց վեց տարվա համառությունից հետո արդեն ոչինչ սարսափելի չէ։ ՀԿ-ն իր նպատակի իրականացման համար կառավարությունից միջոցներ չի ուզում։ Նրանք հարմարվել են իրենց ուժերով խնդիրները լուծելուն։ «Վերքը տիրոջն է ցավ տալիս». նրանք էլ հասկացել են, որ կարող են եւ պետք է օգնեն իրենք իրենց։ Ու չեն պահանջում։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել