Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Շուրջ

Նոյեմբեր 29,2001 00:00

Երաժշտի հայացքով Շուրջ մեկ տարի երեւանյան հայտագրերը հրավիրում էին տարբեր համերգասրահներ՝ հանդիպումների, մրցույթների, փառատոների, գիտական կոնֆերանսների եւ, իհարկե, համերգների՝ նվիրված Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակման 1700-ամյակին։ Կոմպոզիտոր, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Սմբատյանին խնդրեցինք անդրադառնալ անցած մշակութային տարվան. «Մշակույթը մեր ժողովրդի անկապտելի հարստությունն է։ Հայերս համաշխարհային մշակույթի հետ երկխոսություն ենք վարում հավասարի իրավունքով։ Հոբելյանական այս տարին ասածիս ապացույցն էր։ Աշխարհում քրիստոնեությունը առաջինը պետական կրոն ընդունող ժողովրդին՝ մեզ, իրենց բարձրարվեստ կատարումներով շնորհավորելու եկան Միլանի «Լա Սկալա» օպերային թատրոնի երգչախումբը, նվագախումբը, արտիստները՝ մեծն Ռիկարդո Մուտիի գլխավորությամբ, աշխարհահռչակ Վլադիմիր Սպիվակովը՝ իր «Մոսկվայի վիրտուոզներ» եւ Ռուսաստանի Ազգային սիմֆոնիկ նվագախմբերի հետ։ Սփյուռքահայ երաժիշտների՝ Ժան Տեր-Մերկերյանի, Կոնստանդին Օրբելյանի, Լյուք Բաղդասարյանի, Ջեֆ Մանուկյանի, Չիլինկիրեան քառյակի եւ այլոց համերգները ապացուցեցին, որ Սփյուռքը, որպես հայկական հավաքականություն, կա եւ ապրում է հայրենիքի գոյությամբ։ Աշխարհահռչակ դաշնակահարներ Նիկոլայ Պետրովի, Անդրեյ Լյուբիմովի ելույթները մեր բեմում իսկական նվեր էին մեզ։ 1700-ամյակի տոնակատարության շրջանակներում անցան դասական երաժշտության, հոգեւոր երաժշտության, աշխարհի ժողովուրդների երաժշտության, դուդուկի միջազգային փառատոներ, որին մասնակցեցին արտերկրի ստեղծագործական կոլեկտիվներ ու անհատ կատարողներ։ Աշխարհն այսօր փակ սրահներից գնում է բացօթյա ամֆիթատրոններ։ Նպատակը մեկն է՝ ժողովրդի մեծ զանգվածներին հաղորդակից դարձնել մշակույթին։ Հին հայկական ճարտարապետության ամենահանրածանոթ հուշարձաններից մեկում՝ Զվարթնոց տաճարում ներկայացվեցին Դոնիցետտիի «Պողիկտոս» եւ Տիգրանյանի «Անուշ» օպերաները։ Բեմադրվեցին աշխարհահռչակ «Կարմենն» ու «Նորման»։ Անցկացվեցին երիտասարդ դաշնակահարների՝ «Հայաստանի ժառանգություն», ջութակահարների՝ «Hildegard Pabelick- Ientsch Preis», «Չիլինկիրեան» համահայկական միջազգային մրցույթները, որոնք բացահայտեցին հայ եւ սփյուռքահայ նոր, տաղանդավոր անուններ։ Հասկանալի պատճառով հնարավոր չէ անդրադառնալ յուրաքանչյուր համերգի, կատարողի, կազմակերպչի, հովանավորի ծավալած գործունեությանը։ Իսկ մենք՝ արվեստագետներս, գիտենք, որ ծառայությունը արվեստին, որի շնորհիվ դեռ քանի հոբելյաններ կնշենք, մասնակցություն է մեր ժողովրդի անանց արժեքների ստեղծմանը, ծանրագույն աշխատանք մտքի եւ հոգու բարձր ոլորտներում, ուստի եւ անսահման պարտավորեցնող։ Եվ ինքնամոռաց հանդգնություն է հարկավոր՝ շարունակելու այն, ինչը հասել է մեզ, քանի որ դրանք գլխապտույտ բարձրության են։ Իսկ մեր մեծերի ոգին մեզ համար վերելքի փարոս է։ Եվ բարձրանում ենք, ու պետք է բարձրանալ։ Որտեղ էլ սպառվեն մեր ուժերը, միեւնույն է, վերելքն այդ օրհնյալ է, քանի որ մեզանից հետո եկող մարդկանց կմնա նվաճված բարձրություն։ Այս հոբելյանական տարին եւս մեկ անգամ ապացուցեց՝ անտիկ քիչ ժողովուրդներ են հարատեւել, որ այսօր էլ համընթաց են արդի քաղաքակրթությանը, դրանց մեջ է հայ ժողովուրդը՝ մենք… Թեպետ 1700-ամյակի տոնակատարությունների պաշտոնապես վերջին ակորդը հանդիսացավ Վիվալդիի «Տիգրան» օպերայի կատարումը, սակայն, կարծում եմ, կշարունակվի մեզ մոտ այսքան հագեցած մշակութային կյանքը»։ ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել