Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հարցազրույց Անդրկարպատիայի հայ համայնքի «Արարատ» մշակութային ընկերության նախագահ Սերգեյ Նիկողոսյանի

Նոյեմբեր 29,2001 00:00

ԶՐՈՒՅՑ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ Հարցազրույց Անդրկարպատիայի հայ համայնքի «Արարատ» մշակութային ընկերության նախագահ Սերգեյ Նիկողոսյանի հետ -Սկսենք արմատներից։ -Նախնիներս Ղարսի Բասեն գավառից են։ Ուսումնասեր եւ բազմանդամ գերդաստանը ցեղասպանության արհավիրքի օրերին գաղթել է եւ բնակություն հաստատել Լոռու մարզի Ախթալա քաղաքատիպ ավանում, որտեղ ծնվել է հայրս, հետո էլ մենք։ Ես աշխատել եմ Ալավերդի քաղաքի եւ Ախթալայի դպրոցներում, ծառայել Հայաստանի Պետական անվտանգության կոմիտեում, ինչպես նաեւ՝ Ուկրաինայի ՊԱԿ-ում։ Զորացրված փոխգնդապետ եմ։ Ապրում եմ Անդրկարպատիայի մարզի Ուժգորոդ քաղաքում։ -Պատմեք Անդրկարպատիայի հայ համայնքի մասին։ -Հայկական գաղութը, ըստ ուկրաինական սկզբնաղբյուրների, սաղմնավորվել է 4-6-րդ դարերում։ Տարբեր ժամանակներում գաղութում գործել են հայկական տպարան, թատրոն, բարձրագույն դպրոցներ, եկեղեցի։ Ներկայումս հայերի թիվն Ուկրաինայում շուրջ 80 հազար է, Անդրկարպատիայի մարզում՝ 1000։ Ուկրաինայում գոյություն ունեն 14 հայկական համայնքներ մարզերում, Կիեւ եւ Սեւաստոպոլ քաղաքներում։ Համայնքներում գործում են կիրակնօրյա դպրոցներ, մանկապարտեզներ, գրադարաններ։ Միջոցներ են ձեռնարկվում ազգագրական խմբեր ստեղծելու ուղղությամբ։ Համայնքների ֆինանսավորումը կատարվում է համայնքի անդամների նվիրատվությունների շնորհիվ։ 1996թ. Անդրկարպատիայի հայ համայնքի որոշմամբ ստեղծվեց «Արարատ» մշակութային ընկերություն՝ իմ նախագահությամբ։ -Դուք ստեղծել եք լարային քառյակ, որի կազմում ոչ մի հայ չկա, բայց այդ քառյակը հնչեցնում է միայն կոմիտասյան մեղեդիներ։ -Քառյակը նվագում է Կոմիտաս։ Առաջին համերգը կայացավ 1998թ. ապրիլի 25-ին Անդրկարպատիայի ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում։ Համերգը Ուկրաինայի ժողովրդի առաջ բացեց հայ ժողովրդի հոգեւոր աշխարհի գանձերը։ Թողարկել ենք ձայներիզ, նկարահանել ֆիլմ՝ «ԾՏսՌՑՉՈ ՍՈՎվ254», որն արժանացել է միջազգային փառատոների դիպլոմների։ Քառյակը հաջողությամբ ելույթ է ունեցել եվրոպական քաղաքներում՝ ձեռք բերելով համաեվրոպական ճանաչում։ -Դուք Բուդապեշտի «Արարատ» երկլեզվյան թերթի թղթակիցն եք, Ուկրաինայի ժուռնալիստների միության անդամ, նաեւ՝ սցենարիստ։ Ի՞նչ աշխատանքներ են տարվում համայնքում։ -Տպագրել ենք գրքեր: «իՈՋչՌՑպ րՉպփՌ»՝ նվիրված գեղանկարչուհի Մալվինա Բալոգին, որը մինչեւ կյանքի վերջը սիրահարված մնաց իր երկրորդ հայրենիքին՝ Հայաստանին։ Պարույր Սեւակի մահվան 30-ամյակի առթիվ թարգմանել եւ հրատարակել ենք կարպատա- ռուտենյան լեզվով (թարգմանիչ՝ Վլադիմիր Ֆեդինիշինեց) «Երգ երգոցը», «Հայ-ռուս-ուկրաիներեն» բառարանը (հեղինակ՝ Ռուզան Վարդանյան)։ Պատրաստվում է տպագրության Անդրկարպատիայի համայնքին նվիրված գիրք, գրում եմ ինքս՝ տեղի համալսարանի պրոֆեսորների հետ համատեղ։ Նկարահանել ենք շուրջ 15 փաստավավերագրական ֆիլմ՝ նվիրված համայնքի հայազգի ներկայացուցիչներին։ Սցենարների հեղինակը ես եմ։ Այս ֆիլմերից երեքն արժանացել են միջազգային փառատոների դիպլոմների։ Կազմակերպել ենք բազմաթիվ նկարչական ցուցահանդեսներ։ 1999թ. հոկտեմբերին առաջին անգամ մարզի պատմության մեջ բացվեց հայկական կիրակնօրյա դպրոցը (տնօրեն՝ Ռուզան Վարդանյան)։ Հարյուրամյա հնամենի զանգի ղողանջների ներքո իմ նախնիները 19-րդ դարում Ղարսի նահանգի գավառներում սովորել են հայերեն, եւ այդ զանգը հնչում է մեր կիրակնօրյա դպրոցում։ Սաներից 8-ը չունի հայկական ծագում, բայց մեծ սիրով հաճախում է դպրոց։ Համաուկրաինական սեմինարի ժամանակ արժանացել է գովեստների, խրախուսանքների, համարվել լավագույնը հայկական դպրոցների մեջ։ Հանգամանքների ու աշխատանքի բերումով ընտանիքով հաստատվեցի Անդրկարպատիայի Ուժգորոդ քաղաքում, եւ հիմա անում ենք ամեն ինչ, որպեսզի Սփյուռքում հայը չկորցնի իր կերպարը, հարազատ մնա իր դարերի նկարագրին։ ԳԱՅԱՆԵ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել