Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Երեկ

Նոյեմբեր 29,2001 00:00

Ո՞ՒՐ ԵՎ ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՇՏԱՊՈՒՄ ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼՆԵՐԸ Երեկ «Հոկտեմբերի 27» քրգործի դատաքննության ժամանակ «ցուցմունքներ» տվեց ամբաստանյալ Կարեն Հունանյանը։ Կարեն Դեմիրճյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Աշոտ Սարգսյանը հանդես եկավ միջնորդությամբ։ Նա միջնորդեց, որ ամբաստանյալ Կարեն Հունանյանի ցուցմունքներ տալու ընթացքում դատական նիստերի դահլիճից հեռացվի ամբաստանյալ եղբայրը, քանի որ, ըստ փաստաբանի՝ «երեւում է, որ նա անվերապահորեն ենթարկվել է Ն. Հունանյանին» եւ, որ նրանց հարաբերություններին բնորոշ է «ենթակայի» հարաբերությունը։ Փաստաբանը հիշեցրեց, որ Կ. Հունանյանը բազմիցս նշել է, որ սպանությունները կատարել է եղբոր հանձնարարությամբ։ Թերեւս այս հարաբերությունների բացառիկությունն էր պատճառը, որ արվեց նման միջնորդություն։ «Համ էլ դրա սֆաթը չենք տեսնի»,- լսվեց դահլիճից։ Մի փոքր այլ էր Վ. Սարգսյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Ջանոյանի միջնորդությունը. նա էլ իբրեւ բացառիկ հանգամանք վկայակոչեց այն, որ «ավագ եղբայրը անառարկելի հեղինակություն» է Կ. Հունանյանի համար եւ միջնորդեց Կ. Հունանյանի ցուցմունքների ընթացքում դատական նիստերի դահլիճից դուրս բերել մյուս ամբաստանյալներին։ Ամբաստանյալ Ն. Հունանյանը դեմ արտահայտվելով տվյալ միջնորդություններին, ըստ էության, բացեց իր դատարանում մնալու պատճառը կամ անհրաժեշտությունը։ Նա նախ հարցրեց, թե ի՞նչ կաշկանդվածության կամ ազդեցության մասին է խոսքը եւ ապա ասաց, որ ինքը հետեւում է հոգեբանորեն, որ ինքը «ազդեցություն ունի բոլորի վրա։ Հակոբ Մարտիրոսյանին ես կառավարում եմ։ Հոգեբանորեն»։ Նա մեղադրեց դատավարությունն անհարկի ձգձգելու մեջ։ Նույն քնարի լարը ձգեց, ի դեպ, նրա պաշտպանը՝ Բենիամին Մինասյանը, որը «ամենօրյա ձգձգման» մասին փաստարկը ներկայացնելիս վկայակոչեց հեռուստատեսությունն ու մամուլը։ Նա դեմ արտահայտվեց միջնորդությանը։ Ապա եւ կանխատեսեց, որ «դատավարությունը կարող է չավարտվել 4 թվականին»։ Դատավոր Սամվել Ուզունյանն «արդարացավ». – Մենք դատավարությունը չենք ձգձգում եւ ոչ էլ արագացնում ենք։ Ամբաստանյալների պաշտպաններից Դերենիկ Բեջանովի պաշտպան Արարատ Բագրատունին էր, որ բացառեց որեւէ ազդեցություն, հայտարարելով. «Ն. Հունանյանը ոչ մի ազդեցություն չի կարող ունենալ իմ վրա»։ Մեղադրող Հակոբ Մարտիրոսյանը ասվածը համարեց ամբաստանյալի դատաքննության ժամանակ հայտարարած հնարամտությունների գործադրում, սադրանք, նաեւ՝ ցինիզմի դրսեւորում. «Ակնհայտ է, որ այս ամբաստանյալն իր ցինիկությամբ դուրս է եկել իր սահմաններից»։ Մեղադրող Արմեն Հարությունյանն էլ կոչ արեց ամբաստանյալներին՝ իրենց «ելույթներում» էթիկայի կանոնները պահել «չափի մեջ»։ Նա հակադրվեց տուժողների իրավահաջորդների շահերի ներկայացուցիչներին, միջնորդության կապակցությամբ, ասելով, որ «ներկա պահին այդպիսի բացառիկ հանգամանք ի հայտ չի եկել» եւ ի հայտ գալու ժամանակ իրենք հանդես կգան միջնորդությամբ՝ ամբաստանյալներին առանձնացնելու։ Նա առաջարկեց լսել Կ. Հունանյանին։ Դատարանը մերժեց միջնորդությունը եւ ամբաստանյալներն, ըստ էության, մնացին դահլիճում։ Լուսանկարելիս նկատեցի, թե ինչպես իրենց առաջին «հաղթանակը» ընդունեցին ամբաստանյալներից երկուսը. Դերենիկ Բեջանովն ու Էդիկ Գրիգորյանը կռացած… ժպտում էին։ Ի դեպ, դիմախաղային շատ ու շատ շարժեր նկատելի է լինում այն ժամանակ, երբ ոտքի վրա ենք հետեւում դատավարությանը, մնացած ժամանակ ամբաստանյալները տեսանելի չեն։ Իր ցուցմունքները տալիս Կ. Հունանյանի եւ Ն. Հունանյանի բառամթերքը, եթե համադրենք (չենք նշի նաեւ ցուցմունքների կառուցման ներքին տրամաբանությունը), ապա կարող ենք արձանագրել, որ կրտսեր եղբայրը կրկնում էր ավագին այս կերպ։ Ամեն մի նախադասությանը հավաստիության երանգ տալու համար Ն. Հունանյանը սիրում էր ասել. «Ես հստակ ասացի», նույնը անում է եւ Կ. Հունանյանը, նշելով. «Ես պարզ ասացի»։ Կամ Ն. Հունանյանն իր զարմանքն արտահայտում էր այս կերպ. «Հայերենով չասացի՞», եղբայրը՝ «մայրենիով չե՞մ ասում»։ Ն. Հունանյանը հոկտեմբերի 27-ը համարեց «ապստամբություն», Կ. Հունանյանը՝ «հեղափոխություն»։ Ընդ որում, Ն. Հունանյանը սիրում է ցանկացած երեւույթ վերլուծել «փուլային» տարբերակով, դրանից զերծ չմնաց եւ Կ. Հունանյանը։ Երեկ նա իրեն մեղավոր չճանաչեց։ Եվ ցուցմունքներ տալը զուգակցեց Սահմանադրությունից, ՄԱԿ-ի 1948թ. կոնվենցիայից տառացիորեն անկապ մեջբերումներ անելով։ Ի դեպ, ամբաստանյալ Ն. Հունանյանը, եթե հիշում եք, դատաքննության ժամանակ հայտնել էր, որ իրենք ԱԺ են գնացել՝ վարչապետի հրաժարականը պահանջելու։ Ամբաստանյալ Կ. Հունանյանն ավելի հեռուն գնաց. «Քանզի հոկտեմբերի 27-ին ԱԺ նիստերի դահլիճ եմ մուտք գործել ցեղասպան, ազգասպան, բռնապետ Վազգեն Սարգսյանին տապալելու, ՀՀ-ում ժամանակավոր կառավարության ստեղծման եւ ցեղասպանավարչապետությանը վերջ տալու համար»։ Նա չէր մոտենում մեղադրանքին եւ տուժողների ներկայացուցիչների առարկություններն ընդունում էր իբրեւ ճնշում։ Միայն 1 դրվագով մոտեցավ մեղադրանքին. նա հայտարարեց, որ ոչ Վռամ Գալստյանը, ոչ որեւէ մեկը Արմենակ Արմենակյանին չի ճանաչել, որ այդ պահերին իրենք եղել են դահլիճում եւ իրենք չեն կրակել… Ամբաստանյալի ոչ մի նախադասություն, եթե չօգտվի իր գրառումներից, չի ավարտվում, նախադասություններն անկապ են։ Թեեւ նա յուրաքանչյուր նախադասություն ավարտում է «որոշակի» բառը վկայակոչելով։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել