Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Արմենիա» հյուրանոցային համալիրի հարեւանությամբ գտնվող Ամիրյան 3 շենքի 1-ին մուտքի բնակիչների կարծիք

Նոյեմբեր 29,2001 00:00

«Արմենիան»՝ ընդդեմ Ամիրյան 3-ի «Արմենիա» հյուրանոցային համալիրի հարեւանությամբ գտնվող Ամիրյան 3 շենքի 1-ին մուտքի բնակիչների կարծիքով, հյուրանոցի շահագործման արդյունքում շրջակայքում ստեղծվել է աղետալի բնապահպանական վիճակ։ Այն առաջանում է դիզվառելիքով աշխատող կաթսայատան ծխի ու հովացնող սարքավորումների ձայնի հետեւանքով։ Փաստորեն, ապրում են ծանր արդյունաբերական օբյեկտի հարեւանությամբ։ Ըստ բնակիչների՝ այժմ էլ ռեստորանի խոհանոցի մասնաշենքի վրա՝ անմիջապես իրենց շենքի կողքին, իրականացվում են շինարարական աշխատանքներ (Կենտրոն թաղապետարանի կողմից տրված N23/35-223 շինթույլտվության համաձայն), ուր նախատեսված է տեղափոխել նկուղային հարկի կաթսայատունը՝ հովացնող սարքավորումներով։ Օրական 24 ժամ աշխատող կաթսայատունը, որ համարներում ապահովում է տաք ջրի առկայությունն ու հյուրանոցի ջեռուցումը, նաեւ այրված դիզվառելիքի ծուխ է առատորեն արձակում, ինչը, բնականաբար, պիտի մտահոգեր բնակչությանը։ Իսկ շենքի բակից ընդամենը 15-20մ հեռավորության վրա պահեստավորվում է անհրաժեշտ 5տ դիզվառելանյութը՝ իր պայթունավտանգ հանգամանքով մշտական լարվածության մեջ պահելով մարդկանց։ Մի քանի անգամ հրդեհ է բռնկվել ծխնելույզների անսարքության պատճառով, որի վերաբերյալ ՆԳՆ Հրշեջ պահպանության վարչությունը տվել է համապատասխան եզրակացություն՝ հյուրանոցի տնօրինությանն առաջարկելով՝ երկարացնել ծխնելույզները մինչեւ 30 մ։ Առկա են նաեւ Երեւանի գլխավոր սանիտարական բժշկի հետազոտությունների արդյունքները, որոնց համաձայն, Ամիրյան 3 շենքի շրջակայքում ազոտի երկօքսիդի քանակը գերազանցում է թույլատրելի նորման՝ կազմելով 0,10-0,18 խմ՝ 0,085 խմ-ի փոխարեն։ Սահմանված նորմայից բարձր է նաեւ հյուրանոցի օդափոխիչ-կոնդիցիոներային կայանի աղմուկը։ Այն հասնում է 41-51 դբա-ի՝ 30-ի փոխարեն։ Բնակիչներից տեղեկացանք նաեւ, որ «Արմենիայի» տնօրինությունը շենքի բակում գտնվող ավտոտնակների տերերին առաջարկել է 7,5 հազար ԱՄՆ դոլար՝ ավտոտնակների զբաղեցրած հատվածը ազատելու համար։ Սակայն վերջիններս միտումնավոր հրաժարվել էին «փեշքեշից», գիտակցելով դրանց «ստրատեգիական» նշանակությունը։ Քանի որ ավտոտնակների հանելուց հետո կընդարձակվեին պայթունավտանգ վառելիքի պահեստի եւ կաթսայատան սահմանները՝ ավելի մոտենալով բնակելի շենքին։ Ամիրյան 3 շենքի բնակիչների պնդմամբ՝ «Արմենիա» հյուրանոցային համալիրի ղեկավարությունը անգամ սպառնալիքի է վերածել ավտոտնակները հանելու վերաբերյալ իր պահանջը, չնայած այն բանին, որ ըստ քաղաքապետի 15.01.98թ. հ. 3 որոշման եւ հողամասի 30.01.98թ. հ. 11-98 գլխավոր հատակագծի, ավտոտնակների հատվածը գտնվում է համալիրի ճշտված տարածքների սահմաններից դուրս։ Բացի մաքուր օդից ու անդորրից՝ Ամիրյան 3 շենքի բնակիչները զրկված են նաեւ արեւի լույսից, քանի որ «Արմենիա-2» մասնաշենքը, որի տարածք պիտի տեղափոխվի կաթսայատունը, հատկապես ձմռան ամիսներին լրիվ փակում է արեւի մուտքը դեպի բնակարաններ։ «Արմենիա» հյուրանոցի արտաքին կապերի տնօրեն Արման Մանուկյանը հյուրանոցի եւ շինարարական աշխատանքների պատասխանատուների հետ խորհրդակցելուց հետո (վերջիններս տարբեր պատճառներով չկամեցան պարզաբանումներ տալ) մեզ տեղեկացրեց, որ իսկապես կաթսայատունը տեղադրված է եղել շենքի բակում, սակայն բնակիչների բողոքներից հետո տեղափոխվել է իրենց տարածք։ Հետո էլ իր առաջին մտքին հակասող մի ուրիշ միտք հայտնեց, թե ընդառաջելով բնակչության խնդրանքներին, վերազինվում եւ նորացվում է 1953-ից գործող հին կաթսայատունը։ Ապա նորից անդրադարձավ իր հայտնած առաջին տեղեկությանը, ավելացնելով, որ բոլոր շինարարական աշխատանքները կատարվում են այդ ստանդարտներին համապատասխան։ Իսկ եթե բնակիչներն ուզում են բողոքել, թող դիմեն թույլտվության հեղինակներին՝ քաղաքապետարան ու թաղապետարան, մանավանդ որ՝ «չարացած են ու արտասահմանցի ներդրողից ինչ-ինչ ակնկալիքներ ունեն»։ Միեւնույն է, իրականացվող շինարարությանը ոչ ոք բողոքներով խոչընդոտել չի կարող։ Ա. Մանուկյանը «Արմենիայի» տնօրինության անունից խոստացավ մինչեւ մյուս գարուն բնակիչներին ազատել ծխից ու աղմուկից, որովհետեւ «տեղադրվելու են նոր ֆիլտրեր եւ նոր սարքավորումներ»։ Ամիրյան 3 շենքի բնակիչները վստահ չեն, թե որքանով խոստումնապահ կլինի «Արմենիա» հյուրանոցային համալիրի ղեկավարությունը։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել