Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարար

Նոյեմբեր 29,2001 00:00

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆԵԼՈՒԿԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ Նախարար Զավեն Գեւորգյանը երեկ մամուլի ասուլիս էր հրավիրել գյուղատնտեսության բնագավառում «նկարված» 11,5% աճով հպարտանալու։ Բայց մինչեւ «նկարելը», «Հրավիրել բառը մի տեսակ… ճշտենք՝ (դիմելով մամլո քարտուղարին- Ա. Ու.) դուք ասացիք, որ բազմաթիվ զանգեր են լինում»։ Մի խոսքով, եթե այդքան կարեւոր է՝ գյուղատնտեսության աննախադեպ աճի վերաբերյալ լրագրողների հետաքրքրասիրությունը բավարարելու համար էր նախարարը եկել ասուլիսի։ Իսկ աճն, ինչպես խորհրդային տարիներին. «շուրջ 130 հազար տոննայով ավելի հացահատիկի բերք ենք ստացել, մոտ 20 հազար տոննայով ավելի կարտոֆիլ կունենանք, 220 հազար տոննայով ավելի կերեր են կուտակվել, քան նախորդ տարի»։ Ըստ գյուղնախարարի, հաջողությունները հատկապես առկա են՝ կապված հացահատիկի, կարտոֆիլի, անասնակերի, կաթի, ձվի հետ։ Վերջապես, երբ «հանրապետության նախագահը հանդիպեց պոլիտեխնիկականի ուսանողների հետ, նշեց, որ տնտեսության 3 բնագավառում աճ կա. շինարարություն, գյուղատնտեսություն, արդյունաբերություն»,- պա տմում է գյուղնախարարն ու որպես հիմնավորում հրամցնում այդ «հազարավոր» թվերը։ Իհարկե, «մսի գծով ցածրացում կա», բայց դա ոչ թե գյուղնախարարության պատճառով է, այլ «2000թ. խիստ երաշտի, մեծ թվով անասնակեր չկար, անասունները մորթեցին։ Հիմա այդ արհեստական մորթը կանգնել է»։ Հետաքրքիր է, որ անցած տարի, երբ խնդիրներ կային գյուղացիների եւ գյուղմթերքներ վերամշակող ձեռնարկությունների միջեւ, գյուղնախարար Զավեն Գեւորգյանը «ձեռքերը լվացած ուներ» այդ խնդրից։ Իսկ այժմ մեծ հաջողություն է համարում վերամշակող ձեռնարկությունների լավ աշխատանքը, նշելով, որ դրանք գյուղատնտեսության լոկոմոտիվն են. «2 տարի առաջ խոսում էինք, որ բերքը փչանում է, չեն ընդունում, այս տարի ընդհանրապես բողոք, աղմուկ չեղավ»։ Սրան «լուրջ նպաստեց ֆինանսական դոզան, որ տրվեց մեր միջոցով, եւ շրջանառու միջոցների ավելացման հաշվին այդ ձեռնարկությունները ոտքի կանգնեցին»։ Մնում է զայրանալ, թե այն ժամանակ ինչո՞ւ էր Զ. Գեւորգյանը համառում, ասելով, որ շուկայական հարաբերություններում գյուղնախն անելիք չունի 2 տնտեսվարողի միջեւ, որոնցից մեկն, այնուամենայնիվ, գյուղացին է։ Կամ եթե, իրոք, անելիք չունի, ինչո՞ւ է հավակնում հաջողության դափնիներին։ Մյուս կողմից, հայտնի է, որ գյուղատնտեսությունում գրեթե ամեն ինչ մասնավորեցված է, ուստի աճի մասին այս թվային տվյալները որտեղի՞ց է վերցրել նախարարը։ Լրագրողներից մեկի այս հարցին Զավեն Գեւորգյանը պատասխանեց, որ՝ վիճակագրական պետական ծառայությունից. «մեխանիզմը չգիտեմ, բայց նրանք են ներկայացնում»։ Նկատենք, որ Երեւանի կոնյակի գործարանի փորձագետները խաղողի բերքի վերաբերյալ բոլորովին այլ թիվ էին ներկայացնում, որը վկայում էր, որ խաղողի բերքը ուղիղ կիսով չափ պակաս է պետական մարմնի ներկայացրածից։ Բայց գիտեք, հեշտ է ասել. «Ես սիրում եմ հավատալ փաստերին, պետական վիճակագրական ծառայության տվյալներն ավելի ընդունելի են, քան իմ կամ մյուսի օպերատիվ տվյալները, չգիտեմ ինչ մեթոդով են հաշվում», ու առանց հիմնավորումների մի կողմ քաշվել, հատկապես, որ այդ «տվյալները» տնտեսական աճի մասին են վկայում ու ձեռնտու է դրան հավատալը։ Ավելի ճիշտ, հիմնավորում ներկայացվեց, բայց այնպիսին, որ եթե դրան հավատայինք, խորհրդային տարիների կենտրոնացված կարգով աճեցվածի չափ բերք պետք է ունենայինք։ Որն ընդամենը 100 հազար տոննա չէր, կեսն էլ սուտ։ Սա էլ մի կողմ։ Եթե այսպես աճում ու աճում է մեր (գյուղա)տնտեսությունը, ապա ինչո՞ւ բարեկեցության առումով դա չի անդրադառնում նաեւ գյուղացիների վրա կամ ինչո՞ւ բերքի գինը շուկայում չէժանացավ, կամ ինչո՞ւ շուկաներում բերքն ամեն անգամվա պես առատ չէր։ Սա ճիշտ նմանվում է արդեն պատմական դարձած «հայկական հանելուկին», երբ անընդհատ ասվում, ասվում է, որ ցուցանիշներն աճ են արձանագրել, իսկ մարդկանց կենսամակարդակն այդպես էլ չի բարձրանում։ Զավեն Գեւորգյանն այս հանելուկի վերաբերյալ իր հանելուկային բացատրությունն ունի. «Ժողովրդի ձեռը մի երկու կոպեկ ավել փող է խաղացել, որ կարողանում են թանկ գնով առնել»։ Իսկ կարտոֆիլի դեպքում, ըստ նրա, կարող է ընդամենը 5%-ի տարբերություն լինել. «վրացական մեքենաները շատ ուժեղ տանում են, վերամշակող ձեռնարկություններն ընդունում են, գյուղացին «տուպիկի» մեջ չի եւ սկսել է սակարկել»։ Մինչ այս բացատրությունը նախարարն ասաց. «Ընդհանրապես շուկայի հարցը լուրջ տնտեսագիտական վերլուծության նյութ պետք է դառնա, որը, ինչ խոսք, գյուղնախի ֆունկցիան չէ»։ Բացատրությունից պարզվում է, որ, իրոք, գյուղնախն այս վերլուծությունից ինչքան հեռու, այնքան իր օգուտն է։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել