ԱՆՊԱՏԱՍԽԱՆ «ԻՆՉՈՒ»-ՆԵՐ ՀԺԿ-ն խորհրդարանում ներկայացնող պատգամավոր Էմմա Խուդաբաշյանը «կողմ» էր քվեարկել Վանո Սիրադեղյանին պատգամավորական մանդատից զրկելուն, թեեւ ավելի վաղ հայտարարել էր, թե ներկա հանցագործ իշխանությունները չունեն նրան դատելու իրավունք։ Այժմ տիկին Խուդաբաշյանն ասաց. «Ես կողմնակից եմ, որ Վանո Սիրադեղյանը վերադառնա եւ տա բոլոր «ինչու»-ների պատասխանը։ Գուցե նա ասելի՞ք ունի։ Ես այս պատմության մեջ բազմաթիվ խառնաշփոթ բաներ եմ տեսնում։ Օրինակ, Ներքին զորքերի նախկին հրամանատար Վահան Հարությունյանը, որ կազմակերպել էր սպանությունները, այժմ ազատության մեջ է։ Հիմա, եթե Նաիրի Հունանյանն էլ վաղը հայտարարի, թե սպանությունը կատարելու հրաման իրեն տվել էր ինչ-որ մեկը եւ այդ մեկն էլ փախուստի մեջ է՝ Նաիրի Հունանյանը պիտի ազա՞տ արձակվի։ Ինձ սա շատ է հետաքրքրում»։ Էմմա Խուդաբաշյանը վերահաստատեց իր նախկին պնդումը. «Ես էլի եմ ասում, որ խորհրդարանը չուներ դատելու իրավունք։ Ազգային ժողովը դատավոր չէ եւ մեր գործը չէ նման բաները քննելը։ Բայց երբ հարցը որոշեցին վճռել բաց քվեարկությամբ՝ ես նպատակահարմար գտա «կողմ» քվեարկել»։ Նա սխալ համարեց անձի վերաբերյալ հարցը բաց քվեարկությամբ վճռելը. «Նման բան չէր եղել մեր խորհրդարանի պատմության մեջ։ Ե՛վ Շավարշ Քոչարյանի, ե՛ւ մյուսների հարցը վճռվել էր փակ, գաղտնի քվեարկությամբ»։ «Վանո Սիրադեղյանը պիտի իր մեջ ուժ գտնի եւ վերադառնա,- ասաց տիկին Խուդաբաշյանը։- Ի վերջո, եթե չվերադառնա՝ դեռ ինչքա՞ն պիտի ինքնակամ աքսորված մնա այս երկրից։ Թող գա, հստակ տա բոլոր հարցերի պատասխանները՝ ժողովուրդն էլ կիմանա, կլսի եւ կկայացնի իր վճիռը»։ Ա. Ի.