Ուրեմն ԺԴԿ-ն պետականամե՞տ է Այն էլ առանց ակնկալիքի՞ Նորաստեղծ ԺԴԿ-ն երեկ իր առաջին մամուլի ասուլիսը հրավիրեց։ ԺԴԿ-ն ստեղծվել է 65 հիմնադիրներով, այսօր ունի 27 տարածքային կազմակերպություն, 1250 անդամ, որոնցից մոտ 800-ը նախկին ՀԺԿ անդամներ են։ Կուսակցության վարչության նախագահ Գագիկ Ասլանյանն ունի հինգ տեղակալ։ Կուսակցությունը, ըստ Գ. Ասլանյանի, պայմանավորված չէ որեւէ անձով. «Համախմբվել են համախոհներ, ձեւակերպել ենք մեզ համար սկզբունքներ, որոնց տակ ստորագրեցինք 65 հիմնադիրներով եւ ստեղծեցինք ԺԴԿ-ն»։ Պարզապես սխալ կհասկացվի, եթե հենց այստեղ չշեշտվի, որ ԺԴԿ հիմնադիրների մի մասը չէր էլ կարող մտածել քաղաքականության մեջ մտնելու, քաղաքական դառնալու մասին, եթե 98-ին Կարեն Դեմիրճյանը մեծահոգաբար նրանց թույլ չտար, որ իր կողքին հայտնվեն։ Եթե չլիներ Կարեն Դեմիրճյանը, հիմա որտե՞ղ կլինեին նրանք…։ Այսօր ԺԴԿ-ից ոչ ոք չի ուզում հիշել այդ մասին եւ դեմքի լրջմիտ արտահայտությամբ փորձում են ապացուցել, թե իրենք սկզբունքային են եւ հավաքվել են սկզբունքի շուրջ։ Քավ լիցի, «սկզբունքային» քաղաքական գործիչների, ազգի դարդ ու ցավից գիշերները չքնող գործիչների պակաս էս հոգնած երկիրը չունի։ Թող ԺԴԿ-ն էլ լինի դրանցից մեկը։ Իսկ սկզբունքները, ինչպես միշտ, խիստ ծանրակշիռ են. ԺԴԿ-ն կենտրոնամետ եւ պետականամետ կուսակցություն է, ճշմարտության եւ արդարության, պատասխանատվության եւ կայունության կուսակցություն է։ Երբ որեւէ կուսակցություն, այն էլ նորաստեղծ, իրեն հայտարարում է կենտրոնամետ, պետականամետ եւ ասում է նաեւ, թե ինքը «Միասնություն» խմբակցության անդամության մասով կիսում է կառավարության գործունեության պատասխանատվությունը, ապա, դժվար չէ կռահել, որ տվյալ կուսակցությունը պետական կառավարման ապարատում աթոռների ակնկալիք ունի։ Ի՞նչ ակնկալիք ունի ԺԴԿ-ն, եւ եթե ունի ակնկալիք, ապա ինչո՞վ է բացատրում, որ ՀԺԿ-ից դուրս եկած եւ ԺԴԿ անդամ դարձած կրթության եւ գիտության փոխնախարարը վերջերս ազատվեց պաշտոնից։ Զբաղեցրած պաշտոնից ազատվեց նաեւ Արմավիրի մարզի փոստային բաժանմունքի պետը, որը, ըստ որոշ լուրերի, այդ պաշտոնին էր նշանակվել որպես ՀԺԿ անդամ, սակայն չզլացավ կուսակցությանը դավաճանել։ Նորաստեղծ պետականամետ կուսակցությունը չի՞ մտահոգվում այս փաստերից. «Ինչ վերաբերում է կրթության եւ գիտության փոխնախարար Ռոբերտ Զարգարյանին, պետք է ասեմ, որ դա կառավարության կողմից տարվող կառուցվածքային բարեփոխումների արդյունք էր, որը նախատեսում էր փոխնախարարների կրճատումներ։ Մենք սրանից չպետք է ինչ-որ քաղաքական հետեւություններ անենք, ոչ։ (…) Իսկ մարզային փոստի տնօրենին աշխատանքից ազատելու հարցում մեզ համար կարեւոր էր ոչ այնքան անձին աշխատանքից ազատելը, այլ այն կադրային քաղաքականությունը, որը տարվեց»։ «Առավոտի» հարցի պատասխանն ուզեց լրացնել նաեւ պատգամավոր Արայիկ Բադեյանը, որը հայտարարեց, թե ԺԴԿ հիմնադիրների մեջ կան շատ մարդիկ, որոնք բազմիցս հրաժարվել են նախարարական պաշտոններից դեռեւս այն ժամանակ, երբ ԺԴԿ-ի մեջ էլ չէին. «Հիմա էլ առաջարկներ կան գործադիր մարմիններում աշխատելու, բայց մենք դա ինքնանպատակ չենք տեսնում»։ Հավելենք, որ ոչինչ այս աշխարհում աննպատակ չէ, նույնիսկ եթե այդ նպատակը վատ քողարկված «ինքն» է։ Մ. Ե.