Լրահոս
Օրվա լրահոսը

Պնդում

Նոյեմբեր 29,2001 00:00

ԺՈՂՈՎՐԴԻՑ ԹԱՔՑՆՈՒՄ ԵՆ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ Պնդում է Շավարշ Քոչարյանը Սահմանադրական բարեփոխումների գործընթացը մտնում է բուռն զարգացումների շրջան։ Հրապարակում եղած Սահմանադրական բարեփոխումների երեք փաթեթներից երկուսը (ԱԺԿ-ինը՝ Շավարշ Քոչարյան, եւ ՀԿԿ-ինը) էական տարբերություն ունեն նախագահին առընթեր ներկայացված բարեփոխումների փաթեթից։ Առաջին երկուսը խորհրդարանական կառավարման կողմնակից են, մեկը՝ նախագահին կից տարբերակը, շարունակում է պնդել կիսանախագահական կառավարման համակարգի պահպանումը։ Շավարշ Քոչարյանը երեկ փորձեց ներկայացնել նախագահին առընթեր հանձնաժողովի պատրաստած բարեփոխումների փաթեթի թերությունները։ Ըստ Շավարշ Քոչարյանի, թեպետ Սահմանադրական բարեփոխումների նպատակը նախագահի լիազորությունների նվազեցումն էր, սակայն բուն տարբերակում ավելի են շատացել նախագահի լիազորությունները։ Շավարշ Քոչարյանի ասելով, թեպետ որոշ լիազորություններ իրոք կրճատվել են, սակայն ավելացել են եւս 18 նոր լիազորություններ։ Պրն Քոչարյանի կարծիքով, նախագահին առընթեր հանձնաժողովի ներկայացրած տարբերակը հրապարակային չի քննարկվում առաջին հերթին հենց այդ պատճառով. «Բացի դրանից, կան բազմաթիվ այլ թերություններ, խորը թերություններ, այսինքն՝ ոչ թե բարելավում է տեղի ունեցել, այլ՝ հակառակը։ Օրինակի համար. գործող Սահմանադրությամբ կառավարությունը կարող է ժողովրդի կողմից ընտրված համայնքի ղեկավարին անվստահություն հայտնել։ Բարեփոխումը բերել է նրան, որ կարելի է լուծարել նաեւ ամբողջ ավագանին։ Կամ՝ էլ ավելի կախյալ է դարձել դատական իշխանությունը։ Իհարկե, հիմա Արդարադատության խորհուրդը, ըստ էության, ղեկավարում է ոչ թե նախագահը, այլ՝ արդարադատության նախարարը։ Եվ տեսեք ի՞նչ է ստացվում, արդարադատության նախարարը կարող է պաշտոնից հեռացնել այս կամ այն դատավորին, առանց նույնիսկ տեղյակ պահելու Արդարադատության խորհրդին»։ «Կոպիտ» սխալների շարքը շարունակելով, պրն Քոչարյանն ասաց, որ հոդված 84-ում նշված է, թե ԱԺ-ն լուծարվելուց հետո իրավունք չունի անվստահություն հայտնել կառավարությանը. «շատ կներեք, այդպիսի դրույթ ամրագրելը…, այսինքն՝ ստացվում է՝ մեռած մարդն էլ շնչելու իրավունք չունի։ Եթե համեմատենք հոդված 23-ը եւ 43-ը, կտեսնենք, թե այդ երկու հոդվածից ի՞նչ է բխում. արդյոք «անձնական ընտանեկան կյանքին, կամ կյանքի գաղտնիության պահպանումը կարո՞ղ է վնաս պատճառել ուրիշի պատվին եւ բարի համբավին»։ Ըստ այս երկու հոդվածների, պարզվում է՝ կարող է»։ Շավարշ Քոչարյանը այս ամենն ասում է «ոչ թե նրա համար», որ ապացուցի, թե, իրոք, նախագահական նախագիծն ունի լուրջ թերություններ, այլ այն նպատակով, որ պետք չէ նախագծերը գաղտնի պահել, այլ՝ նմանատիպ թերությունները ի հայտ բերել բաց քննարկումներում, որպեսզի հեղինակները կարողանան շտկել. «Մենք ասում ենք, կա մի հարց, որտեղ կարելի է համաձայնության չգալ, դա կառավարման ձեւն է, բայց մեր խնդիրն այսօր այն է, որ երկու նախագծերը առավելագույնս բարելավվեն, որովհետեւ երկուսն էլ այս պարագայում հավանականություն ունեն դառնալ երկրի հիմնական օրենք»։ Սակայն արդեն ակնհայտ է, որ խորհրդարանական մեծամասնությունը «կողմ» է քվեարկելու հենց նախագահական տարբերակին։ Ի՞նչ է լինելու այդ ժամանակ։ Շավարշ Քոչարյանն ընդունում է, որ խնդիրը կա, ասում է, որ կա նաեւ դառը փորձը. «95-ին գործեց նույն թվաբանական մոտեցումը»։ Այսինքն՝ թվաբանորեն, օգտվելով իր հնարավորությունից, այն ժամանակ խորհրդարանը մերժեց մյուս տարբերակները, հավանություն տվեց մեկին, որը դրվեց հանրաքվեի, ժողովուրդը զրկվեց ընտրություն կատարելու հնարավորությունից. «Ըստ էության, ժողովուրդը «ոչ» ասաց Սահմանադրությանը, ամրագրվեց «այո» եւ առ այսօր այդ Սահմանադրությունը գործում է»։ Շավարշ Քոչարյանը գտնում է, որ եթե այսօր էլ գործի նույն թվաբանությունը, ինչպես 95-ին, ապա, «իհարկե, կան բոլոր հնարավորությունները, այդ սցենարը կրկնելու»։ Հակակշիռը կարող է լինել (ըստ Շ. Քոչարյանի) հասարակությունը, որը պետք է նախ իմանա առաջարկվող Սահմանադրություննների բովանդակությունը. «եւ պատահական չէ, որ նախագահի նախագիծը թաքցնում են ժողովրդից, չեն հրապարակում, չեն ցանկանում քննարկել։ Սա եւս հուշում է, որ ցանկություն կա կրկնել 95-ի սցենարը»։ Սահմանադրական հանրաքվեի դրվելիք տարբերակներից (եթե ընդունենք, որ երկու տարբերակ է դրվում հանրաքվեի) կանցնի այն տարբերակը, որը կհավաքի ընտրական ցուցակներում ընդգրկված քաղաքացիների 1/3-ի ձայները, իսկ դա մոտավորապես 730 հազար ձայն է։ Շ. Քոչարյանի պնդմամբ «սա բավականին լուրջ պատնեշ է, հաշվի առնելով մեր իրական վիճակը, այսինքն, բոլորս շատ լավ հասկանում ենք, որ ցուցակներում ընդգրկված ընտրյալների թիվը չի համապատասխանում ընտրողների իրական թվին»։ Սակայն Շ. Քոչարյանի ասելով՝ իրենց տրամաբանությունը մի քիչ այլ է։ Մոտավորապես այսպիսին՝ եթե 95-ի սցենարով հանրաքվեի դրվի Սահմանադրության որեւէ նախագիծ, որի կազմմանը ժողովուրդը մասնակից չի եղել, ապա «ինչո՞ւ ժողովուրդը պետք է գնա հանրաքվեի, չի գնալու, ինչո՞վ է նա շահագրգռված»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել