Լրահոս
Օրվա լրահոսը

ՇԱԽՄԱՏԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿՆԱՐԿԵՑ

Նոյեմբեր 28,2001 00:00

ՇԱԽՄԱՏԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿՆԱՐԿԵՑ Երեկ Մոսկվայի Կրեմլի համագումարների դահլիճի վեցերորդ հարկում մեկնարկեց ՖԻԴԵ-ի վարկածով աշխարհի տղամարդկանց եւ կանանց անհատական առաջնությունը։ Մրցանակային ֆոնդը 3 մլն դոլար է, որից 1,1 մլն-ը կհանձնվի եզրափակիչի մասնակիցներին։ Առաջնությունն անցկացվում է օլիմպիական մրցակարգով՝ սկսած 1/64 եզրափակիչից։ Սկզբում խաղացվում է երկու «դասական» պարտիա, այնուհետեւ, եթե հաղթողն ի հայտ չի եկել, 20 րոպեանոց (10 վրկ քայլի համար) երկուական պարտիա։ Եթե այդ դեպքում էլ հաղթողը չի որոշվում, շախմատիստներն անցկացնում են 5 րոպեանոց 2-ական պարտիա։ Այստեղ էլ հավասարություն գրանցվելու դեպքում կազմակերպվում է վճռական հանդիպումը, որում սպիտակներին տրվում է 6, սեւերին՝ 5 րոպե ժամանակ, ընդ որում, սպիտակները պարտավոր են հաղթել։ Եվ եթե այս անգամ էլ հաջողակը չի որոշվում, հաջորդ փուլն անցնում է սեւերով խաղացած շախմատիստը։ Տղամարդկանց եւ կանանց առաջնություններին, համապատասխանաբար, մասնակցում են 128 եւ 64 գրոսմայստերներ ու վարպետներ։ Նրանց մեջ են նաեւ մեր հանրապետության ներկայացուցիչները։ Տղամարդկանց 1/64-րդ փուլում Ռաֆայել Վահանյանի մրցակիցը ֆրանսիացի Սլիմ Բելկոժան էր, Սմբատ Լպուտյանինը՝ լեհ Միխալ Կրասենկովը, Կարեն Ասրյանինը՝ Իգոր Խենկինը (Գերմանիա), իսկ Աշոտ Անաստասյանինը՝ բելառուսցի Ալեքսեյ Ֆյոդորովը։ Կանանց պայքարում (նրանք սկսեցին 1/32 եզրափակիչից) Էլինա Դանիելյանն ուժերը չափեց ռուսաստանցի Տատյանա Շումիխինայի, իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ լեհուհի Մոնիկա Սոցկոյի հետ։ Ուշ երեկոյան առաջին տուրը դեռ ամբողջությամբ չէր ավարտվել։ Սակայն տեղեկացանք, որ Լպուտյանը հաղթել էր մրցակցին, իսկ Ասրյանը ոչ-ոքի էր խաղացել Խենկինի հետ։ Մեկնարկային տուրում միավորը Վադիմ Մալախատկոյի հետ բաժանել էր նաեւ Չեխիայի դրոշի ներքո հանդես եկող Սերգեյ Մովսիսյանը։ Ա. Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել