Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱՊՏԱԿՈՎ ՍՆՎԵԼՆ ՕԳՏԱԿԱՐ Է

Նոյեմբեր 28,2001 00:00

ԱՊՏԱԿՈՎ ՍՆՎԵԼՆ ՕԳՏԱԿԱՐ Է Օրերս Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ Հովհաննես Մելքոնյանի «Ոճիրի բուրգեր» երկհատոր պատմավեպի առաջին գրքի շնորհանդես-գինեձոնը։ «Ոճիրի բուրգերը» փաստագեղարվեստական երկ է, գրքերի շարք հայերի ցեղասպանության մասին՝ գրված փաստաթղթերի ու վավերագրերի անհերքելի շեշտով ու հայ, թուրք եւ այլ ազգերի ականատեսների վկայությունների շաղախով։ Այս առաջին գիրքը ենթախորագրված է՝ «Խոսեք, խորտակված նավեր»։ Հեղինակը նախաբանի բնաբան է դրել Ավ. Իսահակյանի հետեւյալ տողերը՝ «Երբ Հիսուս ասաց՝ «սիրիր թշնամուդ», այնժամ թուրքը չկար աշխարհում»։ Գրքում ներկայացված են դրվագներ ե՛ւ արեւելահայերեն, ե՛ւ արեւմտահայերեն։ Երկրորդ գրքի ենթախորագիրն է լինելու «Ոճիր եւ դատաստան»։ Շնորհանդեսն անցավ յուրահատուկ ձեւով. շնորհալի դերասանների մի փունջ՝ Վլադիմիր Աբաջյան, Արթուր Ութմազյան, Հովհաննես Բաբախանյան, Ռոբերտ Հարությունյան, Ռուբեն Կարապետյան, ներկայացրին գրքի համառոտ բովանդակությունը։ Այնուհետեւ շնորհավորական խոսք ասացին պատմական գիտությունների թեկնածու Արմեն Կարապետյանը եւ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Մուրադյանը։ Երեկոյի ավարտին բեմահարթակ դուրս եկավ հեղինակը՝ Հովհաննես Մելքոնյանը, եւ հանդիսատեսի բուռն ծափահարություններին ինքնատիպ արձագանքեց. «Ձեր ծափահարություններն ընդունում եմ իբրեւ ապտակ. ապտակով սնվելն օգտակար է»։ ՇՈՒՇԱՆ ԻՍՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել