Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԵՐԲ ԽՄԲԱԳԻՐՆ Է ԽԱԽՏՈՒՄ ԼԵԶՎԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԸ

Նոյեմբեր 28,2001 00:00

ԵՐԲ ԽՄԲԱԳԻՐՆ Է ԽԱԽՏՈՒՄ ԼԵԶՎԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԸ Նշված օրենքի մասնակի ու ներելի խախտում է Արամ Աբրահամյանի «Հետգրություն» հաղորդման լատիներեն «Փոսթ սքրիփթում» անվանումը «Ա1+»-ի եթերում։ Իսկ հայերենի դեմ մեղանչեց պրն Աբրահամյանը, երբ անցյալ շաբաթ նույն հաղորդման հյուր «Մանես ու Վալեքս» ընկերության եւ Ալավերդու պղնձաձուլարանի տնօրեն Վալերի Մեջլումյանի խնդրանքին ընդառաջելով զրույցը շարունակեց ռուսերենով։ Կրկնակի մեղանչեց, երբ սկսեց հարցերը թարգմանել ռուսերեն։ Չէ՞ որ պրն Մեջլումյանը խոսելու էր «շատ բարդ բաների մասին» եւ ռուսերենի հարուստ բառապաշարի օգնության կարիքն ուներ։ Խեղճ հայոց լեզու. ի՜նչ ոսկեղենիկ, ի՜նչ սքանչելի, եթե չունես կենսոլորտ, արտադրություն, ներդրում, արտանետում եւ այլ բարդ, գիտական, փիլիսոփայական, շուկայատնտեսական, բնապահպանական ոլորտների բառապաշար։ Որքան էլ Վահան Տերյանը պնդի, թե հին ու արքայական ես դու, որքան էլ Հայկազյան ու աճառյանական ու աղայանական բառարան էլ դու ունենաս, մեկ է՝ պրն Մեջլումյանը, որը ծնվել ու մեծացել է Լոռիում եւ 18 տարեկանից «չվել է» Ռուսաստան, այնտեղ խորթ մոր կաթ է ծծել, դարձել ռուսալեզու, չի տիրապետում քեզ՝ մայրենիին, ու մեր լեզուն աղքատ է թվում նրան։ Աստված իր հետ ու իրեն հարազատ ռուսերենի, որի դեմ, ի դեպ, ոչ մի թշնամություն չունենք։ Սակայն, պահանջելու պես խնդրում ենք, որ հայկական հեռուստաընկերությունները ավելի հոգատար ու սրտացավ վերաբերմունք ցուցաբերեն հայերենի նկատմամբ։ Ոչ միայն հարգեն «ՀՀ պետական լեզվի մասին» օրենքը, այլ նաեւ՝ ՀՀ քաղաքացիների ու հեռուստադիտողների իրավունքը, որոնք ցանկանում են իրենց սիրելի հաղորդումը լսել հայերեն։ Հաճախ անգթորեն ծաղրում ենք այն սփյուռքահայերին, որոնք հասկանալի (բայց ոչ արդարացի) պատճառներով չեն տիրապետում հայերենին, բայց ըմբռնումով ու ներողամտորեն ենք մոտենում Հայաստանում ծնված ու մեծացած ռուսախոսներին, մտածելով՝ դե ինչ անեն խեղճերը, ռուսական կրթություն ունեն։ Այդպիսի ներողամիտ վերաբերմունքի է արժանացել նախկին «ազգային», այժմ Հանրային հեռուստատեսության «Կայմ» ծրագրի «Սաբոտաժ» հեղինակային խումբը, որն ավելի «պրիստիժնի» է համարում հաղորդումը վարել ռուսերեն, հավանաբար կոծկելու համար իրենց հայերենի չիմացությունը։ Թեեւ համոզված են, որ բարձր արվեստի, հատկապես երաժշտության մասին հայերեն խոսելն անհնար է։ Թե իսկապես ինչ է մտածում Վահան Արծրունին, կարեւոր չէ, սակայն խոսքս վերջացնեմ հայտնի ասույթով. «Որքան լեզու գիտես՝ այնքան մարդ ես», թե մայրենիդ չգիտես (եւ հատկապես չես ցանկանում սովորել)… հայերենում համապատասխան արտահայտություն չեմ գտնում։ Գուցե ռուսերեն ավելի դիպուկ հնչի՝ «տի վաբշչե նիկտո»։ ՇԱՔԵ Ա.ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել