Լրահոս
Օրվա լրահոսը

«ՓԻՍ-ՓԻՍ» ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐ

Նոյեմբեր 28,2001 00:00

«ՓԻՍ-ՓԻՍ» ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐ Երեկ կայացավ ռուս-հայկական «Յունիբանկ» բանկի շնորհանդեսը, որի կանոնադրական կապիտալը կազմում է 5 մլն դոլար։ Իսկ ժապավենը կտրելու պատվին արժանացել էին ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը եւ «Յունիբանկի» խորհրդի նախագահ Վարդան Զախարյանը։ Արարողության երկրորդ փուլը, բնականաբար, շամպայնի ըմբոշխնումն էր, որից հետո ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը պատասխանեց լրագրողների հարցերին՝ նշելով, որ այսուհետ «ԿԲ-ի վերահսկողությունը կոշտ է լինելու վտանգավոր բանկերի նկատմամբ, որպեսզի ազգաբնակչությունը կարողանա համապատասխան հետեւություններ անել»։ Նոր բանկերի բացումը նա չկապեց բանկային համակարգի առողջ կամ հիվանդ լինելու հետ։ «Յունիբանկի»՝ իր կարծիքով, առավելություններին, ԿԲ-ի նախագահը հակադրեց «կասկածելի ու վտանգավոր գործառնություններ իրականացնող եւ հանցագործ ճանապարհով փող հայթայթելու հակում ունեցող» բանկերը։ Հետո էլ հայտարարեց, թե ամեն ինչի «մեղավորը» մեր բանկային համակարգի անցումային փուլին բնորոշ հիվանդություններն են։ «Փիս-փիս բաներ եք գրում»,- «Առավոտից» նեղացած նետեց Տ. Սարգսյանը, այնուամենայնիվ, պատասխանելով մեր հարցերին։ 2002թ. պետբյուջեով ԿԲ կապիտալ ծախսերի համար անհամեմատ ավելի մեծ գումար՝ 1,8 մլրդ դրամ նախատեսված լինելը նա մեկնաբանեց հետեւյալ կերպ. «Մեր գործունեությունն ընդլայնվում է, դրա համար էլ մեր եկամուտներն էլ են կտրուկ աճում։ Իսկ եթե ուզում ենք շատ եկամուտներ ստանալ, պիտի շատ գործողություններ ու ծախսեր կատարենք։ Մանավանդ որ, ծախսերն այդ առումով ամբողջությամբ արդարացված են»։ ԿԲ-ի՝ Ծաղկաձորում կառուցվող պահուստային բանկի շենքի մասին էլ հայտնեց, թե փորձելու են համապատասխան մարմինների հետ պարզել՝ ով է թույլ տալիս պետական գաղտնիքի հրապարակումը։ Նա զրպարտություն համարեց պահուստային բանկի վերին հարկերում հետագայում ռեստորաններ, սաունա եւ ժամանցի վայրեր լինելու մասին լուրերը։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել