Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Անհատական զբոսաշրջությունը ե՛ւ կա, ե՛ւ չկա

Նոյեմբեր 28,2001 00:00

Անհատական զբոսաշրջությունը ե՛ւ կա, ե՛ւ չկա Օրերս փորձեցինք ՀՀ վիճծառայությունից իմանալ, թե այս տարի ինչքա՞ն անհատ զբոսաշրջիկներ են այցելել Հայաստան եւ որքա՞ն է նրանց այցելությունից ստացված եկամուտը։ Սակայն չկարողացանք ստանալ այս հարցերի պատասխանները։ Բանն այն է, որ գրեթե անհնարին է ամբողջությամբ հաշվառել ԱԶ-ի եկամուտները։ Ասենք այդ եկամուտները չեն էլ կարող գոհացնել։ Չկան համապատասխան նախադրյալներ։ ԱԶ-ի ոչ ցանկալի արդյունքները մասամբ բացատրվում են նրանով, որ արտգործնախարարության կողմից տարիներով չեն փոփոխվել մուտքի վիզաների հատկացման կարգը եւ գնային քաղաքականությունը։ Անբավարար են նաեւ Հայաստանի հյուրանոցային պայմանները։ Իսկ ո՞ր զբոսաշրջիկին է ձեռնտու շրջագայել քանդված, խորդուբորդ ճանապարհներով։ Իսկ իրականում փոխադրվում են հենց նման ճանապարհներով։ Անհատ զբոսաշրջիկները հարկադրված կլինեն դեռ երկար ժամանակ տեղից տեղ փոխադրվել անբարեկարգ ուղիներով։ Մինչեւ հիմա երկու ծրագրերով (ԾԻԳ, տրանսպորտային) նորոգվել է նախատեսվածի 1/3-ը։ Զբոսաշրջիկներին վանում են նաեւ մեր երկրի քաղաքների փողոցների աղտեղությունները։ Այս առումով վիճակն անմխիթար է խոշոր քաղաքներում։ Այն տպավորությունն է ստեղծվում, որ թեեւ կատարվում են զգալի գործեր ԱԶ-ի գովազդի զարգացման համար, բայց չեն տալիս ցանկալի արդյունքներ։ Եվ չեն էլ տա։ ՀԶԶԱԳ-ին առայժմ դժվար թե հաջողվի արդյունավետ դարձնել զբոսաշրջության գովազդումը. գործակալությունը նոր-նոր է կատարում առաջին քայլերը։ Նաեւ նկատի առնենք, որ հիշյալ աշխատանքների մի մասը կատարվել է նախորդ տարիներին, իսկ լրատվամիջոցներով ԱԶ-ի գովազդումը հաճախ կազմակերպվում է տարերայնորեն։ Նկատենք, Հայաստանում քրիստոնեության 1700-ամյակի նշումը նպաստեց զբոսաշրջության աշխուժացմանը։ Այս տարի մեր երկիր է ժամանել 46180 զբոսաշրջիկ՝ անցյալ տարվա 31735-ի դիմաց։ Սակայն ոմանք երբեմն քրիստոնեության 1700-ամյակի տոնակատարության կազմակերպման հանձնաժողովի նպատակը շփոթում են զբոսաշրջության հետ եւ նույնիսկ փորձում են եկամուտներ ակնկալել հանձնաժողովի գործունեությունից։ Այնինչ, հանձնաժողովի գործունեությունը հետապնդում է քաղաքական, կրոնական, մշակութային, իսկ զբոսաշրջությունը՝ հիմնականում տնտեսական նպատակներ։ Այլ բան է, որ զբոսաշրջության ընդհանուր ծավալում դժվար է որոշել ԱԶ-ի բաժինը՝ համապատասխան մեթոդիկայի բացակայության պատճառով։ Նման պարագայում ստվերում են մնում հարկերի տեսքով պետբյուջե չմտնող վիթխարի միջոցներ։ Ինչեւէ, պետությունն ապահովելով ԱԶ-ի համեստ հոսք եւ վերջինիս խթանման սահմանափակ նախադրյալներ՝ գեթ չի նախատեսում ԱԶ-ի եկամուտների հաշվարկման տնտեսագիտական հստակ լծակներ։ Իսկ բյուջետային մուտքերի համալրումն անհնարին է առանց նման լծակների։ ԱՐԱՄԱՅԻՍ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել