Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Օպերային երգչուհի Սուսաննա Մարտիրոսյանի հետ հանդիպեցի Սանկտ Պետերբուրգ մեկնելու նախօրեին, որտեղ նա շ

Նոյեմբեր 28,2001 00:00

ՀԱՅ ԵՐԳՉՈՒՀԻՆ՝ ՌՈՒՍԱԿԱՆ ԲԵՄՈՒՄ Օպերային երգչուհի Սուսաննա Մարտիրոսյանի հետ հանդիպեցի Սանկտ Պետերբուրգ մեկնելու նախօրեին, որտեղ նա շուրջ 8 տարի երգում է Մարիինյան թատրոնում։ Թատերական շրջանը բացվելուն պես աշխուժանում է ստեղծագործական կոլեկտիվի աշխատանքը։ Սուսաննան, օրինակ, պատրաստում է Ամելիայի դերերգը «Պարահանդես-դիմակահանդեսում» եւ Տուրանդոտի դերերգը՝ «Տուրանդոտ» օպերային ներկայացման մեջ։ Նրա կատարումների խաղացանկը բավական ընդգրկուն է. «Տոսկա», «Աիդա», Գորիսլավա՝ «Ռուսլան եւ Լյուդմիլա» ներկայացման մեջ, մադամ Բատերֆլայի դերերգը՝ Պուչինիի համանուն օպերայում, Լիզա՝ «Պիկովայա դամայում», Օրտրուդա՝ «Լոենգրինում», Էրադիադա՝ «Սալոմեում» եւ այլն։ Մինչ Մարիինյան թատրոնում աշխատելը նա արդեն ուներ հարուստ ստեղծագործական փորձ. Հայաստանի օպերային թատրոնում էր երգել, 2 տարի ստաժավորում էր անցել Իտալիայում, ելույթներ էր ունեցել ՍՍՀՄ բազմաթիվ բեմերում, Ֆրանսիայում։ Մարիինյան թատրոն նրան հրավիրեց Վալերի Գերգիեւը, որտեղ Սուսաննան կատարումներով հանդես է գալիս համաշխարհային համբավ ունեցող երգիչների հետ։ – Դուք աշխատել եք երկու օպերային թատրոններում, ձեր ստեղծագործական փորձը հարստացե՞լ է Մարիինյան թատրոնում։ – Իմ կարծիքով, երաժշտավարի կոշտ կարգապահության պահանջը անհրաժեշտ է օպերային թատրոնում։ Երբ ես երգում էի Հայաստանի օպերային թատրոնում, այդ կարգապահությունը կար։ Երջանկահիշատակ Արամ Քաթանյանի հետ այնպես հիմնավոր էի պատրաստել Աիդայի դերերգը, որ երբ մի անգամ Մարիինյան թատրոնում հարկ եղավ փրկել ներկայացումը եւ մեկ օրվա ընթացքում ելույթ ունենալ, ես այն կատարեցի բավական հաջող, սահուն եւ հարթ։ Ամուր հիմք ես արդեն ունեի։ Ինչ վերաբերում է Մարիինյան թատրոնում ձեռք բերած փորձին, ապա պետք է ասեմ, որ միշտ ինչ-որ բան սովորում ես։ Այս թատրոնը դուրս է գալիս Արեւմուտք, հեռավոր արտասահման։ Տարեկան մի քանի անգամ հյուրախաղերով ելույթ ենք ունենում տարբեր երկրներում։ Իտալական օպերայի բեմադրման ժամանակ Վալերի Գերգիեւը հրավիրում է իտալացի կոնցերտմայստեր Կոուչին, եթե գերմանական օպերա է բեմականացվում՝ հրավիրվում է գերմանական օպերայի մասնագետ։ – Դերերի բաշխման ժամանակ հաշվի առնվո՞ւմ է ազգությունը։ – Այդ թատրոնում երգում են ուկրաինացիներ, թաթարներ, իսկ ինչո՞ւ հայուհին չպիտի այնտեղ երգի։ Ինչ-որ նախապատվություն գուցեեւ տրվում է Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիան ավարտածներին, բայց, այնուամենայնիվ, եթե դու պետք ես թատրոնին, համապատասխան ձայնային տվյալներ ունես, ապա անպայման կներգրավվես ներկայացումներում։ Ստեղծագործական կազմի յուրաքանչյուր երգիչ պատրաստում է իր դերերգը, անգործ ոչ ոք չի մնում։ – Դժվար չէ՞ դասավանդումը համատեղել ստեղծագործական աշխատանքի հետ, ո՞րն եք ավելի սիրով կատարում։ – Ինձ դուր է գալիս ե՛ւ մեկը, ե՛ւ մյուսը։ Քանի դեռ դու գործուն երգչուհի ես, գնահատում ես յուրաքանչյուր ելույթդ։ Իսկ դասավանդումը բարդ աշխատանք է։ 1992 թվականից ես Երեւանի կոնսերվատորիայի դոցենտ եմ։ Բայց ներկայիս պայմաններում դժվար չէ համատեղել մեկը մյուսի հետ, որովհետեւ ժամերը կրճատվել են։ Այժմ ես մի ասպիրանտ ունեմ՝ Ռուզաննա Ափինյանը, որը լավ ձայնային տվյալներ ունի, նրա հետ ես հույսեր եմ կապում։ Իմ մյուս ուսանողուհու՝ Անահիտ Կիրակոսյանի ուսուցմանը ես տրամադրել եմ 7 տարի, սակայն նա ինձ մոտ չավարտեց՝ պատճառն իմ Սանկտ Պետերբուրգ մեկնելն էր։ Այժմ Անահիտը բավական հաջող երգում է Հայաստանի օպերային թատրոնում։ Վոկալիստների մեծ հոսք է նկատվում Երեւանի կոնսերվատորիայում։ Կան եւ գեղեցիկ ձայներ։ Եթե մանրազնին ընտրություն կատարեն, վատ չի ստացվի, կադրերը աճում են։ – Կցանկանայի՞ք ընդմիշտ Սանկտ Պետերբուրգում մնալ։ – Հավանաբար՝ ոչ։ Նպատակս է, որ երեխաներս Հայաստանում մեծանան։ ԱԻԴԱ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել