Լրահոս
Օրվա լրահոսը

Այն, որ շահառու մաքսավորներից Հիսուս Քրիստոսն ինքն էլ էր իր օրում դժգոհ, այսօր էլ հասկանալի է, մինչդ

Նոյեմբեր 28,2001 00:00

Ծածկի գումարը «ծածկեցին» Այն, որ շահառու մաքսավորներից Հիսուս Քրիստոսն ինքն էլ էր իր օրում դժգոհ, այսօր էլ հասկանալի է, մինչդեռ նրա ծնունդից անցել է ավելի քան երկու հազար տարի, իսկ մաքսավորները նույնն են մնացել։ Հավանաբար՝ Փրկիչը նրանց այդպիսին էլ կտեսնի, եթե երկրորդ ու որերորդ անգամ էլ բարեհաճի վերադառնալ երկրային Գողգոթա։ Դրանում մեկ անգամ եւս ակնառու համոզվեցին Վրաստանի Ախալցխայի շրջանի Սխվիլիսի հայաբնակ գյուղի մեր հայրենակիցները, երբ սեպտեմբերի 26-ի լույս 27-ի գիշերով հատեցին հայ-վրացական սահմանը՝ Բավրայի մաքսակետով։ Գյուղի հավատացյալ կաթոլիկ համայնքը Հռոմի պապի իսկ հովանավորությամբ մի քանի ավտոբուսներով այդ օրը գալիս էր հանդիպելու Հռոմի պապին, տեսնելու մայրաքաղաքի նորաբաց Սբ. Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարը եւ մասնակցելու Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակի տոնակատարություններին։ Նրանց ուխտագնացությունն առաջնորդում էր գյուղի 19-րդ դարավերջին կառուցված ու անգամ կոմունիստական վարչակազմի օրոք մշտապես գործող եկեղեցու կաթոլիկ հովվապետ Էմանվել վարդապետ Դաբաղյանը։ Այդ հազարամյակների ընթացքում, եթե ավտոբուսների պարագան անտեսենք, նույնն են մնացել նաեւ ուխտավորները, հեռավոր ճամփորդության համար իրենց հետ վերցնելով հաց, պանիր ու սոխ (մանավանդ մեր օրերում)… Բայց հենց ավտոբուսների պարագան էր, որ ի տարբերություն մեզ, մաքսավորները չանտեսեցին։ Քութայիսից վարձված շքեղ ու հարմարավետ «Իկարուսները», որոնց վարձը, նորից նշենք, որ Վատիկանն էր տվել, մաքսավորների աչքը ծակեցին (իսկ ե՞րբ դրանք ծակ չեն եղել)։ Ո՛չ ուխտավորների թախանձանքները, ո՛չ վարդապետի հայրենափաստարկներն ու մրմունջը չներգործեցին Աստծո տեսքով ու պատկերով ստեղծված այդ մաքսավորների վրա։ Նրանց փաստարկն ավելի «զորեղ» էր. ճիշտ է, դուք հայեր եք, Ախալցխայից, բայց ավտոբուսները վրացական են՝ Քութայիսից… Իսկ ահա լավագույն ներգործություն ունեցավ կորզած 600 ԱՄՆ դոլարը, որը հանուն իր հոտի առաքելության ստիպված նրանց գրպանը դրեց վարդապետը։ Իսկ դա այն գումարի մեծ մասն էր, որը բարեպաշտ ու բարերար կրոնավորը վերցրել էր եկեղեցուն կից իր կողմից գյուղում կառուցված հիվանդանոց, հյուրանոց, մանկակրթական ծառայելիք շինության ծածկի համար Երեւանում շինանյութ ձեռք բերելու նպատակով։ Դե, եթե այդ մաքսավորները որեւէ պետության ծառայելիս լինեին, այս փաստերի համադրմամբ՝ այդ պետությունը, իրերն ու երեւույթներն իրենց անունով կոչելով, նրանց խստագույնս կպատժեր։ Բայց, ցավոք, այդպիսի պետություն չկա, իսկ նրանք ծառայում են իրենց գրպանին ու տերերին։ Ուխտավորներից լսեց ու գրի առավ ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆԸ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել