Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես

Նոյեմբեր 28,2001 00:00

ՕԳՆԵՔ՝ ԳՏՆԵՆՔ «Ես միշտ մտածել եմ, որ մարդ կարող է տանել ամեն ծանրություն։ Հիմա էլ եմ այդպես կարծում։ Բայց հիմա ես իմ հաշմանդամ երեխայի հետ առանց տանիքի եւ փողի եմ մնացել, քնում ենք բաց երկնքի տակ։ Եվ պատկերացնում եմ, թե գնալով մեր վիճակն ինչքան կարող է վատանալ»,- Հայկական միջազգային ամսագրի (AIM) թղթակցին ասել է Ամերիկյան համալսարանի շրջակա այգում, ծառերի ու թփերի մեջ իր ապաստանը գտած 48-ամյա Ռուզաննան։ AIM-ը 2001թ. հոկտեմբերի իր համարում ընդարձակ հոդված է տպագրել նրա եւ նրա 5-ամյա որդու՝ Գեւորգի մասին։ Վերջինս մեկ տարեկանում վնասել է ոտքերի նյարդերը եւ այժմ գրեթե չի կարողանում շարժել ոտքերը։ Հանդեսում մանրամասն պատմվում է, թե անձնական ինչ ձախորդությունների եւ պետության, այսպես կոչված, անցումային փուլի ինչ դժվարությունների արդյունքում է բարձրագույն կրթություն եւ սեփական բնակարան ունեցող կինը իր հաշմանդամ երեխայի հետ հայտնվել փողոցում, ինչպես է փաստաթղթերի գողության արդյունքում զրկվել նաեւ պետության 16 դոլարանոց աջակցությունից (7.800 դրամ ընտանեկան նպաստ)։ Երկու օր առաջ «Առավոտի» խմբագրություն էին այցելել AIM-ի աշխատակիցներից՝ պատմելու, թե ինչ արձագանք է գտել վերոնշյալ հոդվածը արտերկրի մեր հայրենակիցների շրջանում։ Որոշ մեծահարուստ բաժանորդներ դիմել են ամսագրին՝ Ռուզաննային եւ Գեւորգին աջակցելու պատրաստակամությամբ։ Ոմանք նույնիսկ առաջարկել են բնակարան ձեռք բերել նրանց համար։ Սակայն, մինչ հոդվածը կտպագրվեր AIM-ում եւ կհասներ բաժանորդներին, անցել են ամռան եւ աշնան տաք ամիսները։ Այդ ընթացքում ցերեկները պատսպարվելով Ամերիկյան համալսարանի շրջակայքում, գիշերները՝ ավտոկայանում, մայր ու որդի գոյատեւել են։ Այժմ, երբ հույսի ինչ-որ շող, ավելին՝ օգնության ռեալ հնարավորություն է բացվում, Ռուզաննան եւ Գեւորգն անհետացել են իրենց սովորական «իջեւանատեղից»։ Ենթադրելի է, որ նրանք ինչ-որ ծածկ են գտել, բայց ի՞նչ ծածկ, որտե՞ղ, հայտնի չէ։ Այժմ AIM-ի աշխատակազմը (հիմա՝ նաեւ «Առավոտինը») անհանգստացած է, որ անտուն ընտանիքը կարող է զրկվել մի այդպիսի բացառիկ հնարավորությունից՝ միայն այն պատճառով, որ ոչ ոք չգիտե նրանց գտնվելու վայրը։ Մեզ մի ուրիշ խնդիր էլ է անհանգստացնում։ Զրկվելով բոլոր փաստաթղթերից, Ռուզաննային դադարել են վճարել նաեւ ընտանեկան նպաստը։ Սա ամենահեշտ ճանապարհն է մարդուն սեփական անփութության համար պատժելու համար. անձնագիր չունես, ուրեմն գոյություն չունես, հետեւաբար եւ՝ օգնության կարիք չունես։ Այսինքն, մարդը դադարում է իր օգնության հետեւից գնալ ու դրանով մտահոգվելու փոխարեն այդ օգնություն տրամադրողները երեւի ուրախանում են. հիմա մեկ ուրիշին խցկելու փոխարեն՝ հանգիստ կտեղավորվեն ցուցակներում։ Փողոցում էլ այս ընտանիքին, եթե նույնիսկ նկատել են, ապա առնվազն սրճարանի տերը, որն, ինչպես վերոնշյալ հոդվածում է պատմվում, հաճախ արգելել է Ռուզաննային՝ իր տարածքով քշել-տանել Գեւորգի կոտրատված սայլակը։ Մյուսները՝ հեչ։ Մենք AIM- ից փորձեցինք ճշտել, արդյո՞ք մեր պետական մարմիններից հետաքրքրվել են այդ հոդվածի հերոսներով։ Պարզվեց՝ ոչ. միայն արտերկրի անհատ բաժանորդներ։ Զարմանալու շատ բան չկա. մեր շուրջն այնքան շատ են անտուն, թափառական մարդիկ. «խեղճ» պետական մարմիները ո՞ր մեկով հետաքրքրվեն, ո՞ր մեկին նպաստ տան։ Իսկ Ռուզաննայով արժե թերեւս հետաքրքրվել, նա այն քիչ տնանկներից է, որ չի շահարկել իր երեխայի հաշմվածությունը եւ նրան մուրալու չի դրդել։ Սնվում են նրանով, ինչ մարդիկ տալիս են։ Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ Հ. Գ. Նկարում պատկերված մայր ու որդու մասին որեւէ տեղեկություն ունեցողին խնդրում ենք զանգահարել 53-36-99 հեռախոսահամարով՝ AIM-ի խմբագրություն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել