ԴԱՍԱԿԱՆ ԵՐԵՍՊԱՇՏՈՒԹՅՈՒՆ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն՝ կապված էներգետիկայի ոլորտի պրոբլեմային խնդիրների հետ: Խորհրդակցությանը հրավիրվել էին շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարները: Դեռեւս հոկտեմբեր ամսին էներգետիկայի նախարարությունում անցկացրած խորհրդակցության ընթացքում անդրադառնալով էլեկտրաէներգիայի դիմաց վարձավճարների հավաքագրման ընթացքում ծագող խնդիրներին, հանրապետության նախագահը հանձնարարել էր կազմել վճարումներից խուսափողների ցանկը: Պարտքեր կուտակածների թվում կան տարբեր ոլորտների պաշտոնատար անձինք: Նախագահը նշել է, որ նրանց նկատմամբ վերաբերմունքը հատկապես խիստ է լինելու: Ընդգծելով, որ սոցիալապես անապահով խավը հիմնականում կատարում է վճարումները, Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ պարտքեր կուտակողները մարդիկ են, ովքեր հնարավորություն ունեն վճարել: Նա համապատասխան մարմիններին հանձնարարել է խստագույն միջոցներ ձեռնարկել բոլոր չվճարողների նկատմամբ, անկախ նրանց զբաղեցրած պաշտոնից՝ անջատելով էլեկտրական հոսանքի մատակարարումը: Նախագահը շեշտել է, որ չի հանդուրժելու նման երեւույթները: «Համակարգը պետք է զերծ լինի ցանկացած ոտնձգությունից, եւ որեւէ մեկը իրեն չպետք է զգա արտոնյալ վիճակում»,- ասել է նա: Ռոբերտ Քոչարյանը խորհրդակցության մասնակիցներին հանձնարարել է միջոցներ ձեռնարկել հնգօրյա ժամկետում մարելու բոլոր պարտքերը, իսկ էներգետիկայի նախարարին՝ զեկուցել արդյունքների մասին: ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ Իրականում նախագահը, մեղմ ասած, անկեղծ չէ, որովհետեւ շատ լավ գիտի, թե ովքեր են այն մարդիկ, որոնք չեն վճարում էլեկտրաէներգիայի (եւ, ի դեպ, գազի) դիմաց: Դրանք իր՝ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հովանավորությունը վայելող նոմենկլատուրային բիզնեսմեններն են, որոնց նախագահը դժվար թե կարողանա կարգի հրավիրել: Այնպես որ «բռունցքը տղամարդավարի սեղանին խփելը», ամենայն հավանականությամբ, թատերական ներկայացում է: