Լրահոս
Օրվա լրահոսը

Նաջարյանը փոշմանե՞լ է

Նոյեմբեր 28,2001 00:00

Նաջարյանը փոշմանե՞լ է Հավանաբար, քչերն էին ենթադրում, որ վաղ թե ուշ Վրաստանը ստիպված է լինելու հաշվի նստել այդ երկրում իր ազդեցությունը կորցրած Ռուսաստանի հետ: Թվում էր, Վրաստանը վերջնականապես կողմնորոշվել է Արեւմուտք-Ռուսաստան դժվարին երկընտրանքի հարցում՝ միանշանակորեն ընտրելով Արեւմուտքը: Իբրեւ ապացույց, մասնավորապես Վրաստանի ներքաղաքական վայրիվերումների ընթացքում, այդ երկրի նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն հայտարարել էր, թե Վրաստանը նույնիսկ մտադիր է դադարեցնել համագործակցությունը ԱՊՀ շրջանակներում: Սակայն, ինչպես Հայաստանում, Վրաստանում էլ երկրի իշխանությունները երբեմն ստիպված են նույնիսկ իրենց կամքին հակառակ հաշվի նստել այն իրականության հետ, որը ժամանակ առ ժամանակ փոփոխվում է աշխարհաքաղաքական ընդհանուր պրոցեսների ֆոնի վրա՝ հանկարծակիի բերելով այդ երկրներին ու խառնելով նրանց խաղաթղթերը: Այսպես, ԱՊՀ-ի հետ իր հարաբերությունները խզելու մասին Վրաստանի նախագահի հայտարարությունները շուտով նախագահն ինքը ստիպված եղավ սրբագրել: Նոյեմբերի 26-ին նա հայտարարեց, թե ԱՊՀ համագործակցության շրջանակներում Վրաստանի համագործակցությունը «դեռեւս իր իմաստն ու հեռանկարը չի կորցրել», ուստի ինքը նոյեմբերի 30-ին կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու ԽՍՀՄ նախկին հանրապետությունների միության 10-ամյակին նվիրված Համագործակցության անդամ երկրների ղեկավարների վեհաժողովին: Ու, թեեւ Վրաստանի նախագահի խոստովանությամբ, այդ հանդիպումից կուտակված բոլոր հիմնահարցերը լուծելու առանձնակի ակնկալիքներ չկան, այդուհանդերձ, «բարեկամների հետ երկխոսությունն անհրաժեշտ է»: Անդրադառնալով այդ փաստին, ռուսական մամուլը, ինչպես բոլոր այն դեպքերում, երբ սկսում է ծաղրել Ռուսաստանի դեմ ծնկի իջած երկրներին ու նրանց իշխանություններին, այս անգամ եւս նույն ոճով հեգնում է, թե Վրաստանում ստեղծված ճգնաժամը այդ երկրի նախագահին ստիպեց օժանդակություն փնտրել Վրաստանի սահմաններից դուրս՝ ընտրություն կատարելով ԱՄՆ-ի կամ Ռուսաստանի միջեւ: «Սակայն Ամերիկան զբաղված է Աֆղանստանում ընթացող հակաահաբեկչական գործողություններով եւ սեփական տնտեսական հիմնահարցերը լուծելով եւ Շեւարդնաձեին ուշադրություն դարձնելու ժամանակ չունի, իսկ Վլադիմիր Պուտինը բավարարվեց հայտարարությամբ, թե ուշադրությամբ հետեւում է Վրաստանում ծավալվող իրադարձություններին: Կրեմլին ավելի շուտ հետաքրքրում են Շեւարդնաձեի փոխարինողի որոնումները, որը կկողմնորոշվի ոչ թե դեպի Արեւմուտք, այլ՝ Ռուսաստան,-գրում է «Ուտրո Ռուն» եւ ավելացնում,- միայնակ մնալով վրաց նախագահը ստիպված է անձամբ գնալ Մոսկվա՝ խնդրելու Կրեմլի աջակցությունը: Պատահական չէ, որ նա վերջին շրջանում ավելի հաճախ է խոսում Պուտինի հետ հանդիպման անհրաժեշտության մասին, առավել եւս, որ քննարկման արժանի շատ հարցեր են կուտակվել»: Ն. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել