Մի օր ժողովուրդն էլ կորոշի, որ իր դեմ խաղ չկա «Հայոց տուն» հայրենասիրական միության նախագահ Վարդան Պետրոսյանը 2001թ. հոկտեմբերի 22-ին դիմել էր ՀՀ Գլխավոր դատախազությանը՝ պահանջելով քրեական գործ հարուցել նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ: Հիմք էր ընդունվել վերջինիս թույլ տված ինչպես Սահմանադրության, այնպես էլ օրենսդրության ոտնահարման բազմաթիվ փաստերը: Իբրեւ այդպիսիք «Հայոց տունը» թվարկել էր 1998-ին Ռ.Քոչարյանի թեկնածության առաջադրումը ՀՀ նախագահի պաշտոնում այն դեպքում, երբ դրա համար օրենքով պահանջվում էր վերջին 10 տարում լինել ՀՀ բնակիչ եւ որով, ըստ Վ.Պետրոսյանի, նախագահը ոտնահարել էր ՀՀ Քրեական օրենսգրքի 59 հոդվածը եւ Սահմանադրությունը՝ որտեղ նման արարքը որակվում է՝ առաջին դեպքում, հայրենիքի, երկրորդ դեպքում՝ պետական դավաճանություն: Իր հիշյալ դիմումում Վ.Պետրոսյանը նշել է նաեւ նախագահի թույլ տված այն օրինախախտումները, որոնք տեղի են ունեցել 98-99թթ.: Այսպես, 98-ի հունիս եւ դեկտեմբեր ամիսներին երկրի նախագահը խախտելով Սահմանադրության եւ անտեսելով պատգամավորների պահանջները՝ այդպես էլ արտահերթ նստաշրջաններ չէր հրավիրել, իսկ 99-ի հոկտեմբերի 18-ին առանձին համայնքներում կամայականորեն հետաձգել էր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները՝ չունենալով դրա իրավունքը: Անցնելով 2000-ին նախագահ Քոչարյանի կողմից օրենքի եւ Սահմանադրության ոտնահարման դեպքերի թվարկմանը, Վ.Պետրոսյանը մատնանշել էր վերջինիս՝ առանց վարչապետի առաջարկության եւ գիտության, ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնանկության մասին հակասահմանադրական հրամանագիրը: Դարձյալ 2000-ին, արդեն օգոստոս ամսին նախագահ Քոչարյանը վավերացրել էր Սահմանադրության հոդված 62-ի խախտմամբ ընդունված՝ «Էլեկտրական բաշխիչ ցանցերի մասնավորեցման մասին», օրենքը՝ խախտելով Սահմանադրության 55 եւ 62 հոդվածները: ՀՀ Գլխավոր դատախազությանն ուղղված նրա դիմումում, «27»-ին եւ նախագահի պատասխանատվությանն առնչվող հատվածում, ըստ պարոն Պետրոսյանի, Ռ.Քոչարյանին ուղղված ամենակնհայտ մեղադրանքն այն է, որ ոչ լեգիտիմ նախագահի պաշտոնավարության ընթացքում երկրում ստեղծվել է ահաբեկչության, անօրինականության, անպատժելիության եւ հովանավորչության մթնոլորտ, որը հնարավոր է դարձրել «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործությունը: Ավելին, Վ.Պետրոսյանը պնդում է, թե նախագահ Քոչարյանը՝ զբաղեցնելով երկրի նախագահի պաշտոնը եւ չարաշահելով իր զբաղեցրած դիրքը՝ խոչընդոտել է գործի անաչառ քննությանը եւ ճշմարտության լիակատար բացահայտմանը, ինչով նպաստել է հանցագործության պարտակմանը, իր հայտարարություններով միջամտել գործի քննությանը: Այս ոգով Վ.Պետրոսյանը ՀՀ Գլխավոր դատախազությանն ուղղված իր դիմումում մատնանշել է նաեւ Ռ.Քոչարյանի թույլ տված օրենքի եւ Սահմանադրության ոտնահարման 7 փաստ: Հիշյալ դիմումին ի պատասխան, նոյեմբերի 20-ին ՀՀ Գլխավոր դատախազությունը «Հայոց տուն» միության նախագահին տեղյակ է պահել, թե 2000թ. հունիսի 30-ին «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի եւ մյուսների նույնաբովանդակ հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Նույն թվականի օգոստոսին այդ որոշումը հաստատվել է նաեւ վերաքննիչ դատարանի որոշմամբ, իսկ որոշման դեմ բերված բողոքը թողնվել է առանց բավարարման: Ավելին, Գլխավոր դատախազությունը պարոն Պետրոսյանին տեղեկացրել է, թե 98թ. նախագահի կողմից արտահերթ նստաշրջաններ չհրավիրելու, ինչպես նաեւ հրամանագրերի եւ կարգադրությունների օրինականության հարցերի քննարկումը դատախազության լիազորությունների շրջանակից դուրս է: Ինչ վերաբերում է ԲԷՑ-երի մասնավորեցման օրենքի ստորագրմանն ու հրապարակմանը, ապա Գլխավոր դատախազությունը հիշեցրել է, որ նույն հարցի առնչությամբ պատգամավորներ Ստեփան Զաքարյանի եւ Արշակ Սադոյանի դիմումի հիման վրա 2001-ի սեպտեմբերի 10-ին, հանցադեպի բացակայության պատճառաբանությամբ, դարձյալ մերժվել է քրեական գործի հարուցումը: Մի խոսքով դատախազությունն արձանագրել է, որ Քոչարյանի օրոք Քոչարյանի դեմ խաղ չկա: Մնում է, որ մեր ժողովուրդը Գլխավոր դատախազության այդ խոստովանություններից հետո համապատասխան եզրակացությունների հանգի եւ որոշի՝ իսկ իր դեմ խաղ կա՞: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ