ԷՍՕՐ ԼԱՎ ՉԷ, ՀԱՆՑ ՎՈՒՐ ԷՐԵԿ Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության հասարակական խորհրդի նիստում երեկ լսվեց զեկույց «Խոսքի (արտահայտվելու) ազատության ապահովումը Հայաստանում» թեմայով։ Զեկուցողը Մհեր Ղալեչյանն էր, որին նյութեր նախապատրաստելու եւ տեղեկություններ հայթայթելու ընթացքում օգնել էին Լեւոն Զուրաբյանն ու Տիգրան Հակոբյանը։ Հեղինակային ահա այս խումբը խոսքի ազատության ոտնահարման հանրահայտ փաստերը համակարգված ներկայացնելուց հետո հանգել էր հետեւյալ եզրակացության. «Վերջին երկու տարվա զարգացումների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ խոսքի եւ արտահայտության ազատությունների բնագավառում նկատվում են այնպիսի երեւույթներ, որոնք սպառնում են մարդու այս հիմնարար իրավունքների կտրուկ սահմանափակումով։ Ոլորտի վերլուծությունը ցույց է տալիս, որ նախագահ Ռ. Քոչարյանի վարչակարգը համակարգված եւ հետեւողական ծրագիր է իրականացնում Հայաստանի ԶԼՄ-ները լիակատար վերահսկողության տակ վերցնելու եւ իր քաղաքական շահերին ծառայեցնելու նպատակով։ Այդ ծրագրի իրականացման հետեւանքով աստիճանաբար վերացվում են բազմակարծությունը եւ ԶԼՄ-ներում քաղաքական իրադարձություններն անկողմնապահ եւ հավասարակշռված ներկայացնելու հնարավորությունները։ Նման քաղաքականության հետեւանքով աստիճանաբար վերացվում են ընդդիմության համար ազատ արտահայտվելու եւ ժողովրդին իր գաղափարները եւ ծրագրերը ներկայացնելու իրավունքները։ Արդյունքում վտանգի տակ է հայտնվել ժողովրդավարական կարգերի հիմնարար սկզբունքներից մեկը՝ տարբեր քաղաքական հոսանքների եւ հայացքների ազատ մրցակցությունը»։ Արդյոք այս ամենը միայն վերջին երկու տարվա՞ն է հատուկ։ Մեջբերենք զեկույցի եզրակացության համար հիմք ծառայած օրինակներից մի քանիսը, եւ համեմատությունը թող կատարեն ընթերցողները։ Հեղինակները նշել են, որ թեեւ Հանրային հեռուստատեսությունն ու ռադիոն ֆինանսավորվում են Հայաստանի հարկատուների միջոցներով եւ պարտավոր են «զերծ մնալ քաղաքական որեւէ նախընտրությունից, հավասարապես ներկայացնելով հասարակության մեջ առկա քաղաքական հոսանքները», իրականում տրամագծորեն հակառակն է։ Եվ այդ լրատվամիջոցների վրա նախագահը հաստատել է «բացարձակ վերահսկողություն, որի շնորհիվ էլ, ըստ էության, արգելափակվել է իշխանությանն այլընտրանքային քաղաքական ուժերի մուտքը»։ Փորձեք հիշել, իսկ արդյոք նախկինում պետական հեռուստատեսությունն ու ռադիոն դարձյալ չէի՞ն ծառայեցվում Հայաստանի առաջին նախագահի եւ նրա թիմակիցների քաղաքական շահերին։ Զեկույցում նշված է, որ նախագահ Քոչարյանի քաղաքական հակառակորդները մուտք չունեն Հանրային հեռուստատեսության որեւէ հաղորդում. «Նախագահին հակառակորդ քաղաքական ուժերին առնչվող որեւէ իրադարձություն ներկայացվում է խեղաթյուրված, ծաղրանքով, նրանց նկատմամբ թույլ են տրվում վիրավորական արտահայտություններ, տարածվում սուտ եւ կեղծ տեղեկություններ։ Հակառակ դրան, նախագահի ճամբարի քաղաքական ուժերը ներկայացվում են միայն դրական եւ գովերգական եղանակով»։ Իսկ արդյոք որեւէ տարբերություն կա՞ այս առումով, թե 1998-ից առաջ պետական քարոզչամեքենան ինչպես էր վերաբերվում ընդդիմությանը եւ իշխանական թիմում գտնվողներին։ Մի՞թե այն ժամանակ էլ հեռուստա-ռադիոեթերը գերազանցապես փակ չէր ընդդիմության առջեւ։ Հեղինակների գնահատականով, Հանրային հեռուստատեսությունից ու ռադիոյից բազմակարծության եւ ընդդիմությանը տեղ տալու հարցում «ոչնչով չեն տարբերվում» նաեւ «Հայաստանի Հանրապետություն» եւ «Ռեսպուբլիկա Արմենիի» թերթերը։ Եվ այս թերթերի դիրքորոշումներում եւս նախկինի համեմատ էլի առանձնակի տարբերություն չկա։ Չենք ցանկանում սխալ հասկացվել. այն, որ բոլոր այս երեւույթներն առկա էին նաեւ նախկինում՝ ոչ մի կերպ չի արդարացնում այն, որ դրանք առկա են նաեւ այժմ։ Իրոք, չէր կարելի նախկինում արված սխալները, թերությունները, բացթողումները քննադատելով գալ իշխանության եւ ոչ միայն չչեզոքացնել այդ ամենը, այլեւ ընդօրինակել ու բազմապատկել բոլո՛ր այդ սխալները։ Բայց անթույլատրելի է նաեւ հակառակը՝ երբ խոսվում է լրատվական դաշտում իշխանությունների կոպիտ միջամտության, լրագրողների նկատմամբ բռնությունների, սպառնալիքների, շանտաժի, իշխանական լրատվամիջոցներին տրվող ապօրինի ֆինանսական աջակցության մասին եւ անտեսվում է, որ այս ամենը նույնությա՛մբ առկա էր նաեւ նախկինում։ Եվ ինչպես այժմ, նախկինում էլ էին բոլոր այդ փորձերը կրում «հետեւողական ու համակարգված արշավի բնույթ, որը ղեկավարվում է իշխանության ամենավերին օղակների կողմից եւ ուղղված է իշխող վարչախմբի քաղաքական շահերի սպասարկմանը»։ Այս գնահատականները պարունակող զեկույցի համահեղինակներից երկուսը նախկինում հենց այդ քարոզչական արշավի ղեկավարներից էին եւ նրանց խնդիրներն էին թերեւս «անկողմնակալ տեղեկատվության տարածումը եւ պատշաճ բազմակարծության բավարարումը»։ Երեկ Լեւոն Զուրաբյանը քննարկման ընթացքում անդրադառնալով այն հարցադրմանը, թե ինչու չի նշվել նախորդ վարչակարգի ավանդը խոսքի ազատության սահմանափակման գործում, ասաց. «Մենք այս գործն անելիս ելնում էինք մարդու իրավունքների այսօրվա իրավիճակը, մասնավորապես՝ արտահայտվելու ազատության իրավունքի վիճակը Հայաստանում ներկայացնելու նպատակից։ Այսինքն՝ չենք գրել խախտումների պատմությունը կամ 10 տարվա մեջ ինչ է եղել Հայաստանում»։ Հուսով ենք, առիթ կլինի առաջիկայում այս խնդիրների շուրջ լսել պրն Զուրաբյանի առավել հանգամանալից մեկնաբանությունները։ … Իսկ խորհրդի նիստում երեկ զեկույցը լսելուց հետո քննարկվեցին ոչ թե այս հարցերը, այլ ներկաներից յուրաքանչյուրն ազատ խոսքի առկայությունը ներկայացրեց ըստ իր պատկերացումների։ Ասենք, մեկը համարում էր, թե Հայաստանում չկան ազատ լրագրողներ, քանի որ Ազատ Արշակյանի դատավարությունը լուսաբանվում է, իսկ Եհովայի վկաներինը՝ ոչ։ (Ներկաներից մեկը տեղում առարկեց, թե Եհովայի վկաների կամ սեռական փոքրամասնություններին չպաշտպանելը գրաքննության հետեւանք չէ, այլ հեղինակային նախասիրությունների)։ Մյուսը խոսքի ազատության չգոյությունը փաստարկեց Սերժ Սարգսյանին եւ Ռոբերտ Քոչարյանի կլանին քննադատող հրապարակումների բացակայությամբ՝ այսպիսով միայն ապացուցելով, որ վաղուց թերթ չի կարդացել։ Եվ անարձագանք մնաց երրորդի այն առաջարկը, որ եթե չեք ցանկանում ձեւամոլ երեւալ՝ քննարկեք, թե այսօրվա վիճակը ծնող պատճառները «որտեղի՞ց են գալիս»։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ