Լրահոս
Օրվա լրահոսը

Ասում

Նոյեմբեր 28,2001 00:00

«ՂԱՐԱԲԱՂԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՎԵՐԱՄԻԱՎՈՐԵԼՈՒ ԻՐԱՎԱԿԱՆ ՓԱՍՏԵՐԸ ՇԱՏ ԵՆ» Ասում է Վարդան Օսկանյանը ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը վերջերս անընդհատ թռիչքների մեջ է։ Հերթական տուրից առաջ նախարարը լրատվամիջոցների ներկայացուցիչներին հրավիրել էր ասուլիսի։ Օրեր առաջ Վարդան Օսկանյանը Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի հայ անդամներին հորդոր-հղում արեց այն մասին, որ վերջիններս ճիշտ կանեն, եթե վերանայեն իրենց դիրքորոշումները։ Սակայն գաղտնիք չէ, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը ողջունում է հանձնաժողովի աշխատանքները։ Վարդան Օսկանյանի կարծիքով, «իրոք, ժամանակն է, որ հանձնաժողովի հայ մասնակիցները գնահատական տան վեց ամսվա իրենց գործունեությանը, տեսնեն, թե ինչպիսի դրական կամ բացասական գործոններ կան, ինչպիսի արդյունքներ կան եւ փորձեն այդ բոլորը կշիռի վրա դնել եւ որոշել իրենց հաջորդ քայլերը»։ Նախարարը կարծում է, որ հանձնաժողովի հայ անդամները այս բանը պիտի անեին նույնիսկ առանց կոչի։ Լրագրողներից մեկն առաջարկեց. եթե նախարարն առաջարկում է հայերին հանձնաժողովին չանդամակցել, ուրեմն թող առաջինը պետությունը ներկայացնող իր անդամին ետ կանչի։ Նախարարը չզլացավ ճշտել, որ ինքը չանդամակցելու մասին խոսք չի ասել եւ իր ասելիքը վերաբերել է ընդամենը վեց ամսվա գործունեության գնահատականին։ ԱՄՆ Պետդեպարտամենտի դիրքորոշմանը նախարարը չուզեց գնահատական տալ, սակայն կրկնեց, որ անկախ դրանից, հանձնաժողովի անդամները կարող են իրենց դիրքորոշումները հստակեցնել։ Նյու Յորքում պրն Օսկանյանը հայտարարել էր, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքում իրավական փաստերի շեշտումը կարեւոր է։ Նախարարը մի քանի անգամ շեշտեց, որ Հայաստանն այսօր բանակցությունների մեջ է գտնվում եւ պետք է հարցի կոնֆիդենցիալությունը պահպանվի, սակայն. «Ղարաբաղի անկախության կամ Հայաստանի հետ վերամիավորման իրավական փաստերը բավական ամուր են, բայց չի նշանակում, որ կոնկրետ այդ հարցն անպայման քննարկվել է»։ Արդյոք այս հարցը դրվել է համանախագահողների առջեւ։ Նախարարի ներկայացմամբ հարցը միշտ էլ դրվել է, վերջին շրջանում ավելի շեշտակի, սակայն համանախագահների կողմից որեւէ արձագանք չկա եւ պրն Օսկանյանը դա բնական է համարում, քանի որ նրանք միջնորդներ են. «Բայց որ մեր կողմից այդ փաստերը շեշտվում են, դա միանշանակ է, եւ վերջինը արվեց ՄԱԿ-ի իմ ելույթում, որ Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում՝ ոչ 18-20 թթ., ոչ էլ Խորհրդային Միության փլուզումից հետո»։ Թուրքիան, Վրաստանն ու Ադրբեջանը որոշել են եռակողմ պայմանագիր կնքել ընդդեմ ահաբեկչության։ Որքանո՞վ այն կարող է վտանգավոր լինել Հայաստանի համար եւ ի՞նչ երաշխիք, որ այդ պայմանագիրը չի ուղղվի Հայաստանի դեմ։ Նախարարն ասաց, որ տեքստին դեռեւս ծանոթ չէ, սակայն պետք չէ նրանում որեւէ հակահայկական միտում տեսնել. «Հատկապես, որ Վրաստանը մեզ բազմիցս վստահեցրել է, որ եռակողմ համաձայնության շրջանակներում նա չի գնա որեւէ քայլի, որը կարող է բացասական ազդեցություն ունենալ Հայաստանի կամ տարածաշրջանի վրա։ Պետք է սպասել, տեսնել»։ Վարդան Օսկանյանը ռեա՞լ է համարում միջազգային խաղաղարար ուժերի տեղադրումը տարածաշրջանում։ Ոչ, նախարարը համարում է, որ դեռ վաղ է այդ մասին խոսել. «Չկա օրակարգում այդ հարցը»։ Վերջին շրջանում ադրբեջանական մամուլը ջանք չի խնայում Հայաստանը ներկայացնել ահաբեկչական երկիր։ Մեր երկրի արտաքին գերատեսչական մարմինը ինչպե՞ս է վերաբերվում այս հարցին։ Նախարարը բավականին սառնասիրտ է վերաբերվում, քանի որ այդ ամենը լուրջ չի համարում. «Անտարբերությամբ ենք մոտենում, կարծում ենք, որ դա Ադրբեջանի հուսահատության արդյունքն է, որովհետեւ իրենց մասնակցությունը նման ահաբեկչական գործունեության մեջ ակնհայտորեն ընդունվում է եւ ԱՄՆ-ը դա ընդունում է, եւ գտնում է, որ հենց 907-ի սահմանափակ վերացման միջոցներով կկարողանան հենց այդ ցանցերի դեմ պայքարել»։ Վրաստանը եւ Ադրբեջանը, հայտնի է, որ հրաժարվեցին ստորագրել ԱՊՀ կոլեկտիվ անվտանգության կոչը. անշուշտ, սա կխոչընդոտի տարածաշրջանի անվտանգության համակարգը։ Նախարարը այդքան կտրուկ չի դիտում հարցը, թեպետ մտածում է, որ ցանկալին, իհարկե, բոլորի միացումն էր կոլեկտիվ անվտանգությանը. «Բայց մենք գտնում ենք, որ դա էապես չի ազդելու Հայաստանի անվտանգության խնդիրների վրա, որովհետեւ այսօր, թեկուզեւ այդ պայմանագրի շրջանակներում, Հայաստանի համար կենսական, առանցքային մասը Ռուսաստան-Հայաստան հարաբերություններն են, որոնք ամրագրվում են նաեւ առանձին երկկողմ պայմանագրերով»։ Հայ-ամերիկյան ռազմական համագործակցության մասին նախարարն ասաց, թե «մենք նոր-նոր ենք սկսում բանակցությունների մեջ մտնել ամերիկյան կողմի հետ» եւ առայժմ վաղ է խոսել դրա ձեւի եւ որակի մասին. «Բայց գիտակցում ենք սահմանափակումները այդ ուղղությամբ»։ Ըստ նախարարի՝ Ռուսաստանի հետ բոլորովին այլ որակ է եւ այստեղ մենք հասել ենք համագործակցության ամենաբարձր աստիճանին։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել