Լրահոս
Օրվա լրահոսը

«ՓՅՈՒՆԻԿԸ» ՏՈՆՈՒՄ Է ԻՐ ՉԵՄՊԻՈՆՈՒԹՅՈՒՆԸ

Նոյեմբեր 27,2001 00:00

«ՓՅՈՒՆԻԿԸ» ՏՈՆՈՒՄ Է ԻՐ ՉԵՄՊԻՈՆՈՒԹՅՈՒՆԸ Կիրակի օրը Սեւանի «Հարսնաքար» կոչվող գողտրիկ ու հարմարավետ անկյունում ֆուտբոլի Հայաստանի 2001թ. չեմպիոն «Փյունիկ» ֆուտբոլային թիմը, որ բարձրագույն խմբի առաջնության հաղթողի կոչումը նվաճել է ժամկետից շուտ, նշեց իր այդ հերթական նվաճումը։ Չեմպիոնին շնորհավորելու էին եկել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, մրցակից մի քանի ակումբների ղեկավարներ, մարզիչներ, ֆուտբոլի աշխարհի տարեց ու երիտասարդ ներկայացուցիչներ։ ՀՖՖ նախագահ Սուրեն Աբրահամյանը, նշելով, որ ֆեդերացիան Հայաստանի չեմպիոնի եւ մրցանակակիրների մեծարման պաշտոնական արարողությունը կատարելու է ավելի ուշ՝ առաջնության ավարտից հետո, որի ժամանակ կհանձնվեն մեդալներ եւ գավաթներ, ասաց, որ ինքը սիրով է ընդունել այս արարողությանը մասնակցելու ակումբի հրավերը։ Նա հատուկ ընդգծեց, որ «Փյունիկը» այս տարի հաջողության հասավ ոչ միայն իր կայուն խաղով, ֆուտբոլիստների վարպետությամբ, այլեւ, որ պակաս կարեւոր չէ, շնորհիվ ակումբում ստեղծված համերաշխ մթնոլորտի, կարգապահության։ Եվ դրա հիմքը դրել է թիմի հովանավոր, այսօր ֆուտբոլային աշխարհում ճանաչված գործիչ Ռուբեն Հայրապետյանը՝ ակումբի ղեկավար իր գործընկերների աջակցությամբ։ 2001թ. առաջնությունում, որի մեկնարկն ու ընթացքը բավականին բարդ ու հակասական էր, «Փյունիկն» աչքի ընկավ նրանով, որ իր առջեւ դրել էր, թերեւս, մեկ գլխավոր նպատակ. խաղալ ֆուտբոլ, ծառայել ֆուտբոլին, այլ ոչ թե ուժերի գերակշիռ մասը վատնել խարդավանքների վրա։ Եզրափակելով խոսքը, Ս. Աբրահամյանը հաջողություն մաղթեց «Փյունիկ» թիմին առաջիկայում սպասվող միջազգային մրցելույթներում։ Չեմպիոնին շնորհավորեց այս առաջնությունում մրցանակային երկրորդ տեղին հավակնող «Զվարթնոց» ակումբի նախագահ Արտակ Մնացականյանը, իսկ թիմի գլխավոր մարզիչ Սամվել Ղասաբօղլյանը խորհրդանշական գավաթ շնորհեց «Փյունիկին»։ Բարեմաղթանքներ հղեց նաեւ «Միկայի» գլխավոր մարզիչ Սամվել Պետրոսյանը։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել