Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՑԵՔ ԴՌՆԵՐԸ-2

Նոյեմբեր 27,2001 00:00

ԲԱՑԵՔ ԴՌՆԵՐԸ-2 Երեկ գտնվեցի Շենգավիթի համայնքի հանրակացարաններից մեկում։ Գոհար Խաչատրյանը «բնակվում» է իր 76-ամյա մոր՝ Հերիքնազ Դիլանյանի հետ։ Մայրը բռնադատված է, բռնադատվածի դուստր։ Այս կարգավիճակը, սակայն, նրան ոչինչ չի տվել։ Չի օգտվել եւ ոչ մի «շնորհից»։ Նա այսօր էլ բռնադատված է։ Նա այն «էլիտայից» չէ, ով իր սեփական պաշտպանն ու իրավապաշտպանն ունի, իր անձնական դատավորն ու սեփական աշխատակիցը՝ նախագահի աշխատակազմում կամ թաղապետարանում։ Հետեւաբար, տեր չունի եւ մատնվել է այս անտերությանը։ 3-րդ կարգի հաշմանդամ Գոհար Խաչատրյանը հավաքարար է, իսկ որեւէ պաշտոնյա իր «չինից» ցածր կհամարի պաշտպանել այս խավին։ Մայր ու աղջիկ 2 ամիս է ապրում են նկարում պատկերված միջանցք-կացարանում։ Նրանք ունեն մեկ անկողին, ուր քնում են երկուսով, իսկ ցերեկները մի կերպ քարշ տալիս իրենց գոյությունը։ Ցերեկը ցուրտ է։ Եվ նրանք, այդ իսկ պատճառով, ձեռնոցներով են։ Լվացքն արվում է սառը ջրով՝ դրկից սենյակներից բերելով, իսկ այն փռում են անկողնու վերեւում, քանզի… տարածք չկա։ Լույս չկա։ «Սենյակն» այնքան մեծ են համարել, որ հանրակացարանի հարակից սենյակներից «ավելացած» գույքը պահեստավորվել է նրանց… «անմարդաբնակ» տարածքում։ Միջանցք- կացարանն ունի 2 դուռ, որի ճեղքերից քամին անարգել սուրում է։ Հերիքնազ Դիլանյանը շատ հաճախ իր օրն անց է կացնում անկողնում։ Գոհար Խաչատրյանն ու Հերիքնազ Դիլանյանը դիմել են թաղապետարանին, գործող նախագահի աշխատակազմին՝ իրենց այլ հանրակացարան, այլ սենյակ տեղափոխելու համար։ Նրանք ուզում են ժամանակավոր կացարան, բայց եւ արժանապատիվ։ Նրանց կյանքը չի ստացվել։ Նրանք մատնվել են այս տերավոր աշխարհում անտերության եւ անուշադրության։ Ինչպես 1937-ին։ Հոգեւորականի դուստրը վերապրեց նույն այն զանգվածային անտերության զգացումը, որ մենակության մեջ, չգիտես ինչու, տրվում է հենց մենակներին։ Ո՞վ կարող է ապրել այսպիսի պայմաններում եւ ո՞վ կարող է պատասխանել, թե ինչու եւ որ պաշտոնյայի մեղքով այս ընտանիքի վրա չի տարածվել «Բռնադատվածների մասին» օրենքը։ Ռ. ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել