Հոմեոթերապիան՝ ուշադրությունից դուրս Հոմեոթերապիան, որպես գիտություն, շուրջ 20 տարվա պատմություն ունի։ Հիմնադիրն է Ֆրիդրիխ Հանեմանը, որը հայտնի է իր «Բժշկական արվեստի Օրգանոն» աշխատությամբ։ Այն տարածված է եղել Անգլիայում, Իտալիայում, Գերմանիայում, Հնդկաստանում, անգամ նախահեղափոխական Ռուսաստանում, մինչդեռ դեռեւս 10 տարի առաջ Հայաստանում դրա մասին տեղյակ չեն եղել։ 1996թ. ստեղծված Հայաստանի հոմեոպաթների միությունը օրերս կազմակերպել էր կոնֆերանս՝ նվիրված հոմեոպաթիայի հիմնական սկզբունքներին, ուղղություններին եւ այդ ոլորտում մեր մասնագետների կողմից գրանցված հաջողություններին։ Զեկուցումներով եւ ելույթներով հանդես եկան Առողջապահության ազգային ինստիտուտի պրոռեկտոր, ավանդական բժշկության ամբիոնի վարիչ Մկրտիչ Ավագյանը, հոմեոպաթների միության անդամներ Սուսաննա Ավանեսյանը, Ռուզաննա Դավթյանը, Բելլա Բաղդասարյանը եւ ուրիշներ։ Նրանք խոսեցին հոմեոպաթիայի հիմնական՝ «նմանությունների օրենքի մասին», ըստ որի, բոլոր դեղամիջոցները փոքր դոզաներով բուժում են այն հիվանդությունները, որոնք զարգանում են այդ նյութերի մեծ դոզաների ազդեցության հետեւանքով։ Բժիշկ-հոմեոպաթները շեշտում էին հատկապես այն հանգամանքը, որ Հանեմանը կարեւորել է հիվանդների նկատմամբ անհատական մոտեցումը՝ հաշվի առնելով վերջիններիս աշխատանքի, կենցաղի, սնման պայմանների եւ շրջապատող միջավայրի ազդեցության յուրահատկությունները։ Ինչպես Հանեմանի ժամանակներում, այնպես էլ հիմա, հոմեոպաթները ուշադրություն են դարձնում նաեւ հիվանդի հոգեկան վիճակին՝ առողջ վիճակից շեղումներին, եւ դրանց միասնությունը հիմք ընդունում բուժման համար։ Ըստ վերջիններիս, հոմեոպաթիկ պրեպարատի ընտրության ժամանակ էլ, եթե ակնհայտ է հիվանդություն առաջացնող պատճառը, առաջին հերթին պետք է ազատվել դրանից, միաժամանակ հիմք ընդունելով հիվանդության արտահայտման արտաքին նշանները՝ ողջ ծավալով վերցրած։ Հոմեոպաթները եկել են եզրակացության, որ մարդու առողջ վիճակը ղեկավարվում է օրգանիզմը հավասարակշռության մեջ պահող կենսուժի կողմից, որը տուժում է հիվանդության զարգացմանը զուգընթաց։ Ու միայն գործնականորեն է ապացուցելի, որ հոմեոպաթիկ դեղանյութերը պարունակում են դինամիկական ուժ, որի շնորհիվ վերանում են առողջ վիճակից բոլոր շեղումները։ Հայ բժիշկ-հոմեոպաթներն այսօր առավել քան համոզված են, որ հոմեոթերապիան հատկապես արդյունավետ է ներգործում նյարդային համակարգի ֆունկցիոնալ եւ նյութափոխանակության խանգարումների, ինչպես նաեւ քրոնիկ հիվանդությունների ժամանակ։ Նրանք նաեւ դժգոհ են բժշկության այս ճյուղին ուղղված պետական այրերի ոչ բավարար ուշադրությունից, որի պատճառը համարում են առողջապահության նախարարների շարունակական փոփոխությունները եւ հանրության անիրազեկությունը։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ