«ՄԱՍՆԱՎՈՐ ՀԱՅԱՑՔԸ» ԸՆԴԼԱՅՆՎՈՒՄ Է Դեկտեմբերի 1-5-ը «Մոսկվա» կինոթատրոնում կկայանա Աուդիո-վիզուալ արվեստների եւ անկախ ֆիլմարտադրողների «Մասնավոր հայացք» II միջազգային կինոփառատոնը։ Կինոփառատոնի ընթացքում կներկայացվեն Բուլղարիայի, Լատվիայի, Ուկրաինայի, Ռուսաստանի, Հայաստանի անկախ ստուդիաների վիդեո եւ կինոֆիլմերը։ Առաջին անգամ վերը նշված պետությունների կողքին իր անկախ ֆիլմարտադրողների ստեղծագործությունները կներկայացնի Թուրքիան։ Փառատոնի օրերին կկազմակերպվի նաեւ ֆրանսիական դասական կինոֆիլմերի ցուցադրություն, որի ժամանակ ֆրանսերեն լեզվով կներկայացվեն նաեւ Լուիս Բյունուելի ֆիլմերից։ Անցած տարվա համեմատությամբ՝ այս տարի կինոփառատոնը որոշակի փոփոխություններ է կրել, ընդլայնել շրջանակները։ Այս եւ փառատոնի գործունեության հետ կապված այլ խնդիրների շուրջ զրուցեցինք «Մասնավոր հայացք» կինոփառատոնի տնօրեն Հովհաննես Գալստյանի հետ։ Նախ, պրն Գալստյանից փորձեցինք պարզել. ինչո՞ւ «Փոքր բյուջեով անկախ ֆիլմարտադրողների» կինոփառատոնը մեկ տարվա ընթացքում ֆունկցիոնալ փոփոխություն կրեց՝ դառնալով «Աուդիո-վիզուալ արվեստների եւ անկախ ֆիլմարտադրողների»։ Փառատոնի տնօրենի մեկնաբանությամբ, I կինոփառատոնին ներկայացված ֆիլմերը եւ անցած մեկ տարվա ընթացքում այլ երկրների անկախ ֆիլմարտադրողների հետ շփումները ցույց տվեցին, որ այդ անկախ ստուդիաները վաղուց արդեն մեծ բյուջեով են ֆիլմեր նկարում։ «Այդ է պատճառը, որ մենք հրաժարվեցինք ֆինանսավորման սահմանափակումից, բայց, մեր կարծիքով, ամենակարեւորն այն է, որ մենք պահպանեցինք գլխավոր պայմանը՝ փառատոնին մասնակցության իրավունք տալ միայն անկախ ֆիլմարտադրողներին»,- նշեց Հովհ. Գալստյանը։ Նա կարեւորեց այն հանգամանքը, որ այս տարի փառատոնի հիմնադիրներին միանում է նաեւ Թուրքիայի ներկայացուցիչը։ Ի դեպ, նա Հայաստան է գալիս իր միջոցներով, քանի որ փառատոնի կազմակերպիչները՝ չնայած գործադրված ջանքերին, չեն կարողացել ֆինանսավորում ապահովել, իսկ Բաց հասարակության ինստիտուտը (որի դրամաշնորհով եւ իրականացվում է փառատոնը) Ստամբուլում ներկայացուցչություն չունի։ Փոփոխություններից մեկն էլ այն է, որ կինոփառատոնը կազմակերպիչները ստիպված են եղել Կինոտնից տեղափոխել «Մոսկվա» կինոթատրոն։ Պատճառն այն է, որ «Մոսկվա» կինոթատրոնը Հայաստանում միակ կինոթատրոնն է, որը, միջազգային չափանիշներին համապատասխան, ապահովում է տեխնիկական տարբեր հնարավորություններով ֆիլմերի ցուցադրությունը։ Հովհաննես Գալստյանը ուրախությամբ նշեց, որ արդեն ավանդույթ է ստեղծվում, որի շնորհիվ կինոփառատոնի շուրջ համախմբվում են Հայաստանի ֆիլմարտադրությամբ մտահոգ կազմակերպություններ եւ անհատներ։ Այս տարի եւս կինոփառատոնի կազմակերպիչներն են «Մասնավոր հայացք» անկախ կինոստուդիան, Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամը, Հայաստանի կինոգետների եւ կինոլրագրողների ասոցիացիան, «Մոսկվա» կինոթատրոնը։ Ուրախալի է նաեւ այն հանգամանքը, որ հայ կինոյի ներկա վիճակով մտահոգ են նաեւ մասնավոր եւ պետական մարմինները։ Անցած տարվա լավագույն ավանդույթը շարունակվում է նաեւ այս տարի, եւ կինոփառատոնը հովանավորում են «Նուշիկյան» ասոցիացիան եւ Երեւանի քաղաքապետարանը։ Խոսելով փառատոնի նպատակների մասին՝ Հովհաննես Գալստյանը նշեց, որ այն առաջին հերթին նպատակ ունի, մասնակից երկրների փորձը հաշվի առնելով, մեր երկրում եւս ուղիներ գտնել պետական ֆինանսավորումից անցնելու անկախ ֆիլմարտադրության։ Նրա համոզմամբ՝ պետական ֆինանսավորումը վաղուց սպառել է իրեն, եւ պետությունը պարզապես պետք է աջակցի անկախ ֆիլմարտադրությանը։ «Այս փառատոնն ավելի շուտ նպատակ ունի օգնել, աջակցել անկախ ֆիլմարտադրողներին, համախմբել նրանց եւ փորձել միասին մշակել օրենսդրական դաշտը, որի շնորհիվ հնարավոր կլինի անկախ ֆիլմարտադրության կայացումը, զարգացումը՝ ազատ տնտեսական փոխհարաբերություններում»։ Անցած կինոփառատոնի հետեւողները, անշուշտ, հիշում են, որ փառատոնի արդյունքում ծնվեց «Ազգային ֆիլմարտադրության կենտրոն» ստեղծելու գաղափարը։ Այդ կենտրոնում պետք է կենտրոնանան կինոարտադրության հետ առնչվող հարցերը։ Կենտրոնի նպատակը պետք է լինի պահպանել մինչ օրս ստեղծված կինոարտադրանքը, հնարավորություն ստեղծել Հայաստանից դուրս այդ ֆիլմերի ցուցադրության համար եւ անկախ ֆիլմարտադրության համար մշակել օրենսդրական դաշտը։ Այս կինոփառատոնի նպատակներից մեկն էլ այդ ծրագրին գործնական քայլեր հաղորդելն է։ ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ