Չինովնիկական պատնեշ ընդդեմ ժողովրդի Նույնիսկ զարգացած երկրներում, ինչպես, ասենք՝ ԱՄՆ-ում, բնակչության 80%-ը անհրաժեշտության դեպքում ի վիճակի չէ օգտվել փաստաբանի վճարովի ծառայություններից։ Ըստ «Ամերիկյան իրավաբանների ընկերակցության» Հայաստանի գրասենյակի ղեկավար Մարիա Լոնժի՝ 35 մլն ամերիկացի ապրում է աղքատության սահմանագծից ներքեւ եւ մեղադրյալների 80%-ը ի վիճակի չէ փաստաբան վարձել։ Հայաստանում անվճարունակների թիվը հաստատ ավելի շատ է։ Մինչդեռ իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը երաշխավորված է ե՛ւ ամերիկյան, ե՛ւ ՀՀ սահմանադրությամբ։ Եվ բոլոր այն դեպքերում, երբ քաղաքացին ի վիճակի չէ փաստաբան վարձել, պետությունն է պարտավոր տրամադրել։ Սակայն, անվճար իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը գործում է հիմնականում քրեաիրավական ոլորտում։ Իսկ քաղաքացիաիրավական ոլորտում նման հնարավորություն ՀՀ օրենսդրությամբ երաշխավորված չէ։ Այդ բացը վերջին տարիներին լրացվում է անվճար իրավաբանական ծառայություններ մատուցող հասարակական կազմակերպությունների միջոցով։ Այդ բնագավառում հայտնի «Երիտասարդ իրավաբանների հայկական ասոցիացիայի» կազմակերպած՝ «Անվճար իրավաբանական տեղեկատվական եւ խորհրդատվական ծառայությունները Հայաստանում» թեմայով եռօրյա սեմինարի հիմնական նպատակն էր միավորել այս հարցով զբաղվող ՀԿ-ների ուժերը եւ փորձել, միմյանց հետ համագործակցելով, նպաստել անվճար իրավաբական ծառայությունների տարածմանն ու զարգացմանը։ Սեմինարի վերջում մասնակիցները («Երիտասարդների իրավական եւ սոցիալական աջակցության կենտրոն», «Արեգ-73», ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի իրավաբանական կլինիկա, «Պարտադիր զինծառայությունն անցած սպաների միություն», «Հասարակական քարոզչություն» եւ այլն) համագործակցության մասին հռչակագիր ընդունեցին։ ՀՀ Փաստաբանների միության նախագահ Միշա Փիլիպոսյանի տվյալներով՝ բնակչության 80%-ը անվճարունակ է եւ չի կարող վճարովի իրավաբանական օգնություն ստանալ։ Իսկ անվճար իրավաբանական ծառայություններ մատուցող կազմակերպությունները հաճախ իրենք ֆինանսական պրոբլեմներ ունեն։ Դրանք հիմնականում միջազգային կազմակերպությունների («Եվրասիա», «Քեմոնիքս» եւ այլն) դրամաշնորհների աջակցությամբ են գործում։ Միայն ՀՀ Փաստաբանների միությունն է ֆինանսավորվում պետությունից, սակայն միության նախագահի ներկայացմամբ՝ աշխատանքային մեկ ժամի համար տրվող 250 դրամը (ներառյալ պետական հարկերը) այնքան ցածր վարձատրություն է, որ միության անդամների 30-40%-ն է կարողանում վճարել ամսական 2 հազար դրամ անդամավճարը։ Հասարակական կազմակերպությունների կարծիքով, պետությունը պետք է աջակցի իրենց՝ նաեւ որոշակի ֆինանսավորում հատկացնելով։ Թեեւ մյուս կողմից էլ՝ ով վճարում է, նա պատվիրում է, եւ ՀԿ-ները որքան անկախ լինեն պետությունից, այնքան լավ։ Սակայն պետությունը գոնե պետք է անհրաժեշտ պայմաններ ստեղծի նման կազմակերպությունների գործունեության համար, եթե չի օգնում, գոնե չխանգարի։ Ի դեպ, Եվրախորհրդի ներկայացուցիչները եւս անբավարար են գնահատել պետության դերը ՀԿ-ների նկատմամբ տարվող քաղաքականության հարցում։ «Երիտասարդ իրավաբանների հայկական ասոցիացիայի» նախագահ Կարեն Զադոյանը, տեղեկացնելով, որ իրենց ասոցիացիան ամիսը շուրջ 200 մարդու անվճար իրավաբանական ծառայություններ է մատուցում, ընդգծեց խոչընդոտող «չինովնիկական պատնեշի» մասին։ Օրինակ, Շիրակի մարզում գյուղապետերը թույլ չեն տվել իրավաբաններին հանդիպումներ անցկացնել ժողովրդի հետ, տեղեկացնել նրանց իրավունքներին։ Հավանաբար իրենց իրավունքները չիմացող մարդկանց ղեկավարելն ավելի ձեռնտու է։ Իսկ որ հատկապես մարզերում իրավաբանական գիտելիքների մեծ պակաս կա, նաեւ մարզային ՀԿ-ների ղեկավարներն ընդգծեցին։ «Երեւակ» ՀԿ-ի (Նոյեմբերյան) նախագահ Անդրանիկ Վերանյանն ասաց, որ շրջաններում նույնիսկ մասնագետները չունեն իրենց ոլորտի առնչությամբ նոր ընդունված որոշումներն ու օրենքները։ Իսկ բնակչությունը հիմնականում դիմում է նպաստին, հողի սեփականությանն առնչվող հարցերով։ Դիմողների մեջ շատ են հատկապես փախստականները։ Ն. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ