Լրահոս
Օրվա լրահոսը

«Հոկտեմբերի

Նոյեմբեր 27,2001 00:00

ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼԸ ՀԱՐՑԱՔՆՆՈՒՄ Է ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼԻՆ «Հոկտեմբերի 27» քրգործի երեկվա դատաքննության ժամանակ ամբաստանյալ նաիրի Հունանյանին հարցաքննելու ցանկություն հայտնեց ամբաստանյալ Վռամ Գալստյանը՝ քեռին։ Վերջինս իր հարցերը կարդում էր եւ նկատելիորեն խույս տալիս քրոջ որդու հայացքը «բռնելուց»։ Ամբաստանյալ Ն. Հունանյանն էլ իր պատասխաններին պաշտոնական երանգ էր տալիս։ «Ես մասնակից եղե՞լ եմ զենքերի ձեռքբերմանը եւ առաջին անգամ ե՞րբ եմ զենք տեսել»։ Ն. Հունանյանը պատասխանեց. «Զենքերի ձեռքբերմանը Վռամ Գալստյանը չի եղել։ Նշել եմ, որ դեռեւս սեպտեմբերի 2-րդ կեսին, երբ խոսել եմ իր հետ տանը, ասել եմ, որ դեռ զենք չկա, որ հայթայթում եմ։ Որքան հիշում եմ, զենքի մասին ասել եմ հոկտեմբերի 24-ին, Մարտունիում, որ զենք ունենք։ 25, 26, 27-ին է տեսել զենքերը մեր տանը»։ Հետեւեց Վռամի հետեւյալ հարցը. «Քո քաղաքական հայացքներով կիսվե՞լ ես ինձ հետ երբեւէ»։ Ն. Հունանյանը փորձեց «հանգստացնել» նրան. «Ինչ վերաբերում է վերջին շրջանին, մենք քաղաքական բնույթի, տարողության խոսակցություն չենք ունեցել։ Կարող եք արձանագրել, որ չի եղել»։ Վռամ Գալստյանն անհանգիստ էր։ Նա, որ կարող էր իր հարցերը տալ առնվազն ոչ երեկ, այլ, ասենք, իր ցուցմունքներից հետո, նորից հարցրեց. – Դահլիճում իմ այն հարցին, թե ի՞նչ արեցիք, դուք ինչ պատասխանեցիք։ Քրոջորդի- ամբաստանյալը կրկին փարատեց նրա անհանգստությունն ասելով, որ չի հիշում, որ հիշողություն չի մնացել։ – Դու քո ցուցմունքներով եւ հարցաքննության ժամանակ նշել ես, որ ես 90-95%-ով իմանալով, գնում էի մեռնելու… Ն. Հունանյանն ասաց. – Բոլորին, որքան հիշում եմ, ասել եմ զոհվելու շատ մեծ հավանականության մասին։ Վ. Գալստյանը հայտարարեց, որ շատ հարցեր կան, որին կանդրադառնա իր ցուցմունքների ժամանակ։ Մեր տպավորությամբ՝ Վ. Գալստյանի երեկվա «հարցաքննությունն» ավելի շուտ ստուգողական բնույթ ուներ. հավանաբար, նա փորձում էր ճշտել իր քրոջորդու «կոտրվածության» աստիճանը։ Հերթը ամբաստանյալ Կարեն Հունանյանինն էր, որը պետք է ցուցմունք տար։ Սակայն նա պայման դնելու պես ասաց, որ պետք է հրապարկվեն իր նախաքննական ցուցմունքները, որից հետո կտա «բազում իրավախախտումների վերաբերյալ իր ծավալուն ցուցմունքները»։ Նա պահանջում էր նաեւ, որ իրեն տրվեն քսերոքսի պատճենները՝ գործի նյութերից, ինչի կապակցությամբ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայքների առաջին ատյանի դատարանի դատավոր Սամվել Ուզունյանն ասաց. «Դատարանը տպարան չունի… պայմանները դուք չեք դնում։ Այն սահմանված է օրենքով»։ Այս ամենը լսելուց հետո ամբաստանյալ Կ. Հունանյանը պատրաստակամություն հայտնեց հաջորդ դատական նիստին ցուցմունքներ տալ։ Առավոտյան նիստին ամբաստանյալ Ն. Հունանյանը դատարանին հանձնեց «համադրական աղյուսակներ»։ Համադրվել են քրգործի եւ անձնական գործի նյութերը։ Այն միջնորդվեց կցել գործին, ինչը եւ արվեց ու հրապարակվեց այն հատվածը, որն առնչվում էր իր հետ։ Ըստ այդ աղյուսակների, քննչական գործողությունները, որոնք կատարվել են, եղել են խախտումներով։ Կային հարցաքննություններ, որոնց տեղը, ժամը, քննիչը չկար, եղել էին, ըստ ամբաստանյալի, «հարցաքննություններ» այն ժամին, երբ ինքը «խցից դուրս չի եկել, կանչ չի եղել» եւ կամ, երբ ամբաստանյալը միաժամանակ «հարցաքննվում» էր եւ նույն ժամին էլ, ասենք, ըստ անձնական գործի՝ «առերեսվում»։ Անշուշտ, ասվածը հեռահար նպատակ ունի. ստեղծել հիմքեր գործը լրացուցիչ նախաքննության ուղարկելու համար։ Սակայն այս համադրումները արվել էին մյուս ամբաստանյալների մասով էլ, ինչը դատաքննական նրանց ցուցմունքներից, ապացույցների հետազոտման փուլից հետո որոշակի կանխատեսումների առիթ կդառնա։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել