Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՊՀ

Նոյեմբեր 27,2001 00:00

Հայաստանն էլ շեղվեց դեպի ՆԱՏՕ ԱՊՀ եւ հավաքական անվտանգության պայմանագրի շրջանակներում շարունակելով ռազմական համագործակցությունը, Հայաստանը մտադիր է առավել ակտիվ մասնակցություն ունենալ Եվրոատլանտյան գործընկերության խորհրդում։ Այս մասին երեկ հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը՝ ՀՀ ԱԳՆ-ի եւ Եվրոատլանտյան գործընկերության խորհրդի կողմից կազմակերպված «Տնտեսական դժվարությունների ազդեցությունը Հարավային Կովկասի անցումային շրջանում գտնվող պետությունների անվտանգության վրա» սեմինարում։ Նախարարը հայտարարեց, որ Հայաստանը կիսում է Եվրոատլանտյան տարածքում իշխող հանուն խաղաղության եւ անվտանգության ամրապնդման համագործակցության ստեղծումը եւ ընդլայնման ձգտումը, որը ենթադրում է հաղթահարել տարածաշրջանում առկա տարաձայնություններն ու հակասությունները։ «Գործընկերություն՝ հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում իբրեւ Հայաստանի ակտիվացման օրինակ, նախարարը բերեց 2000- 2001թթ. անհատական ծրագրի իրագործումը եւ այդ զարգացումը բնորոշեց իբրեւ Հայաստանի որդեգրած արտաքին քաղաքականության փոխլրացումային սկզբունքի դրսեւորում։ Եվրոատլանտյան գործընկերության խորհրդում Հայաստանի մասնակցության նպատակն, ըստ Վ. Օսկանյանի, կառույցի հնարավորությունների օգտագործումն է տարածաշրջանային համագործակցության խթանման եւ տարածաշրջանի պետությունների միջեւ փոխվստահության հաստատման համար։ Հարավկովկասյան տարածաշրջանի պետություններն այժմ ընկալվում են որպես ինքնուրույն աշխարհագրաքաղաքական միավոր՝ հանդիսանալով եվրոպական մայրցամաքի տարանցիկ ուղիների ու քաղաքակրթությունների խաչմերուկ։ Ուստի, առավել եւս սեպտեմբերյան ահաբեկչությունից հետո, նախարար Օսկանյանը կարեւորեց տարածաշրջանում սառը պատերազմից ձերբազատումը։ Բացման խոսքում ՆԱՏՕ-ի Տնտեսական վարչության փոխտնօրեն Ռեյներ Վեյշարդն այս քայլը հիմք համարեց հետագա համագործակցության համար՝ կարեւորելով սեմինարի ավարտին արվելիք առաջիկա աշխատանքների մասին առաջարկները։ Հարավկովկասյան պետությունների նույն ակունքներից սերման մինչեւ նույն նպատակին ձգտելու պատմական էքսկուրսից հետո, Հայաստանում Հունաստանի դեսպանատան ռազմական կցորդ գեներալ Կորունը նկատեց, որ չնայած այս պետությունների «աղքատիկ ենթակառուցվածքներին, տնտեսական ծանր վիճակին՝ Եվրոատլանտյան գործընկերության խորհուրդը սկսում է ակտիվ տնտեսական գործունեություն՝ ներառելով տարածաշրջանի պետությունները»։ Եվ հստակ ամրագրեց, որ բախումների խաղաղ լուծման ու կայուն զարգացման համար երկրների կառավարությունները պետք է մեծ շահագրգռություն ցուցաբերեն, իսկ միջազգային հանրությունը պետք է «խորհուրդ տա եւ օժանդակի»։ Իր հերթին, ՀՀ փոխարտգործնախարար Թաթուլ Մարգարյանը, իբրեւ հիմնական զեկուցող, հայտարարեց, որ գործող տնտեսական հարաբերությունները հակամարտող կողմերին զերծ կպահեն պատերազմական գործողությունների վերսկսումից։ Հայաստանի անունից նա նաեւ պատրաստակամություն հայտնեց միջազգային ծրագրերի շրջանակներում՝ տարածաշրջանային տնտեսական ինտեգրմանը (ՍԾՏՀ, ՏՐԱՍԵԿԱ եւ այլն)։ Ի դեպ, պարոն Մարգարյանը հարկ համարեց նաեւ ողջունել Եվրոատլանտյան գործընկերության խորհրդի «համագործակցության խորացման հարթակ» տրամադրելը եւ «կոնկրետ մեխանիզմների պարտադրումից» զերծ մնալը։ Բավականին անհասկանալի ելույթ ունեցավ պատգամավոր Գուրգեն Եղիազարյանը։ Նա, մասնավորապես, խոսեց 1995թ. թալանված ինչ-որ պանրի գործարանի մասին եւ չմոռացավ մեկ անգամ եւս շեշտել նախկին իշխանությունների հանցանքները։ Ի պատասխան, Ժողովրդավարության եւ քաղաքացիական հասարակության զարգացման «Արմատ» կենտրոնի անդամ Ստեփան Գրիգորյանը նկատեց, որ նախկին թալանի մասին այսօր խոսում են մարդիկ, որոնք մինչեւ 1998թ. բարձր պաշտոններ էին զբաղեցնում։ Ի դեպ, Գ. Եղիազարյանը 1994-95թթ. եղել է Ազգային անվտանգության առաջին փոխնախարար, իսկ մինչ այդ՝ ՆԳՆ Քրեահետախուզական վարչության պետ։ Այս ամենի արդյունքում զարմացավ Հայաստանում Իտալիայի դեսպան Պաոլո Անդրա Տրաբալցան. «Խոսվում է միայն նախկին իշխանության կոռումպացվածությունից։ Ի՞նչ է, ԽՍՀՄ ժամանակաշրջանում կամ հիմա նման խնդիրներ չկա՞ն»։ Վերջին հաշվով, յուրաքանչյուրն իր սրտի խոսքն ասաց։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել