Լրահոս
Օրվա լրահոսը

Երեկ փակվեց «Արդյունաբերական Հայաստան» էքսպո ցուցահանդեսը, որտեղ

Նոյեմբեր 27,2001 00:00

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆԸ ՈՉ ՄԻ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ Երեկ փակվեց «Արդյունաբերական Հայաստան» էքսպո ցուցահանդեսը, որտեղ գերակշռում էին շինարարական տարբեր նյութերի արտադրության ընկերությունների տաղավարները։ Սա, թերեւս, մի լրացուցիչ վկայություն է այն մասին, որ Հայաստանում շինարարությունը համեմատաբար զարգացած ճյուղ է։ Ու քանի որ կապիտալ շինարարությունը շատ փոքր ծավալներ ունի, ուստի այս ընկերությունները դժգոհում են, որ, սրանով պայմանավորված, փոքր են իրենց արտադրանքի ծավալները։ Այնինչ, որակը եւ տեսքը բավականաչափ լավն են։ Օրինակ, «Հանթսման բիլդինգ փրոդաքթս» ֆիրմայի մենեջեր Աննա Գյուլգուլյանը նկատեց, որ «մեր երկրում կապիտալ շինարարություն չկա, որպեսզի մենք կարողանանք ապահովել մեր արտադրանքի վաճառքը։ Իսկ մեր գործարանը շատ մեծ արտադրական հնարավորություններ ունի»։ Դուռ-լուսամուտ արտադրող «Տերմինալ» ընկերության ներկայացուցիչը նշեց. «Արտադրանքի սպառման վիճակը շատ լավ չէ, պատվերները քիչ են, որովհետեւ երկրում ընդհանուր կենսամակարդակը ցածր է»։ Իսկ ժամանակի ընթացքում մեծացած արտադրական ծավալն, ըստ ներկայացուցչի, նորից նվազում, փոքրանում է։ Իսկ Աշոտ Գրիգորյանը «Պետրոսյան եւ գործընկերներ» ՍՊԸ-ի վերաբերյալ հայտնեց, որ արտադրում են դուռ, լուսամուտ, կահույք (ոչ միայն փայտից, այլ նաեւ մելամինապատ թերթերից, օգտագործվում է նաեւ ապակի, մետաղ)։ «Պետրոսյան ու գործընկերներն», ըստ Ա. Գրիգորյանի, չունի չսպառվող արտադրանք, որովհետեւ աշխատում է միայն պատվերով։ Տնտեսական վերելքի «հեղինակների» համար հատուկ ճշտեցինք, որ ներկայացված ընկերությունները ստեղծվել են 1994- 1997թթ.։ Էքսպո-ցուցահանդեսի մասնակիցներն ունեին նաեւ իրենց դիտարկումները։ Օրինակ, ճապոնական «Սեզիկ» մեքենաշինական ընկերության հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Արմեն Հարությունյանը նկատեց, որ տեղեկատվական հովանավորները վատ էին աշխատել եւ «այցելուներն այսօր նոր գալիս են (փակման օրը)։ Ես վստահ եմ, որ փակման օրն էլ կգան»։ «Առավոտի» հարցին ի պատասխան, նա նկատեց. «Ես պետությունից աջակցություն չէի էլ ակնկալում (ընդհանրապես), որովհետեւ ողջ հույսը ձեռներեցներն իրենց վրա պիտի դնեն։ Ոչ մի միջազգային հիմնադրամ չի օգնելու արդյունաբերությանը, նույնիսկ խոչընդոտներ կարող են առաջանալ»։ Նա պարզաբանեց. «Այսօր ես ինչքան հասկանում եմ, բոլոր վարկերը, որ տալիս են Հայաստանին, ուղղվում են միայն գյուղատնտեսությանը եւ այլն։ Արդյունաբերությանը՝ ոչ մի օգնություն»։ Իսկ Աննա Գյուլգուլյանը ցուցահանդեսի սակավամարդությունը բացատրեց «երեւի տնտեսության վատ վիճակով»։ «ԵրԱԶ» գործարանի գլխավոր կոնստրուկտոր Լեոնիդ Սաժինյանը պետությանն առաջարկեց արտասահմանյան մեքենաների ներմուծման համար մաքսային որոշակի արգելքներ սահմանել, «որովհետեւ ներկրվում են եվրոպական հին շահագործվող մեքենաները եւ տեղական արտադրանքը դառնում է անմրցունակ»։ Բայց հանուն արդարության նկատենք, որ այդ արտադրանքը թեեւ «մերն» է, բայց կոպիտ է, թափ է տալիս։ Հիմա պետությունն ի՞նչ անի՝ արհեստական խոչընդոտներով անհավասար պայմաննե՞ր ստեղծի։ Դրանից «ԵրԱԶ»-ի որակը կլավանա՞։ «Եթե խոսք գնաց երթուղային տաքսիների մասին, թող չափանիշները դնեն ու համեմատեն։ Այսօրվա դրությամբ որակը վատը չի»,- պատասխանեց Լ. Սաժինյանը եւ ավելի ուշ, «Առավոտի» չնահանջելուց հետո, բացատրեց, թե ինչու են դրանք այդքան կոպիտ։ «Վատ է, որովհետեւ վարորդները «ռեսորների լիստերը» ու դողերի ճնշումն ավելացնում են, ճանապարհներն են շատ վատը։ Այս բոլորը գումարվում են…»։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել