Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ

Նոյեմբեր 27,2001 00:00

ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ Եվ այսպես, ինչպես եւ սպասվում էր, ընդդիմադիր Եռյակի նախաձեռնությունը՝ նախագահի իմփիչմենթի հետ կապված, տապալվեց: Պատճառները բազմաթիվ են. արմատական ընդդիմության մաս կազմող կուսակցությունների անփորձությունը, նրանց մեջ լիակատար համաձայնության բացակայությունը, պատգամավորների ծայրաստիճան բթությունն ու վախկոտությունը: Բայց ամենակարեւոր պատճառն, իհարկե, այն է, որ հասարակության մեջ չկա վճռականություն՝ ձերբազատվելու գործող իշխանությունից: Այսօր մեր քաղաքացիների մեծ մասը վստահ է, որ դա անհնարին է, եւ, որն ավելի կարեւոր է՝ նրանք չեն տեսնում իշխանափոխության իմաստը: Ոչ ոք դա կարգին չբացատրեց: Ինչպիսի հասարակական վարկանիշ ունի Քոչարյանը, դժվար է ասել: Պալատական սոցիոլոգներն ասում են, որ այն շատ բարձր է: Կասկածելի պնդում է, որովհետեւ, այնուամենայնիվ, կա խուլ եւ դեռեւս չձեւակերպված դժգոհություն ներկա իշխանության գործելակերպից: Բայց եթե նախագահի վարկանիշը նույնիսկ զրոյական լինի, նա, միեւնույն է, կարող է պահպանել իր իշխանությունը տարիներ եւ տասնամյակներ շարունակ: Որովհետեւ նրա կուսակցությունը ժողովուրդը չէ, նրա կուսակցությունը նոմենկլատուրային վերնախավն է, նախ եւ առաջ՝ ուժային, իրավապահ. բանակի, ՆԳ-ի, ԱԱ-ի, հարկայինի, մաքսայինի ղեկավարությունը եւ այլն: Այդ վերնախավն ապահովում է Քոչարյանի իշխանության վարչական հզոր ռեսուրսը: Հիշյալ վերնախավի տանիքի տակ աշխատող նոմենկլատուրային «բիզնեսմենները» կազմում են նույն իշխանության նյութական ռեսուրսը: Վերջապես, կողքից դամ են քաշում գրպանային կուսակցությունները, գործիչներն ու «մտավորականները», որոնց ֆունկցիան է գովերգել «դրական տեղաշարժերը»: (Չնայած, այս երրորդ կոմպոնենտը կարող է եւ չլինել՝ դա գումարների եւ շքանշանների աննպատակ վատնում է, առաջին երկու ռեսուրսները լիովին բավարար են): Բայց պարադոքսալ ձեւով, երբ ամեն ինչ հանգիստ է, խաղաղ ու «կայուն», հենց այդ ժամանակ էլ սկսվում են իշխանության ամենամեծ պրոբլեմները՝ սկսվում է իշխանական համակարգի ներքին քայքայումը: Այնպես որ, ամեն ինչ դեռ առջեւում է: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել