Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտոնական

Նոյեմբեր 27,2001 00:00

Դետեկտիվի ոլորտից Պաշտոնական Բաքուն եւ ադրբեջանական լրատվամիջոցները չեն հոգնում կապեր որոնել աշխարհի թիվ մեկ ահաբեկիչ Օսամա բեն Լադենի եւ հայերի միջեւ: Ընդ որում, արդեն բազմաթիվ անգամներ ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկությունները աֆղան եւ հայ ահաբեկիչների, իբր, որոշակի կապերի մասին, այսօր արդեն հասցվում են բեն Լադենի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների աստիճանի: Հասկանալի է, որ այդ ապատեղեկատվությունը Ադրբեջանին հարկավոր է միջազգային հանրությանը ներկայացնելու եւ Ղարաբաղում հնարավոր հակաահաբեկչական գործողությունների ծավալումը հիմնավորելու համար: ՀՀ ԱԳՆ-ն դրանց երբեմն անդրադառնում է, երբեմն՝ դրանք շրջանցում: Բայց ադրբեջանական «Զերկալո» թերթի վերջին համարներից մեկում այդ թեմայով մի նոր հրապարակում կա, որի հեղինակը պնդում է, թե հայ մասնագետները օժանդակում են բեն Լադենին՝ միջուկային զենք ստանալու հարցում եւ աշխատում են ահաբեկիչների լաբորատորիաներում: Սա արդեն հին երգի նոր շարունակություն է, որին մեր շահագրգիռ մարմինները, թերեւս, հարկ համարեն արձագանքել, մանավանդ, որ խոսքը հայաստանցիների մասին է: Բանն այն է, որ, ըստ ադրբեջանական թերթի, Լոնդոնում հրապարակվող «Աֆղանստանի արաբները» բյուլետենում տեղ գտած վերլուծություններից մեկի համաձայն՝ «1988-ից մինչեւ 2000-ի սկիզբը մերձմոսկովյան Դուբնա քաղաքից, ուր միջուկային լաբորատորիա է տեղակայված, բեն Լադենի գլխավորած «Ալ-Կաիդ» ահաբեկչական կազմակերպության լաբորատորիաներում աշխատելու համար 48 մասնագետներ են տեղափոխվել, որոնցից 27-ը ազգությամբ հայեր են»: Այդ մասին հայտարարել է ադրբեջանցի վերլուծաբան Նովրուզօղլուն: Ավելին, վերջինիս պնդմամբ, այսօր «Ալ-Կաիդի» «Vanguards» վերլուծական խումբը ղեկավարում է 1992-96թթ. Երեւանի ֆիզիկայի ինստիտուտում աշխատած, ապա Մոսկվա տեղափոխված, գիտությունների դոկտոր Լեւոն Միքայելյանը, որին այնտեղ հրավիրել է պակիստանցի Իմտիյազը: «Զերկալոյի» մատուցմամբ, վերջինս, ժամանակին համագործակցել է Պակիստանի հատուկ ծառայությունների հետ, 1994-ին աշխատել է Մոսկվայի պետհամալսարանին կից Դ.Վ.Սկոբելցի անվան միջուկային ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտում: Նույն թվականի մարտի 26-28-ը վերջինս, իբր, հյուրընկալվել է Երեւանի համալսարանի դասախոս, միջուկային ֆիզիկայի մասնագետ, պրոֆեսոր Սանթրոսյանին: Նույն թվականի դեկտեմբերին Ղազախստանի արեւելքում գտնվող Ուլբինսկի մետալուրգիական գործարանից անհետացել է 15 կգ ուրան, որը շուտով Ղազախստան-Պակիստան սահմանում հայտնաբերվել է: Բայց, ըստ ադրբեջանցի վերլուծաբանի, նույն պրոֆեսոր Սանթրոսյանի բարեկամը՝ Հմայակ Սանթրոսյանը՝ լինելով Մաքսային ծառայության կապիտան, օգնել է բեռն անցկացնել Պակիստան: Ադրբեջանցի վերլուծաբան Նովրուզօղլուն նաեւ մի քանի հայերի անուններ է հրապարակել, ովքեր, իբր, անմիջական կապ ունեն բեն Լադենի հետ, ավելին, իբր այսօր գլխավորում են իսլամիստական ահաբեկչական կազմակերպությունների քաղաքային գրասենյակները. նախկին դատախազ Առուշան Աղայան, սպա Գագիկ Լալայան, պրոֆեսոր Աղա Սահակյան, լրագրող Յուրա Չիլինգարյան, նախկին ուսուցիչ Համբարձում Կարապետյան, նախկին սահմանապահներ Ստեփան Տեր-Հովհաննիսյան, Գրիգորի Ավակումով: Չնայած հրապարակված կոնկրետ անուններին, իհարկե, կասկածելի է, թե այդ մարդիկ իրականում կան: Ն. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել