Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենասկզբում՝ որպես իշխող ռեժիմի ընդդիմախոս, հայտ ներկայացրեց մի քանի քաղաքական ու հասարակական կազմա

Նոյեմբեր 27,2001 00:00

ՁՄՌԱՆԸ ՁՄԵՌՈՒՄ Է ՆՈՒՅՆԻՍԿ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ Ամենասկզբում՝ որպես իշխող ռեժիմի ընդդիմախոս, հայտ ներկայացրեց մի քանի քաղաքական ու հասարակական կազմակերպություններ միավորող «Ազգային համաձայնության ճակատը»: Կարգախոսներն, ինչ խոսք, բավականին ազդեցիկ եւ լուրջ էին՝ ոչ լեգիտիմ նախագահի պաշտոնանկություն, «Հոկտեմբերի 27»-ի ամբողջական եւ օբյեկտիվ բացահայտում, Հայաստանի տարածքային ամբողջականության եւ այդ տարածքների վրա ինքնիշխանության պահպանմամբ՝ Ղարաբաղի հակամարտության կարգավորում: Ասել, թե այդ ուղղությամբ որեւէ քայլ չարվեց՝ ճիշտ չի լինի: Ճակատը հայտարարություններ արեց, ասուլիսներ, կլոր սեղաններ կազմակերպեց, մեկ-երկու հանրահավաք անցկացրեց, հասարակությանն առժամանակ զբաղեցրեց ու անցավ ընդհատակ: Ավելի ճիշտ՝ սառեցրեց իր գործունեությունը, ըստ երեւույթին, այն պատճառով, որ բավարար ֆինանսական միջոցներ չուներ հետեւողական ու համակարգված գործունեություն ծավալելու համար: Ֆինանսապես շատ թե քիչ ապահովված կուսակցություններն ու գործիչներն էլ Ճակատին միանալու կոչերին ու առաջարկություններին յուրովի եւ ամբիցիոզ գործչին հատուկ պատասխաններ տվեցին, մոտավորապես՝ մենք առանց ձեզ էլ յոլա կգնանք, մենք մեր սեփական ծրագրերն ունենք: Ծրագիրն էլ, որքան հայտնի դարձավ՝ «Հանրապետություն», ՀԺ, «Ազգային միաբանություն» կուսակցությունների համատեղ գործունեությունն էր: Ճակատը, ըստ էության՝ առանց իր քաղաքական ակտիվությունը պարպելու, համեստաբար լռեց, քանի որ ակտիվ գործողություններ ծավալելու համար ֆինանս էլ չուներ: Հոկտեմբերի 26-ին Մատենադարանին հարող տարածքում տեղի ունեցած երեք ընդդիմադիր՝ «Հանրապետություն», ՀԺ եւ «Ազգային միաբանություն» կուսակցությունների նախաձեռնած համատեղ հանրահավաքը, ըստ էության, այդ ընդդիմության հռչակած քաղաքական «թեժ աշնան» կուլմինացիան էր: Մինչ այդ բավական երկար ժամանակ մարդիկ լրջորեն պատրաստվում էին «թեժ աշնան»: «Հանրապետություն» կուսակցության՝ սեպտեմբերին տեղի ունեցած անդրանիկ համագումարում, ի վերջո, հռչակվեց հիշյալ կուսակցությունների համատեղ գործունեության մասին հայտարարությունը: Սկիզբը խոստումնալից էր կամ, գոնե, այդպես թվում էր: Եռյակը հայտարարեց, թե իր հակաճգնաժամային ծրագիր-մինիմումը ոչ լեգիտիմ նախագահի պաշտոնանկությունն է եւ դարձյալ «Հոկտեմբերի 27»-ի բացահայտումը: Ավելի ուշ՝ արդեն համատեղ հանրահավաքում, եռյակը հայտարարեց, թե նախագահի պաշտոնանկության գործընթացը սկսված է խորհրդարանում եւ դրանից դուրս՝ հասարակության շրջանում: Ընդդիմությունը հասարակությանը խոստանում էր մինչեւ նոյեմբեր խորհրդարանում հավաքել նախագահ Քոչարյանի պաշտոնանկության համար անհրաժեշտ ստորագրությունները: Ու թեեւ հիշյալ ընդդիմությունը նախընտրում է լռել այդ գործընթացի մասին, այդուհանդերձ, փաստն այն է, որ խորհրդարանում իրականում ոչ մի ստորագրահավաք էլ չի ընթանում, համենայն դեպս հիմա, չնայած՝ վերջիններիս ամենամեծ ցանկությանը: Այդ ստորագրահավաքի մասին տեղեկությունները, ըստ առանձին ընդդիմադիր պատգամավորների, չափազանցված էին: Պարզվում է, նախագահի պաշտոնանկության հարցը խորհրդարանի քննարկմանը ներկայացնելու համար անհրաժեշտ 44 ձայնը իրականում ոչ թե գրավոր, այլ բանավոր է հավաքված: Ընդդիմադիր հորջորջվող պատգամավորների զգալի մեծամասնությունը նախընտրում է նախագահի պաշտոնանկության փաստաթղթի տակ վերջինը կամ, լավագույն դեպքում, նախավերջինը ստորագրել, իբր՝ զգուշանալով հնարավոր ճնշումներից, թեեւ հասկանալի է, որ, նույնիսկ գաղտնի ստորագրություն հավաքելու դեպքում, այդ հարցով Աժ արտահերթ նիստ հրավիրելու համար, միեւնույն է, փաստաթուղթը ստորագրած պատգամավորների անուններն իշխանություններին, այսպես թե այնպես, հայտնի են դառնալու, եւ ճնշումները կարող են լինել եթե ոչ՝ ստորագրահավաքի, ապա՝ գոնե այդ հարցի քննարկման եւ Սահմանադրական դատարան դիմելու ընթացքում: Ասել է թե, ԱԺ-ում ստորագրահավաքից հրաժարվող պատգամավորների վերապահումներն, ըստ էության, միայն պատճառաբանություն են՝ Ռ.Քոչարյանի պաշտոնանկության գործընթացի ընթացքը խափանելու համար: Պարզ է, որ ԱԺ-ում ոչ ՀՅԴ, ոչ «Օրինաց երկիր», ոչ ԱԺՄ, ոչ «Միասնություն» խմբակցություններն ու նորաստեղծ խմբերը չէին միանալու այդ նախաձեռնությանը: Այդ դեպքում, ընդդիմության առանձին ներկայացուցիչներ չեն բացառում, որ «զգուշավոր» պատգամավորների անուններն առաջիկայում, հնարավոր է, որ հրապարակվեն: Բայց բանն այն է, որ ստորագրահավաքին փաստորեն չի մասնակցում նույնիսկ Կոմկուսը, որը հայտարարել է արմատական ընդդիմություն լինելու մասին, նաեւ՝ «Հայաստան» խումբը, որի կազմում կան ե՛ւ «Հանրապետության», ե՛ւ ՀՀԿ-ի ներկայացուցիչներ, ե՛ւ երկրապահներ: Ստացվում է, որ ընդդիմադիր երեք կուսակցությունները, որոնք խորհրդարանում իրենց անդամներն ունեն, ի վիճակի չեն ոչ միայն ստորագրահավաք կազմակերպել, այլեւ՝ օգտվել խորհրդարանի՝ հասարակության ակտիվ մասին ուղղված անհրաժեշտ քարոզչություն ծավալելու հիանալի ամբիոնից: Խորհրդարանից դուրս էլ ընդդիմությունն, ըստ էության, պարապուրդի է մատնված: Նա ընդդիմադիր գործունեություն ծավալելու մեխանիզմներին ու տեխնոլոգիաներին չի տիրապետում: Լավագույն կարգախոսը, որը կարող է այսօրվա ընդդիմությանը կենդանության նշաններ հաղորդել՝ «Հոկտեմբերի 27»-ի բացահայտման մշտապես արդարացի ու արդիական պահանջն է: Ինչ մնում է նախագահ Քոչարյանի պաշտոնանկությանը, ապա՝ ընդդիմությունը, թերեւս, հույսը կտրել է: Մնում է ցուրտ ձմեռն անցկացնել տաք գրասենյակներում, պաշար հավաքել ու քաղաքականապես կրթվել մինչեւ գարնանամուտ: Ձնհալին զուգահեռ՝ ընդդիմությունն էլի կակտիվանա, բայց այս անգամ, ամենայն հավանականությամբ՝ առաջիկա հերթական ընտրություններին նախապատրաստվելու ակնկալիքով: Իսկ հասարակության քաղաքականապես ակտիվ մասին ձմռան ընթացքում կզբաղեցնեն Աշոտ Մանուչարյանն ու սոցիալիստները: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել