ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ. ԼԱՎԱՏԵՍԱԿԱՆ Հովհաննես Հովհաննիսյանի ղեկավարած պատվիրակությունը սովորականի պես կռվեց առյուծի նման եւ, բնականաբար, սուրը փառքով դրեց պատյան։ Նոյեմբերի 19-20-ը Բրյուսելում տեղի ունեցավ Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի երրորդ նիստը։ Նիստի նախագահներն էին Հայաստանից՝ Հովհ. Հովհաննիսյանը եւ Գերմանիայի ԵԺԿ-ի ներկայացուցիչ տիկին Ուրսուլա Շլյախերը։ ԱԺ Արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ նիստի ընթացքում Հայաստանի պատվիրակությանը հաջողվեց «նոր գաղափարներ» մտցնել Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական հանձնաժողովի երրորդ նիստի ընդունած հայտարարության մեջ։ Օրակարգի յուրաքանչյուր հարցի շուրջ ելույթ է ունեցել հայաստանցի մեկական պատգամավոր։ Տնտեսական հարցերը ներկայացրել է պատգամավոր Գագիկ Մելիքյանը, սոցիալականը՝ Ալեքսան Կարապետյանը, Հրանուշ Հակոբյանը ներկայացրել է մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ դատաիրավական բարեփոխումների խնդիրը։ Աղվան Վարդանյանը ներկայացրել է Հայաստանի հարաբերությունները հարեւան երկրների հետ։ ԼՂՀ հարցի կարգավորման շուրջ վերջին իրադարձությունների վերաբերյալ ելույթ է ունեցել Հովհ. Հովհաննիսյանը։ Հանձնաժողովը իր նախորդի ընդունած որոշումները հաստատելուց բացի, մի քանի նոր հարցեր է քննարկել, ինչպես, օրինակ, Սեւանի խնդիրը, որպես տարածաշրջանային բնապահպանական աղետ։ Եվրախորհրդարանը եւ Եվրահանձնաժողովը որոշեցին ինչ-որ պահի զբաղվել Սեւանի խնդրով, ընդունելով, որ այն իրոք կարող է բնապահպանական վտանգ դառնալ։ Այդ հարցին Եվրամիությունը ուշադրություն կդարձնի 2002 թվականին։ Եթե մինչ այդ Սեւանում ջուր մնա։ Եվրոպական այս կառույցը ակնկալում է, որ Հայաստանը կհարգի իր իսկ պատրաստակամությունը Մեծամորի ատոմակայանը փակելու վերաբերյալ, սակայն եվրոպացիները նշեցին նաեւ՝ մինչեւ փակելը Հայաստանը պարտավոր է ունենալ մոտ 400 մեգավատտ հզորության էներգիայի աղբյուր։ Եթե մինչ այդ ատոմակայանի փակման ժամկետը ֆիքսված էր՝ 2004 թիվը, ապա վերջին հայտարարության մեջ կարեւորվեց վերը նշված պայմանը։ Հովհ. Հովհաննիսյանի ասելով, շատ կարեւոր էին իր եւ Եվրահանձնաժողովի նախագահի հանդիպումը Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ։ Եվրամիությանը տասը երկիր է անդամակցում, իսկ անդամակցության ցանկություն հայտնող երկրների ցուցակի 13 անդամներից 2004-ին միայն 10-ը կարող են դառնալ Միության անդամ։ Մնացած երեքը՝ Բուլղարիան, Ռումինիան, նաեւ Թուրքիան, առայժմ, դեռ «հացուպանիր» պետք է ուտեն անդամ դառնալու համար։ Շատ ավելի բարդ է Թուրքիայի վիճակը։ Հստակ նշվել է, որ մասնավորապես Թուրքիան չի համապատասխանում Եվրամիության ընդունած սկզբունքներին, եւ առաջիկա 10-15 տարիներին նրա անդամակցության մասին լուրերը խիստ չափազանցված են լինելու։ Նշենք, որ Հայաստանը նույնիսկ այդ 13-ի ցուցակում գոյություն չունի. «Սրանից հետո մի նոր իրավիճակ է ստեղծվելու Եվրոպական միությունում։ Այս միությունը պետք է քաղաքական որոշում ընդունի՝ ընդլայնո՞ւմ է իր սահմանները եւ մինչեւ որտեղ, հասնելո՞ւ է Կովկաս, թե սահմանափակվում է 15+10 երկրներով։ Ես կարծում եմ, որ Եվրամիության ընդլայնման պրոցեսն արդեն գնում է, եւ մեզ շատ բարձր մակարդակով ասել են, որ նրանք չեն բացառում, որ 2004 թվականից հետո, նոր ցուցակի կազմման դեպքում, Հայաստանը կարող է փորձել դառնալ ասոցիացված անդամ»,- ասաց Հովհ. Հովհաննիսյանը եւ հավելեց, թե սա «բավականին լուրջ առաջխաղացում է»։ Սա ոգեւորել է մերոնց ոչ միայն այն պատճառով, որ Եվրոպայի դուռը մեզ համար կողպեքով չի փակվել, այլեւ՝ եթե մինչ այժմ Կովկասի մասին որեւէ դրական բան չի եղել, ապա. «Հայաստանը տարածաշրջանում մի մեծ քայլ առաջ է արել, եւ այսօր իրապես Հայաստանը ընդունվում է որպես տարածաշրջանային միակ երկիր, որը կարողանում է անցումային ժամանակաշրջանի խոչընդոտներն ավելի արագ, ավելի նորմալ հաղթահարել»։ Հովհաննես Հովհաննիսյանի ներկայացմամբ, բավականին լուրջ քննարկվել է նաեւ աղանդների հարցը։ Մեր պատվիրակությանը հաջողվել է եղած ձեւակերպումը փոխելով դարձնել այսպիսին. հանձնաժողովը «ընդգծում է առանց խտրականության բոլոր եկեղեցիների եւ կրոնական համայնքների՝ ազգային համապատասխան օրենսդրության շրջանակներում, իրենց կրոնը դավանելու հնարավորություն ընձեռելու անհրաժեշտությունը, ակնկալում է, որ նոր կրոնական շարժումները պետք է հարգեն քրիստոնեության հանդեպ հայ ժողովրդի ունեցած հազարամյա հանձնառությունը»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ