Լրահոս
Օրվա լրահոսը

Խոստովանեք,

Նոյեմբեր 24,2001 00:00

Ո՞ւմ հոր դուքանն է սա Խոստովանեք, որ լուսանկարներում պատկերված այս շքեղ կառույցը տեսնելիս մտածեցիք, որ այն հյուրանոց է կամ, ասենք, առողջարան։ Անկեղծ ասած, ես էլ նույնը մտածեցի, երբ մայրաքաղաքից մոտ 40-45 կմ հեռավորության վրա գտնվող հանգստավայրերից մեկի գեղատեսիլ բնության գրկում պատահաբար հայտնաբերեցի այդ գեղեցիկ շենքը։ Սակայն տեղաբնակների հետ զրույցս կասկածի տեղիք տվեց։ Նրանց խոսքերով, այս շենքը գաղտնի «օբյեկտ ա»՝ հատուկ «ջոջերի» համար։ Այս խոսակցություններն ինձ հիշեցրին բոլորովին վերջերս մամուլում տպագրված այն հրապարակումները, որոնց համաձայն ՀՀ Կենտրոնական բանկը հանրապետության գեղատեսիլ հանգստավայրերից մեկում պահուստային բանկի անվան տակ շքեղ հյուրանոց է կառուցել։ Հիշեցնենք, որ 1997թ. ՀՀ կառավարության գաղտնի որոշմամբ, երբ որոշվեց պահուստային բանկ կառուցել հանգստավայրերից մեկում, էկոլոգիական հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունները բողոքի ցույցեր կազմակերպեցին։ Այսօր արդեն այդ շքեղ կառույցը վեր է բարձրացել բնության գողտրիկ վայրում, բոլորի աչքի առաջ, ոտնատակ տալով բազում սաղարթախիտ ծառեր։ Հավաստի աղբյուրից տեղեկացանք, որ 1998-ին կամ 99-ին, երբ սկսվել է այդ շենքի կառուցումը՝ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարց է բարձրացրել, թե որքանով է նպատակահարմար սոցիալապես ծանր վիճակում գտնվող մեր երկրում այդ պահին այդքան ֆինանսական միջոցներ հատկացնել նման կառույցի համար։ Նույն աղբյուրը նշում է, թե ՀՀ ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը «խիստ հիմնավոր» պարզաբանում է ներկայացրել. «Շեֆ, առաջին, երկրորդ հարկերում այդ բանկը կլինի, վերեւում՝ հյուրանոց կկառուցենք։ Ձեզ համար էլ հատուկ սենյակներ կսարքենք՝ կգաք-կհանգստանաք»։ Նախագահը, իբր ասել է՝ «Լավ, գնա սարքի»։ Տեղեկացնենք, որ պետության պահուստային բանկը ռազմավարական նշանակություն ունի, դրա գոյության, գտնվելու վայրի մասին ընտրովի մարդիկ կարող են իմանալ։ Պահուստային բանկը պետք է կիսանկուղային, բունկերի տեսքով շինություն լինի։ Այն ստեղծվում է աղետների, պատերազմական իրավիճակներում պետության կանխիկ դրամը, ոսկին, ինչպես նաեւ բանկային տեղեկատվության պատճենները պահպանելու համար։ Սակայն այսօր, փաստորեն, ձախողվում է պետական կարեւորության այս ծրագիրը, քանի որ այս շենքը մատչելի է յուրաքանչյուրի համար եւ, կարծեք թե, հատուկ ստեղծված է հարվածներին թիրախ ծառայելու նպատակով։ Այդուհանդերձ, անկախ փորձագետների գնահատմամբ, դեռեւս հնարավոր է վերադառնալ պահուստային բանկի գաղափարին։ Նրանց հավաստմամբ, հյուրանոցային այս շքեղ համալիրը (ֆրանսիական կախովի պատշգամբների եւ լողավազանների մասին նպատակահարմար չենք համարում մանրամասնել, քանի որ մամուլն արդեն անդրադարձել է այդ խնդրին) կարելի է հանել միջազգային աճուրդի. այն կարժենա մոտ 6-7 մլն դոլար։ Դրա մոտ 1 մլն դոլարը կբավարարի իրոք պահուստային բանկ կառուցելուն, իսկ մնացած գումարը կարելի է ուղղել բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորմանը։ Այս գաղափարը կարեւորվում է հատկապես հիմա, երբ կասկածի տակ է դրվում SAC-4-ի տրամադրման հարցը։ Ի դեպ, ներկայումս, երբ խորհրդարանում քննարկվում է 2002թ. պետբյուջեի հարցը, արժեր, որ պատգամավորներն ուշադրություն դարձնեին հետեւյալ փաստին։ 2002թ. պետբյուջեով ԿԲ կապիտալ ծախսերի համար նախատեսված է 1,8 մլրդ դրամ (3 մլն դոլար)։ Սա այն դեպքում, երբ Երեւանում ԿԲ-ն կարծեք թե նման ծավալի (եթե չասենք՝ ընդհանրապես) շինարարության կարիք չունի։ Ստացվում է, որ այդ գումարի առյուծի բաժինն ուղղվելու է, այսպես ասած, պահուստային բանկի կահավորմանը, ներքին հարդարմանը եւ լողավազանի կառուցմանը։ Եվ մի փաստ եւս, երբեւէ՝ նույնիսկ ԿԲ շենքի վերանորոգման, պահուստային բանկի կառուցման տարիներին պետբյուջեով նախատեսված ԿԲ-ի կապիտալ ծախսերը չեն գերազանցել 1,4 մլրդ դրամը։ ԳՈՀԱՐ ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել