ՉԵԿԻՍՏԻ ՍԻՐՏԸ՝ ՏԱՔ, ՁԵՌՔԸ՝ ՄԱՔՈՒՐ, ԳԼՈՒԽԸ՝ ՍԱՌԸ, ՏՈՒՆԸ՝ ՄԵԾ… ՀՀ Ազգային անվտանգության նախարարությունն՝ ի դեմս նախարար Կառլոս Պետրոսյանի, հաճախ է երկրի ազգային անվտանգության հարցերի փոխարեն ոչ իշխանամետ հայացք ունեցող քաղաքական գործիչների եւ այլ քաղաքացիների անձնական եւ տնտեսական գործունեության մասին փաստեր հավաքելով զբաղվում։ Թե՝ ով որտեղ ինչ բիզնես, տուն կամ ունեցվածք ունի եւ այլն։ Իսկ ահա Կառլոս Պետրոսյանի՝ Մերգելյան ինստիտուտին հարող փողոցներից մեկում գտնվող նորակառույց հսկա տուն-ամրոցի մասին շատերն են վախով արտահայտվում։ Չէ՞ որ ով համարձակություն էլ ունենա այդ մասին խոսել, ՀՀ ԱԱ նախարարի սլաքը կուղղվի նրա դեմ։ ԱԱ նախարարի տանը հարող փողոցների բնակիչները այն հարցին, թե ո՞րն է նախարարի տունը, պատասխանում էին հարցով՝ «գեներալի՞», ու ցույց տալիս։ Ոնց էլ ճանաչում են սովորական քաղաքացիներն իրենց գեներալ-լեյտենանտին։ Միայն թե խորապես կասկածում ենք, թե այդ ճանաչողությունը պայմանավորված է ԱԱ նախարարի մարտական կամ հայրենասիրական սխրանքներով։ Վերջին 2 տարիների ընթացքում Կառլոս Պետրոսյանին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից շնորհվեց գեներալի կոչում։ Այդ կոչման համար առաջին հերթին անհրաժեշտ է համապատասխան պաշտոն, որը Կառլոս Պետրոսյանը ուներ՝ ազգային անվտանգության նախարար լինելով։ Բայցեւ արտահերթ կարգով նման կոչում ստանալու համար շատ կարեւոր է տվյալ պաշտոնյայի հայրենիքին մատուցած ծառայությունները, աշխատանքային ցուցանիշները, ասենք՝ երկրի անվտանգության համար որեւէ ծանր դեպքի հայտնաբերումը եւ կանխումը, ծանր հանցագործության բացահայտումը եւ այլն։ Նախկին ՆԳՆ փոխնախարար, այժմ՝ ԱԱ նախարար Կ. Պետրոսյանի գեներալի կոչում ստանալու փաստը շատերի զարմանքն էր հարուցել, քանզի 1999թ. հոկտեմբերի 27-ից հետո էր նրան տրվել կոչումը. այսինքն՝ այդ ո՞ր բարձր ցուցանիշի համար, երբ երկրում կար հոկտեմբերի 27-ի ոճրագործության՝ համապատասխան մարմինների կողմից կանխված չլինելու փաստը։ Ինչեւէ, վերադառնանք ՀՀ ԱԱ նախարարի դղյակին։ Այն հսկա մի հողատարածք է՝ մետաղյա ցանկապատով եւ բազալտ քարով պարսպապատված։ Հեռվից երեւում են բակի բարձր եղեւնիները, սպիտակ տուֆ կամ տրավերտին քարով կառուցված կարմիր տանիքով դղյակը։ Մոտակայքի փողոցները թերեւս 3-4 անգամ նեղ են նախարար-գեներալի դղյակի տարածքի լայնությունից։ Ի դեպ, տան շուրջը, փողոցներում թափված շինարարական նյութերից երեւում էր, որ նախարար-գեներալը պատրաստվում է մոտակա փողոցները վերանորոգել։ Ըստ տարբեր լուրերի, նախարարի տան կառուցապատմանը օգնում է ԱԺ պատգամավորներից մեկը։ Նշվում է Լեւոն Սարգսյանի (ալրաղացի) անունը։ Պատկերացնո՞ւմ եք, գեներալ-նախարարի հարեւանների երեխաները (ովքեր եւս գիտեին, որ դա գեներալներից մեկի տունն է) իրենց մանկության երազանքներում ցանկանալու են գեներալ (կամ նախարար) դառնալ, որ մեծանան, մի այդպիսի տուն-դղյակ էլ իրենք ունենան… Խորհրդային շրջանում էլ հիշում ենք՝ Ժելեզնի Ֆելիքսի՝ ԿԳԲ-ի հիմնադրի կերպարը, որին պետական գաղափարախոսությունը տվել էր «երկաթյա» մականունը։ Այսօրվա մեր գեներալները մասնագիտական ոլորտում որեւէ աչքի ընկնող հատկանիշ չունեն, հետեւաբար, նրանց մականուններ պետք է առաջադրվեն ուրիշ չափանիշներով, որին՝ ըստ նախկին աշխատանքային գործունեության, որին էլ՝ այսօրվա բազալտով պարսպապատված դղյակով։ Թերեւս շուտով Մերգելյանի ինստիտուտի տեղը նկարագրելիս մարդիկ կարող են ասել, որ այն գտնվում է Կառլոսի դղյակի մերձակայքում: Ճիշտ այնպես՝ ինչպես շպիոն Օնիկի մասին հին անեկդոտում։ ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ