Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւակայությունը անհրաժեշտ է մարդուն ապրելու համար։ Առանց երեւակայության մարդ արարածը դառնում է զոհը

Նոյեմբեր 24,2001 00:00

Խուսափեք նրանցից Երեւակայությունը անհրաժեշտ է մարդուն ապրելու համար։ Առանց երեւակայության մարդ արարածը դառնում է զոհը առօրյա հոգսերի, կենցաղային դժվարությունները դառնում են հաղթահարման միակ օբյեկտները եւ զրկում են մարդուն այն ուժից, որ բնությունը պատրաստել է նրա համար։ Մարդը, զրկված բնության ուժից, դատարկվում է, փոքրանում, ճղճիմանում։ Կատաստրոֆիկ փոքրանում են ապրելու տարածքը եւ պատկերացումների չափանիշները։ Մարդկային այդ տեսակը, աղավաղվելով եւ հավասարվելով միջատի կարգավիճակի, սկսում է մանր խայթոցներով եւ իր մազմզոտ թաթիկների չտրամաբանված շարժումներով ճանապարհ հարթել իր պարզունակ եւ տհաս կեցությունը ապահովելու համար։ Նկատելով նմանատիպ անհեթեթ արարածների, հարկավոր է խուսափել նրանցից։ Կյանքի ստվերը լույսի հակառակ կողմի անէությունն է։ Իրականում այն չկա։ Նա շատանում կամ քչանում է՝ լույսի աղբյուրը տեղաշարժելիս։ Ուրեմն, ներողամիտ լինենք ստվերից ծնունդ առած այդ արարածների նկատմամբ եւ աշխատենք հասկանալ սրանց գործունեության քաոսային, անտրամաբանված եւ իրենց իսկ նախաձեռնությանը հակասող բնույթը։ Իրար վարկաբեկելը, փաստերի չգիտության եւ մտավոր անկարողության հիմքին հենվելով, այդ արածների գործունեության հիմնուղին է։ Ինչո՞ւ է այդպես. որովհետեւ վերջիններիս ուսերին տեղադրված եւ մարդկային գլուխ հիշեցնող զանգվածում առաջանում են հիմնականում ատելության իմպուլսներ եւ վեր են ածվում գործունեության դրդիչների։ Նույնատիպ դրդիչներն էին, որ 30-ական թվականներին սկսեցին հող պատրաստել 37 թվի համար։ Անկարող տգետների թագավորությունը դուրս էր մղում մարդկային հասարակությունից մտավորականների մնացորդներին, իրենց հատուկ ստախոսությամբ աղավաղելով փաստերը՝ վարկաբեկելու համար իրենց զոհերին, սկզբից ծիծաղ առաջացնող անտեղյակությամբ, իսկ հետո զազրանք առաջացնող անմաքրությամբ։ Այդպես բոլշեւիկները սկսեցին ազատվել 1917թ. հեղափոխությունից հետո իրենց ընկալմանն անհասանելի, այդ պատճառով էլ անցանկալի եւ ատելի, մշակույթի եւ գիտության մարդկանցից։ Նրանց անվանում էին «ժողովրդի թշնամի» եւ հերյուրանքների ցանցով շրջապատում։ Նրանք, ովքեր ընդունակ էին զանազանելու ճչացող կեղծիքը իրականությունից, դառնում էին հաջորդ զոհը։ Աքսորելով հերթական «ժողովրդի թշնամուն», սովետական հասարակության տգետ, անասնակերպ մասը տոնում էր կեղծիքի եւ ստի հերթական հաղթանակը։ Միջին խավը լռում էր վախի հզոր ճնշման ներքո։ Բարձր խավ արդեն չկար։ Կային մարդիկ, որոնք կծառայեին ուզածդ իշխող գաղափարախոսությանը։ Այս մտեքերն ինձ այցելեցին, երբ թերթերից մեկում հոդված կարդացի, վերնագրված՝ «Կոտոշներ եւ սմբակներ»։ Չեմ ուզում մանրանալ։ «Հավաստի աղբյուրն» ամեն ինչը ներկայացրել է աղավաղված։ Չափանիշները կորցրած արարածների մասին խոսել՝ կնշանակի սնել նրանց ուշադրությամբ։ Պարզապես կնշեմ հետեւյալը, որ 2001թ. հունիսի 18-22-ը Բյուրականի աստղադիտարանում կայացավ միջազգային գիտաժողով՝ նվիրված ակադեմիկոս Բենիամին Մարգարյանի գործունեության հիշատակին, նրա հայտնագործած 1500 գալակտիկաներին, որոնք հայտնի են աստղագիտության մեջ որպես Մարգարյանի գալակտիկաներ։ Գիտաժողովի կազմկոմիտեի նախագահն էր Բյուրականի աստղադիտարանի գիտքարտուղար Արեգ Միքայելյանը, որի ջանքերով Հայաստանում կայացավ բացառիկ միջազգային հավաք, ուր հրավիրված էին 95 գիտնականներ աշխարհի 20 երկրներից, որի շնորհիվ Հայաստանը դասվեց առաջատար գիտական մտքի երկրների շարքին։ Եվ Հայաստան ներխուժեց հզոր գիտական տեղեկատվություն։ Մեր օդը հարստացավ թթվածնով։ «Հավաստի աղբյուրը» ոչ միայն չի նշել այս փաստը, այլ աշխատելով վարկաբեկել Ա. Միքայելյանին միթոլոգիական զրպարտություններով, ազատել է գիտքարտուղարի պարտականություններից։ Կամ նպաստել է դրան, այլ «հավաստի աղբյուրների» հետ մեկտեղ։ Աշխարհի բոլոր զարգացած երկրները հասել են իրենց ներկա վիճակին փոխօգնության եւ արժանապատիվ փոխհարաբերությունների հիման վրա։ Սուտը, վախը եւ կեղծիքը վաղուց արդեն խոր պատմություն են դարձել՝ ազատելով հասարակությունը իրենց կպչուն ծանրությունից։ Բայց հասարակությունը ինքը պետք է լինի արժանապատիվ, որպեսզի կեղծիքի դեմ միասին, միանձնյա եւ միաժամանակ պարսպի պես կանգնի, պարիսպ դառնա։ Այդ պարիսպը միայն կպաշտպանի երկիրը՝ ստից, վախից եւ կեղծիքից։ Վերջերս տպագրված այդ հոդվածը ինչո՞ւ ինձ զայրացրեց, հիշեցնելով 30-ական թվականների վիճակը։ Որովհետեւ այն ցանկանում է վարկաբեկել՝ անսպասելի, համարձակ քայլ անողին, ճանապարհ հարթողին գիտության եւ ընդհանուր մթնոլորտի համար։ Հենց իրենց՝ վարկաբեկողների համար։ Եվ ընդհանրապես բոլորի համար։ Եվ մենք՝ ինքներս, պետք է լուրջ մտածենք մեր կյանքի որակի մասին։ Եվ թույլ չտանք, որ կեղծիքը ներխուժի վախի հետ միասին։ ԱՇՈՏ ԲԱՅԱՆԴՈՒՐ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել