Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒԵՖԱ-ն մտադիր է Չեմպիոնների լիգայի մասնակիցների կազմը կրճատել խմբային երկրորդ մրցաշարը վերացնելու ճ

Նոյեմբեր 24,2001 00:00

ՈՒԵՖԱ-ն նորամուծություններ է պատրաստում ՉԼ-ում ՈՒԵՖԱ-ն մտադիր է Չեմպիոնների լիգայի մասնակիցների կազմը կրճատել խմբային երկրորդ մրցաշարը վերացնելու ճանապարհով, օրերս հայտարարել է այդ կազմակերպության գլխավոր քարտուղար Գերհարդ Այգները։ «Մենք վերլուծել ենք երկրորդ փուլը վերացնելու հնարավորությունները։ Բնական է, որ մեր հաջորդ որոշումների կայացումը կհամաձայնեցնենք՝ հաշվի առնելով ակումբների օրացուցային պլանները»,- Շվեյցարիայի «Le Temps» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Այգները։ Գաղափարը դեռ մշակման փուլում է, բայց նա նշել է, թե կցանկանար, որպեսզի որոշումը ընդունվեր դեկտեմբերի 12-ին կամ 13-ին՝ ՈՒԵՖԱ-ի գործկոմի նիստում։ Սակայն Այգներն ընդգծել է նաեւ, որ իրեն այնքան էլ դուր չի գալիս ակումբների թիվը կրճատելու գաղափարը։ Նա նաեւ ամբողջովին հերքում է 14 սուպերակումբների մասնակցությամբ առաջնություն ստեղծելու միտքը։ Օրերս Գերմանիայի «Sueddeutsche Zeitung» թերթը հայտարարել էր, թե ՈՒԵՖԱ-ն ներկայումս քննարկում է նաեւ մեկ այլ հնարավորություն, մասնավորապես, թիմերի քանակը մինչեւ 24-ը կրճատելը։ Խմբային առաջին փուլում պետք է լինի 6 խումբ՝ յուրաքանչյուրում 4-ական թիմ (8-ի փոխարեն)։ Երկրորդ փուլը կընդգրկի 4 խումբ՝ 4-ական ակումբով։ Այգները նշել է, թե ՉԼ-ի բանաձեւը մեծ մասով կազմվել է ակումբների պահանջների հիման վրա։ «Ակումբներն ավելի ու ավելի շատ փող էին ուզում, քանի որ դա ստանալու հնարավորություն կար։ Հետեւանքները ենթադրելի էին. հիմա անհամեմատելի ավելի շատ հանդիպումներ են անցկացվում ու առայսօր պարզված չի մնում այն հարցը, թե ֆուտբոլիստները, արդյոք, չափից ավելի ծանրաբեռնված չե՞ն»,- ասել է Այգները։ ՈՒԵՖԱ-ի գլխավոր քարտուղարը նշել է, թե ակումբներն էլ դեմ են 14 սուպերակումբների առաջնություն կազմակերպելուն։ «Նրանք համաձայն են, որ ինչ-որ բան պետք է անել, որովհետեւ գրաֆիկը խիստ լարված է։ Բայց եթե մենք կրճատենք հանդիպումների քանակը, ակումբները կկորցնեն տոմսերի վաճառքից գոյացող գումարը, իսկ դա նրանց ձեռնտու չէ։ Ուրեմն պետք է անել այնպես, որպեսզի խաղերը քիչ լինեն, իսկ եկամուտը մնա նույնը»։ Հիմա քննարկվող նոր բանաձեւը բավարարում է հենց այդ պահանջները։ 24 թիմերը աննշան կկրճատեն խաղերի քանակը, իսկ շահույթը նույնը կլինի։ Ընդ որում, բոլոր մասնակից ակումբներին առաջին փուլում երաշխավորվում է 10 հանդիպում։ Ա. Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել