Վաղը Մոնթե Մելքոնյանի տարելիցն է Մելքոնեան Մոնթէ Չարլզի (ծն. 25.11.1957, Վայսիլիա (Ֆրեզնոյից 40 մղոն հեռու), Կալիֆոռնիա-12.06.1993, Մարզիլի, Լեռնային Ղարաբաղ), հնագէտ, նորագոյն հայ ազատագրական շարժման ականաւոր գործիչ, Մարտունու շրջանի հրամանատար (փոխգնդապետ), հրապարակախօս։ Ծնուել է երկրորդ սերունդ ամերիկահայ մանր քաղքենի ընտանիքում։ 1969-1970 թթ. ճանապարհորդել է Եւրոպայի եւ Միջին Արեւելքի 41 երկրներում։ Այցելել է իր պապերի ծննդավայրը՝ Մարզուան։ Այդ տարիքում առաջին անգամ գիտակցել է իր հայ լինելը։ Ավարտել է Բերկլիի Կալիֆոռնիա համալսարանի Հին ասիական ժողովուրդների պատմութեան եւ հնագիտութեան բաժինը։ Սովորելու տարիներին ստեղծել է Բերկլիի «Հայ ուսանողական միութիւնը»։ 1978-ին աւարտել է համալսարանը պաշտպանելով «Ուրարտուի ժայռափոր դամբարանները» աւարտաճառը։ 1978-ի աշնան մասնակցում է Պէյրութի հայկական թաղամասի ինքնապաշտպանական կռիւներին։ Լիբանանում նուիրուելով նորագոյն հայ ազատագրական պայքարին՝ հրաժարւում է Օքսֆորտում ուսումը շարունակելուց։ Հայերէնը դառնում է նրա տիրապետած հինգերորդ լեզուն։ Տիրապետել է անգլէրեն, իսպաներէն, ֆրանսերէն, ճապոներէն լեզուներին։ Իմացել է նաեւ իտալերէն, թուրքերէն, արաբերէն, որոշ չափով ֆարսի եւ քրտերէն։ 1980 թուականի մայիսին միանում է Հայաստանի ազատագրութեան հայ գաղտնի բանակին ու շուտով դառնում նրա գլխաւոր դէմքերից մէկը։ Թուրքական թիրախների դէմ ռազմական գործողութիւններ իրագործում է Աթենքի, Հռոմի մէջ եւ այլուր։ Եղել է 24 Սեպտեմբեր, 1981-ին Փարիզում թրքական դեսպանատան դէմ ուղղուած «Վան» գործողութեան կազմակերպիչներից մէկը։ 1981-ին Հռոմում թուրք դեսպանի դէմ մահափորձ կատարելու կասկածով ձերբակալւում է ու մէկ ամիս յետոյ ազատ արձակւում։ Վերադառնալով Լիբանան ՀԱՀԳԲ-ի ղեկավար Յ. Յակոբեանի պարտադրանքով մամլոյ ասուլիս է տալիս եւ այդ իսկ պատճառով բացայայտւում։ Այդ թուականից սկսում է ընդհատակում ապրել։ 1983 թուականի յուլիսին մի խումբ ընկերների հետ հեռանում է ՀԱՀԳԲ-ից ու հիմնում ՀԱՀԳԲ-Յեղափոխական շարժումը։ 1985 թուականի նոյեմբերի 27-ին երկրորդ անգամ ձերբակալւում է Փարիզում, կեղծ անձնագիր կրելու, պայթուցիկ նիւթեր ունենալու եւ «չարագործներու հետ համագործակցութեան» մեղադրանքով ու դատապարտւում 6 տարուան բանտարկութեան։ 1989 թուականին ազատ արձակուելուց յետոյ, Մոնթէ Մելքոնեանը ուղարկուել է Հարաւային Եմեն։ Այստեղ նրան միացել է իր ապագայ կինը՝ Սեդա Գապրանեանը, որին նա ծանօթացել էր դեռեւս 1978 թուականին Լիբանանում։ 1990 թուականի հոկտեմբերին Մ. Մելքոնեան անցել է Հայաստան։ Մինչեւ 1991թ. սեպտեմբեր ամիսը զուգահեռաբար կատարել է գիտական եւ զինուորական աշխատանքներ։ 1991-ի սկիզբը մի խումբ ընկերներով հիմնում է «Հայրենասիրական ջոկատը» եւ քիչ ետք մեկնում Հայաստանի սահմանամերձ շրջաններ։ 3 օգոստոս, 1991-ին Գեղարդի վանքում ամուսնանում է Ս. Գապրանեանի հետ։ 14 սեպտեմբերի 1991-ին առաջին անգամ մեկնել է Լեռնային Ղարաբաղի Շահումեանի շրջան որպես թարգմանիչ ֆրանսահայ մի թղթակիցի։ Նոյն օրերին սկսուել են Էրքէջ, Մանաշիտ եւ Բոզլուխ գիւղերի ազատագրման կռիւները։ Մելքոնեան մասնակցում է այս մարտերին ու անմիջապէս աչքի ընկնում իր ռազմական իմացութեամբ։ 4 փետրուար 1992-ին ուղարկւում է Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջան, որը այդ ժամանակ մարզի ամէնատկար կէտերից էր։ Հասնելուց անմիջապէս յետոյ նշանակւում է զօրամասի պետ, իսկ մի ամիս ետք շրջանի հրամանատար։ Նոյն ամսում իսկ իր հրամանատարութեամբ սկսւում է թշնամի կրակակէտերի լռեցումը։ Այս ժամանակաընթացքում ազատագրւում է շրջանի բռնագրաւուած հողերի մեծ մասը (80%)։ Մարտ 1993-ին Մոնթէ Մելքոնեանը մեկնում է Մարտակերտի շրջան Քելբաջարի ազատագրման գործողութիւնը պատրաստելու համար։ Ազատագրում է Քելբաջարի ամբողջ շրջանը։ Մայիսին մեկնում է Լաչին, գնդապետ Հ.Հարոյեանի հետ թշնամի կրակակէտերու լռեցման գործողութիւններ պատրաստելու համար։ Այս գործողութիւնները քաղաքական պատճառներով հետաձգւում են։ Մայիսի վերջը վերադառնում է Մարտունի եւ յունիսի 12-ին ղեկավարում է Աղտամի մատոյցներում գտնուող կրակակէտերի լռեցման գործողութիւնը։ Մարտերից յետոյ անձամբ գնում է ստուգելու վիճակը Մարզիլի գիւղի կողմը։ Գիւղի ծայրին անսպասելիօրէն հանդիպում է թշնամու դարան մտած BMP2 զրահամեքենային։ Զրահամեքենան կրակում է։ Հրթիռի մի բեկոր դիպչում է նրա աջ քունքին։ 19 յունիս 1993-ին Երեւանում մեծ շուքով տեղի է ունենում նրա յուղարկաւորութիւնը ու նրա մարմինը ամփոփւում է Երաբլուրի գերեզմանատանը։