ԱՄԵՆ ԲՆԱԳՐԻՆ ՄԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ «Տականքային գրականության» երկրպագուները՝ ձեռնոց նետելով ցրտին, հավաքվել էին «ՀայԱրտի» վերջին կլորում՝ շնորհավորելու Վիոլետ Գրիգորյանին եւ Վահրամ Մարտիրոսյանին, որոնք մեղադրվում են առաջատար, նորարար, «ալտերնատիվ», գրաքննությունից զերծ գրականություն տպելու մահացու մեղքերի մեջ։ Նրանց մեղքի վերջին պտուղն է «Բնագիր 2»-ը։ Համախմբագիրներին մեղսակից են այն 100 ընթերցողները, որոնք առաջին «Բնագիրը» գնեցին հենց շնորհանդեսի օրը եւ այդպիսով «Բնագիր 2»-ին լույս աշխարհ գալու թույլտվություն ընձեռեցին եւ 20-ից ավելի գրողների հնարավորություն՝ շարունակելու իրենց՝ «հերթական քֆրտոցի» արժանի գործը։ Եվ այսպես, «Բնագիր 2» գրական հանդեսում հանդես են գալիս նրանք, ովքեր լեզվի եւ գրականության «նորմատիվ չափորոշիչներին» չեն ենթարկվում, գրում են այնպես, ինչպես զգում են եւ ուզում են։ Նրանք հայ ակադեմիկ գրողներին դուր գալու համար չեն գրում. նրանք ունեն ոչ միայն իրենց ընթերցողները, այլեւ՝ գրական հովանավորներ։ Այս համարում տպագրվել են նաեւ սփյուռքահայ գրողներ։ Գրիգոր Պըլտյան, Մովսես Պչաքճեան, Դենի Դոնիկյան։ Ուրախալի է, որ նոր անուններ կան նաեւ այս անգամ՝ Լիլիթ Վահանյան, Եվա Մարտիրոսյան եւ այլն։ Խմբագիրները փաստեցին, որ առանց ֆինանսական օգնության հայ գրողը կարող է իր գրականությունը տպել եւ հասցնել ընթերցողին, էլեկտրոնային գրադարան ստեղծել, որի էջերում կարող եք կարդալ անտիպ եւ տպագրված 7 անուն գիրք։ Տիգրան Պասկեւիչյանի, Գագիկ Կիլիկյանի, Մհեր Բեյլերյանի, Նարինե Ավետիսյանի… եւ այլոց։ «Ես գրականագետ եմ։ Շուտով կես տարին կլրանա»։ Օ՜ Ջալոյանցի այս տողերը ինձ ստիպեցին դիմել Վարդան Ջալոյանին, լսելու նրա հեղինակավոր, փիլիսոփայական, հույժ լուրջ կարծիքը «Բնագիր» երեւույթի մասին։ Նա այսպես մեկնաբանեց «Նրանց գործը ուղղված է դեպի վաղը»։ Սպասում ենք այդ վաղվան։ Իսկ մինչ այդ՝ «Գրեցե՛ք տղերք, գրեցե՛ք շատ-շատ», որպեսզի հայ լրագրողներից ոմանք ձեզ հայհոյելու համար հոնորար ստանան։ Ոմանց ջգրու՝ գրեց ՇԱՔԵ Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆԸ