Լրահոս
Օրվա լրահոսը

«Քեմոնիքս ինթերնեշնլ» ընկերության կողմից իրականացվող ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶ

Նոյեմբեր 24,2001 00:00

«Օրենքով նախատեսված դեպքերում» «Քեմոնիքս ինթերնեշնլ» ընկերության կողմից իրականացվող ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ, USAID) Հայաստանում իրականացվող դատաիրավական բարեփոխումների ծրագրի շրջանակներում նոյեմբերի 22-ին քննարկման էր դրվել 4 կուսակցությունների (ԱԺԿ, ՍԻՄ, ԱԺՄ եւ Հանրապետական) մշակած ՀՀ Սահմանադրության նախագիծը։ Մենք կանդրադառնանք «Դատական իշխանությունը» գլխին (9)։ Ըստ Սահմանադրության առաջարկվող այս նախագծի՝ դատավարությունը «օրենքով նախատեսված դեպքերում» իրականացվում է երդվյալների մասնակցությամբ։ Հետաքրքիր է, որ դարձյալ «օրենքով նախատեսված դեպքերում» «բարդ կամ բարձրաստիճան պաշտոնատար անձանց վերաբերող գործերը» կարող է ըստ այս նախագծի քննել վերաքննիչ դատարանը։ Իրավաբան չլինելով հանդերձ, օրենսդիրներին պետք է հարցնել, թե ինչ ասել է՝ «բարդ գործ», մանավանդ, որ նման իրավական հասկացություն գոյություն չունի, իսկ «բարդ» լինելն էլ (հավանաբար նկատի ունեն ծա՞նր հանցագործությունները) որոշվում է միայն դատարանի կողմից, դատաքննության ընթացքում։ Միեւնույն ժամանակ արգելվում է «արտակարգ դատարանների ստեղծումը»։ Իսկ «բարդ» կամ պաշտոնատար անձանց գործերը քննող դատարաններն ի՞նչ են, հատո՞ւկ են։ «Արտակարգ» չե՞ն։ Ըստ այս նախագծի տրամաբանության, բարձրաստիճան պաշտոնատար անձինք, որոնք ՀՀ քաղաքացիներ են, զրկվում են եռաստիճան դատական պաշտպանության իրավունքից։ Քառյակի սահմանադրությամբ դատավոր կարող է նշանակվել 30 տարին լրացած, բարձրագույն իրավաբանական կրթություն եւ իրավաբանական աշխատանքի առնվազն 7 տարվա ստաժ ունեցող քաղաքացին։ Դատավորի լիազորությունների դադարեցումը սահմանված է հոդված 141-ով։ Իսկ դադարեցվում է 11 դեպքերում. սեփական դիմումի համաձայն, 65 տարին լրանալուց հետո, անհամատեղելիության պահանջների խախտման, մահվան, անհայտ բացակայող եւ «մահացած ճանաչվելու» դեպքում (իսկ եթե «մահացած» չճանաչվի՞)։ Կա նաեւ այսպիսի ձեւակերպում. «Դատավորի կոչմանը անհամատեղելի արարք թույլ տալու» համար։ Իսկ ո՞րն է այդ անհամատեղելին։ Չնայած չենք կարծում, թե Սահմանադրությունը պիտի դա էլ բացեր։ Խորհրդարանն իրեն իրավունք է վերապահել, չգիտես ինչու, ընդհանուր իրավասության բոլոր ատյանների դատարանների նախագահների լիազորության դադարեցման դեպքում համաձայնություն տալը։ Այդ դեպքում, խորհրդարանն էլ թող վերցնի դատավորների «քննությունները»։ Իսկ 8-ամյա կամ բարձրագույն կրթությամբ պատգամավոր դարձածը հանկարծ ու որոշի՞… Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել