ԿԱՐԵՆ ԱՍԼՈՅԱՆԻ ԳՈՐԾԸ Հետաքննության փոխարեն -2 «Առավոտում» նախորդ մեր հրապարակումը (7.11.2001թ.) բազմաթիվ արձագանքներ ունեցավ։ Իրավաբանության հետ կապ ունեցողներից, մասնագետներից բացի արձագանքեցին մեր շարքային ընթերցողները, որոնք իրենց «մտահոգությունն» արտահայտեցին նաեւ այսպես. ինչո՞ւ Կարեն Ասլոյանին դատապարտելուց հետո էր անդրադարձը… 1998թ. մարտի 1-ի գիշերը ինքնաձիգի 2 կրակոցից ՊՆ զորամասերից մեկում սպանվեց Արմեն Աղաջանյանը։ «Ինքնասպանությունը» բացվեց մեկ տարի անց. ձերբակալվեց վանաձորցի Կարեն Ասլոյանը, որին Լոռու մարզի 1-ին ատյանի դատարանը դատապարտեց 10 տարի ազատազրկման, իսկ 2000թ. դեկտեմբերի 26-ին ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչն ու 2001թ. փետրվարի 8-ին վճռաբեկ դատարանի Քրեական եւ զինվորական գործերի պալատը առաջին դատավճիռը թողեցին անփոփոխ։ 1-ին ատյանի 1 դատավորին ըստ էության «պաշտպանել» են վերաքննիչի 2 եւ վճռաբեկ դատարանի 5 դատավոր։ Ընդհանուր՝ 8-ը։ Այս գործով եղել է մեկ հատուկ կարծիք, որից տեղյակ չէ (եւ չի տրամադրվել) ինչպես ամբաստանյալ Կարեն Ասլոյանի պաշտպանը՝ Լեւոն Գոգինյանը, այնպես էլ մենք, քանզի հատուկ կարծիքը մեզանում հրապարակման ենթակա չէ (փոխարենը սիրահոժար տպագրում ենք Եվրոպական դատարանի դատավորների հատուկ կարծիքները, այս դեպքում արդեն՝ անհասկանալի շարժառիթներով)։ Թե ինչո՞ւ մենք անդրադարձանք գործի հետաքննությանը երեք դատարաններում գործը քննելուց հետո, պատասխանեմ. առաջնորդվել եմ միջազգայնորեն ընդունված չափանիշներով. զերծ եմ մնացել «մամուլային բլից-դատավարությունից», «գործի արդար քննություն ապահովելու համար» ընտրելով այլընտրանքը. «չաջակցել» մեր հրապարակումներով կողմերից եւ ոչ մեկին՝ «խրախուսելով» ցուցմունքներն ու հայ իրականության մեջ դեռեւս չգիտակցված կողմերի հավասարության սկզբունքները… Բացի դա, գործն առնչվում է բանակում կատարված ողբերգությանը, եւ ինչ-ինչ հարցեր առնչվում են պարզապես այս դեպքում մեր ներազգային անվտանգությանը։ Ի վերջո, գործի քննությունն ավարտվելուց հետո ո՞վ կարող է պնդել, որ Ա. Աղաջանյանը ինքնասպանություն է գործել կամ նրան սպանել է Կարենը (եթե ոչ ուրիշը)։ Վկաներից Արթուր Բաբայանի դատաքննական ցուցմունքը կարող էր զարգացումն ունենալ. նա ասել էր, որ Արմենը «կարաուլ» գնալուց առաջ ասել էր, թե ետ չի գալու, ներքեւ է շարժվելու։ Գուցե այստեղ էր թաքնված «ինքնասպանության» մեխը։ «1999թ. ապրիլ ամսին ինձ բերման են ենթարկել Երեւանի ռազմական ոստիկանություն եւ ստիպել են տալ կեղծ ցուցմունքներ՝ ֆիզիկական սպառնալիքների միջոցով։ Մեղադրում էին ինձ այն բանում,- գրում է վկա Բենիամին Սարգսյանը՝ ԼՂՀ այն ժամանակվա պաշտպանության նախարար Սամվել Բաբայանին,- որ իբր ոչ օբյեկտիվ եւ կողմնակալ ցուցմունքներ եմ տալիս իմ «զեմլյակի» նկատմամբ»։ «1999թ. փետրվարի 5-ին մեր զորամասից մեզ ռազմական ոստիկանության աշխատակիցները ուղեկցեցին ոստիկանություն,- գրում է զինծառայող Կ. Գրիգորյանը,- եւ այնտեղ ինձ ոստիկանության աշխատակիցները հայտնեցին, որ 1998թ. մարտի 1-ին կատարված մեր զորամասի զինծառայող Արմեն Աղաջանյանի ինքնասպանությունը ճիշտ չի, դա սպանություն է, որը կատարել է 1-ին ջոկի հրամանատարի տեղակալ Կ. Ասլոյանը… Ինձ մի քանի օր մեկուսարանում պահելուց հետո խաբեությամբ գրել տվեցին, որ Կ. Ասլոյանը կայացրել է սպանություն Ա. Աղաջանյանի նկատմամբ»։ Զինծառայողների հայտարարությունները կարծես ուշադրության չեն արժանացել։ Զինծառայող Բագրատ Մուրադյանը դիմել է զորամասի հրամանատար Տ. Գրիգորյանին. «Ուզում եմ ձեր միջոցով իմ իմացած ճշմարտությունը պատմել Ա. Աղաջանյանի մահվան գործով։ Իմ իմացած ճշմարտությունը ես պատմել եմ քննության ժամանակ, բայց ինձ չեն հավատացել… իմ պատմածի մի մասն է գրավոր ընդունվել։ Խնդրում եմ աջակցել, որպեսզի համապատասխան մարդկանց դիմեք եւ իմ իմացածը գրավոր ընդունվի»։ ՀՀ դատախազությանն ուղղած իր հայտարարությունում զինծառայող Աշոտ Թադեւոսյանն ավելի ուշագրավ փաստ է ասում. «Ես դեպքի (Ա. Աղաջանյանի ինքնասպանության- Ռ. Մ.) ժամանակ եղել եմ պահակակետում։ Կ. Ասլոյանին պահակակետում չեմ տեսել»։ Որ պահակակետում եղել է նաեւ զինծառայող Վահան Հարությանը, տեղեկանում ենք նաեւ հանրապետության նախագահին եւ այն ժամանակվա գլխավոր դատախազի ժ/պ Ժ. Խառատյանին ուղղված հետեւյալ դիմումից. «Լեռնային Ղարաբաղում ծառայության ժամանակ, 1998թ. փետրվարի 28-ի լույս մարտի 1-ի գիշերը մեր դասակի զինծառայող Ա. Աղաջանյանը պահակային ծառայության ժամանակ ինքնասպանություն է գործել։ Ես անձամբ ներկա չեմ եղել այդ պահին, սակայն կրակոցից հետո եղել եմ դեպքի վայրում։ Հետաքննության ժամանակ ես ցուցմունք եմ տվել, որ Արմենն ինքնասպան է եղել։ Սակայն մոտ մեկ տարի անց, դարձյալ ԼՂՀ-ում ինձ տարան ԶԴ։ Ես դարձյալ պնդեցի իմ սկզբնական ցուցմունքը, բայց պարզվեց, որ նման ցուցմունքը ձեռք չի տալիս զինդատախազության քննիչներին, եւ նրանք պարզապես իմ նկատմամբ ֆիզիկական եւ բարոյական ճնշում գործադրելով՝ ստիպեցին ցուցմունք տալ, որ իբր լսել եմ Կ. Ասլոյանի ձայնը եւ որ տեսել եմ Արմենի հետ վիճելիս»։ Այս գործով անցած վկա-զինծառայողների հայտարարությունները պետք է հիմք դառնային գոնե զուգահեռ ծառայողական քննություն անցկացնելու։ Սակայն չի արվել. հավանաբար պատճառն այն էր, որ նրանք Նաիրի եւ Կարեն Հունանյան չէին եւ տեսախցիկներն ու ձայնագրիչներն էլ չէին «աշխատում» այս գործի դատաքննության ողջ ընթացքում։ Անշուշտ, լուրջ իրավական պետություն լինելու դեպքում արժանի գնահատականի կարժանանար Կարեն Ասլոյանի հոր եւ Լոռու մարզի 1-ին ատյանի դատարանի դատավոր Վահան Հովհաննիսյանի միջեւ տեղի ունեցած զրույցը (ձայնագրությունը կա «Առավոտում»), որի մասին ակնարկվել է նաեւ մամուլում։ Հաստատ Կ. Ասլոյանի ձեռքին զենք չկար եւ դատավորն էլ ահաբեկված չէր. Դատավոր- «Հիմա ներկա դրության մեջ ես քեզ պարզ ասացի. էս գործն ապացուցված ա։ Մենակ մի բան չի, ռեալ չի օբյեկտիվ կողմը։ Ոնց ա վեր կալե, ոնց ա կրակել։ Էդ ա անպարզ մնացել էս օրվա նյութերով»։ Ասլոյան- հայրը հարցնում է. «Մի խոսքով, շինածը էդ ա»։ Հետեւում է պատասխանը. «Հա, շինել ա, եկել ա հասել էս մակարդակին»։ Եվ սենսացիան. 10 տարին տալուց առաջ. Դատավոր. «Սա ամնիստիայի տակ չի ընկնում։ Ոչ էս ա ընկնում, ոչ էն։ Բայց սա ընկնում ա մեկ երրորդի տակ…»։ Սակայն ինչո՞ւ, ինչո՞ւ ընտրվեց Կարեն Ասլոյանը՝ վանաձորցու միամտությամբ հարցնենք մենք։ Սակայն… Զինծառայող Մխիթար Հարությունյանը, ըստ մեղադրական եզրակացության (էջ 6), «կանգնած է եղել զորանոցում պատուհանի մոտ։ Արմեն Աղաջանյանն անցնելով իր կողքով՝ իրեն հաջողություն է մաղթել ու ասել, որ այլեւս չի վերադառնա, այսօր կսպանի Կարեն Ասլոյանին եւ հետո ինքնասպան կլինի»։ Սակայն նորից. ինչո՞ւ։ Եվ ինչո՞ւ զինծառայողներն, իմանալով այդ մասին, ոչինչ չեն ձեռնարկել կանխելու… ողբերգությունը։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ