«Ո՞վ է լավագույն աշխատողը» Հարցադրման հեղինակը Հայաստանում Ամերիկայի Առեւտրի պալատի նախագահ Թովմաս Սամուէլեանն է, իսկ պատասխանն ամենեւին լավատեսական չէր. «Հայաստանում չկան բավարար լավ աշխատողներ»։ Քիչ ավելի մխիթարող էր, որ «որեւէ այլ երկրում եւս չկան բավարար լավ աշխատողներ»։ Իր այս միտքը պրն Սամուէլեանը հիմնավորեց նրանով, որ անընդհատ պայմանները եւ աշխատողին ներկայացվող պահանջները փոխվում են, եւ լավ մասնագետ ոչ միայն կրթական հաստատությունը պետք է պատրաստի, այլեւ ողջ հասարակությունը։ ՀՀ Կրթության զարգացման պետական ծրագրին նվիրված համաժողովի ժամանակ ելույթ ունենալով «Գործող ուսումնական ծրագրերի համապատասխանեցումը աշխատանքի շուկայի պահանջներին եւ դրանցում առկա հիմնական բացերը» թեմայով՝ Ամերիկայի Առեւտրի պալատի նախագահը ուշագրավ դիտարկումներ ներկայացրեց։ Ըստ նրա՝ լավագույն աշխատողը նա է, ով ինքն է գլխի ընկնում, թե ինչ է անհրաժեշտ անել, այլ ոչ թե բավարարվում՝ միայն իր վերադասի հանձնարարությունները կատարելով։ Պրն Սամուէլեանը լավ մասնագետ լինելու համար կարեւորեց հատկապես հետեւյալ ունակությունները՝ լավ խոսելը, գրելը, մտածելը եւ մարդկանց հետ շփվելու կարողությունը։ Ի տարբերություն, ասենք, ֆուտբոլի՝ «տնտեսական խաղի կանոնները ամեն օր փոխվում են»։ Եվ դա պետք է նաեւ աշխատողը հասկանա ու չսպասի, թե երբ իր տնօրենն էլ դա կհասկանա։ Պրն Սամուէլեանի գնահատմամբ՝ ցանկացած երկրի բարգավաճումը, բարեկեցությունը եւ անհատների երջանկությունը կախված է նրանից, թե որքանով են այդ երկրի մասնագետները մրցունակ միջազգային շուկայում։ Զեկուցողի կարծիքով. «Ժամանակն է մտածել, թե ի՞նչ պետք է սովորեցնել աշակերտներին յուրաքանչյուր առարկայից»։ Ասելով, որ այս աշխարհում ոչ մի բան չես սովորի 10 տարում, Թ. Սամուէլեանը նկատում է, որ 10 տարում պարզապես պիտի բավարար գիտելիքների տիրապետեն, որ կարողանան կողմնորոշվել, թե, ասենք, ի՞նչ են կարդում եւ ինչպե՞ս պետք է այն ըմբռնեն, աղբյուրներից ճիշտ օգտվեն, մանավանդ որ, աղբյուրների մի մասը հնացած են։ «Դպրոցը հասարակության մանրակերտն է։ Ինչքան էլ փորձենք կանոններով բարոյագիտություն սովորեցնել, դա արդյունք չի տա, եթե օրինակով, իրենց ապրած կյանքով դա չզգան։ Այն րոպեից, երբ երեխան հասկանում է, որ իր գնահատականը կախված է ոչ թե իր գիտելիքներից, այլ իր ծնողների կապերից, գումարից, վերջացավ։ Այլեւս փչացած աշխատող ունենք 10 տարի հետո։ Այդ աշխատողին երբեւէ չենք կարող կարգի բերել, եթե հասկացել է, որ ինքը իր աշխատանքի արդյունքով չի գնահատվում։ Այնքա՜ն պիտի աշխատենք, որ դա հանենք իր միջից։ Ոչ միայն խոսքով, այլ կյանքով են սովորում։ Ես հասկանում եմ, որ կյանքը չենք կարող իդեալական սարքել, բայց հնարավորին չափ աշխատենք օրենքով ու կարգով ապրել, որպեսզի 15 տարի հետո Հայաստանում ունենանք ավելի շատ որակով աշխատողներ»,- իր ամերիկյան հայերենով պատգամեց պրն Սամուէլեանը։ Ի դեպ, ԿԳ փոխնախարար Աիդա Թոփուզյանը տեղեկացրեց, որ Թովմաս Սամուէլեանը անգլերեն է թարգմանել Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգությանը» եւ «իր այդ համարձակ քայլով Նարեկացին համաշխարհային պոեզիա տարավ»։ Ն. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ