Լրահոս
Օրվա լրահոսը

2001 թ. հուլիսին Հետաքննող լրագրողների ընկերակցությունն անցկացրեց հայաստանյան լրագրողների հարցում:

Նոյեմբեր 24,2001 00:00

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԶԼՄ-ՆԵՐԸ՝ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ 2001 թ. հուլիսին Հետաքննող լրագրողների ընկերակցությունն անցկացրեց հայաստանյան լրագրողների հարցում: Հետազոտությունը նպատակ ուներ պարզելու ԶԼՄ-ների ներկայիս ամենակարեւոր խնդիրները, գործունեության առանձնահատկությունները, լրագրողների ինֆորմացիայի ազատության ընկալումները, լրագրող-ինֆորմացիայի աղբյուր փոխհարաբերությունների դրսեւորումները, լրագրողներին ինֆորմացիայի մատչելիության աստիճանը, ինֆորմացիա ձեռքբերելու եւ տարածելու գործում հանդիպող խոչընդոտների բնույթը եւ այլն: Հարցման են ենթարկվել 55 լրագրողներ, որոնք ներկայացնում են 27 տպագիր եւ էլեկտրոնային (10 մարզային եւ 17 հանրապետական) լրատվամիջոցներ: Հարցվածների շոշափելի մեծամասնությունն ունի 5 եւ ավելի տարվա փորձ (34,5%- ը լրագրող է աշխատում 5-10, 25,5%- ը՝ 10 եւ ավելի տարիներ): Առաջադրված 19 հարցերի եւ նրանց ենթահարցերի (ընդամենը` 26) պատասխանների ակնհայտ մեծամասնությունը կոնկրետ է: «Դժվարանում եմ պատասխանել» տարբերակը գրեթե միշտ զգալիորեն ավելի քիչ է ընտրվել, քան մյուսները (կոնկրետ պատասխանների եւ վերը նշված տարբերակի հարաբերակցությունը տատանվում է 11:1-ի եւ 65:1-ի սահմաններում): Լրագրողները գրեթե միաբերան (96,4%) նշում են, որ այսօրվա հայաստանյան լրատվամիջոցներն ունեն չլուծված խնդիրներ: Նախ հիշատակվում են ԶԼՄ-ների ֆինանսական (31%), լրագրողների մասնագիտական մակարդակի (21%), ապա միայն լրատվամիջոցների գործունեությունը կանոնակարգող օրենսդրության անկատարության (10,1%) խնդիրները: Սրանց հաջորդում են լրատվամիջոցների տեխնիկական անբավարար հագեցվածությունը (6,7%), անկախության (5,9%, ընդ որում՝ առանց մանրամասնելու՝ ինչ կարգի անկախություն նկատի ունեն) եւ քաղաքական (4,2%) խնդիրները: Նշվում է նաեւ հասարակության անտարբերությունը (2,5%), «Հայաստանն իրավական պետություն չէ» (1,7%), գրաքննությունը (0,8%): Էլ ավելի քիչ են այն պատասխանները, որոնցով հայկական լրատվամիջոցների արդի խնդիրները կապվում են լրագրողների սուբյեկտիվ հատկանիշների հետ: Օրինակ` «քիչ են լավ խմբագիրները», լրագրողներն «ամբիցիոզ են», «ինֆորմացիա տալու փոխարեն քարոզում են», «չունեն հստակ դիրքորոշում», «օբյեկտիվ չեն»: «Ինչպե՞ս եք գնահատում հայաստանյան լրագրողների աշխատանքը» հարցին տրվել են հետեւյալ պատասխանները, օբյեկտիվ են՝ 7,3%, կողմնակալ են՝ 20%, եւ հարցվածների 40%-ը գտնում է, որ լրագրողներն «ինչպես վճարվում, այնպես էլ գրում են»: Իմիջիայլոց, այս 40%-ի մեջ մտնում են իրենց ոլորտի լուսաբանումը՝ վատ, իսկ լրագրողներին՝ կողմնակալ համարողները եւ նրանք, ովքեր նշել են, թե իրենց ոլորտը լուսաբանվում է բավարար մակարդակով: Լրագրողների աշխատանքին «բավարար» գնահատականը տվածների գերակշռող մասը նույնպես նշել է, որ լրագրողները «ինչպես վճարվում, այնպես էլ գրում են» (18 պատասխան): Հայաստանյան լրագրողների աշխատանքը դժվարացել է գնահատել 7 հարցված: 3 լրագրող հարցին պատասխանել են ընդհանրական ձեւով («Կան եւ օբյեկտիվ, եւ կողմնակալ լրագրողներ» բովանդակության պատասխաններ): Հետաքրքիր պատկեր է ձեւավորվում «Անկա՞խ է, արդյոք, Ձեր լրատվամիջոցը», «Դուք Ձեզ համարո՞ւմ եք ազատ լրագրող» եւ «Կա՞ն, արդյոք, Հայաստանում անկախ լրատվամիջոցներ» հարցերի արդյունքները համադրելիս: Այսպես, միայն 10 լրագրողներ ընդգծում են, որ իրենց լրատվամիջոցներն անկախ չեն: Հարցվածների 29,1%-ը իրենց լրատվամիջոցներն անկախ են համարում, 47,3%-ի կարծիքով` անկախ են մասնակի: Ովքեր նշում են, թե իրենց լրատվամիջոցն անկախ չէ, բացատրում են, որ «լրատվամիջոցն ունի ֆինանսական խնդիրներ», «ոչ ոք անկախ չէ», «լրատվամիջոցը քաղաքականացված է», «զգացնել են տալիս քաղաքական ճնշումները»: Մյուս հարցի առավելագույն արդյունք ներով Հայաստանում անկախ լրատվամիջոցներ չկան (41,8%): 21,8%-ը հակառակ պնդումն է արել (Հայաստանում կան անկախ լրատվամիջոցներ), իսկ 30,9%-ն այն լրագրողներն են, ովքեր վերը բերված կոնկրետ հարցին տվել են ոչ միանշանակ պատասխան («դժվարանում եմ պատասխանել», «Հայաստանում կան միայն մասնակի անկախ լրատվամիջոցներ» եւ այլն): Հարցված լրագրողների մեծ մասը (67,3%) իրենց համարում են ազատ լրագրողներ: «Դուք Ձեզ համարո՞ւմ եք ազատ լրագրող» հարցին դժվարացել է պատասխանել 12,7%-ը: Նույնքան լրագրողներ խոստովանել են իրենց սուբյեկտիվ գործոնին ենթակա լինելու հանգամանքը՝ ընտրելով «սեփական ես-ից ազատ չեմ» պատասխանի տարբերակ: «Եղե՞լ են դեպքեր, երբ Ձեր նյութերը չեն հրապարակվել» հարցին դրական եւ ժխտական պատասխանած լրագրողների թվերն իրարից էապես չեն տարբերվում: 49,1 %-ը հայտարարել է, թե իրենց նյութերը հրապարակվել են մշտապես, 45,5%-ը՝ թե եղել են իրենց նյութերի չհրապարակման դեպքեր: Այդ 45,5%-ի մեջ մտնում են նաեւ այն լրագրողները, ովքեր «Դուք Ձեզ համարո՞ւմ եք ազատ լրագրող» հարցին տվել են դրական պատասխան: Իրենց ազատ համարող 37 լրագրողներից 13-ի նյութերի չհրապարակման դեպքեր են եղել: Ընդ որում՝ 6 լրագրողներ նշել են, թե նյութերը մերժել են խմբագիրները, մեկը խոստովանել է՝ «վախեցել եմ հետեւանքներից», 3 հոգին՝ «միջնորդել են, որ չհրապարակեմ», եւ երեքը իրենց նյութերի չհրապարակման փաստերը բացատրել են այսպես կոչված տեխնիկական պատճառներով (տեղի բացակայություն, ինֆորմացիայի հնանալը եւ այլն): Ուշադրության է արժանի պատկերը, որը ձեւավորվել է «Ըստ Ձեզ որքանո՞վ է կոռուպցիան տարածված լրատվամիջոցներում» եւ «Եթե կա, ապա ի՞նչ դրսեւորումներ ունի» հարցերի արդյունքներով: Այսպես, 55 լրագրողներից միայն 4-ն են միանշանակ պատասխանել, թե լրատվամիջոցներում կոռուպցիա չկա, 12 հոգի դժվարացել են պատասխանել տրված հարցին (ընդ որում, մեկ դեպքում լրագրողը նման պատասխանը պատճառաբանել է «լսել եմ, որ կա, բայց փաստեր չունեմ» բացատրությամբ), մնացած 39 լրագրողները գտնում են, որ հայաստանյան լրատվամիջոցներում կոռուպցիա կա: Ընդ որում, 18 հոգի նշել են, որ կոռուպցիայի դեպքեր շատ են լինում, 19 հոգու կարծիքով կոռուպցիայի դեպքերը հայաստանյան լրատվամիջոցներում քիչ են եւ երկու հոգի տվել են «դեռ շատ չէ, բայց քիչ էլ չէ» պատասխանը: Լրատվամիջոցներում տեղ գտած կոռուպցիայի դրսեւորումներից ամենից շատ մատնանշվել են հովանավորչությունը (74,5%) եւ կաշառակերությունը (14,5%): «Լրատվամիջոցներում կա կոռուպցիա» պնդումն անող լրագրողներից միայն 5-ն են դժվարացել մատնանշել երեւույթի դրսեւորման ձեւերը: Հարցերի մի խումբ վերաբերում է ինֆորմացիայի մատչելիության խնդիրներին: Այսպես, «ո՞ր ոլորտից» եւ «ո՞ր գերատեսչությունից է ավելի դժվար ինֆորմացիա ստանալը» հարցերի ցուցանիշներով, որպես բոլորից փակ ոլորտներ անվանվել են իրավականը (36,8%), դատականը (28,1%), տնտեսականը (16,6%): Մեկական անգամ նշվել է, որ «ինֆորմացիա հավասարապես դժվար է ստանալ բոլոր» եւ «պետական-պաշտոնական» ոլորտներից: Ուշագրավ է, որ քաղաքական ոլորտից ինֆորմացիա ստանալն ավելի դժվար է, քան ռազմականից: Այսպես, առաջինը, որպես ոլորտ, որից դժվար է ինֆորմացիա ստանալ, մատնանշվել է 10 անգամ (8,7%), ռազմականը՝ 3 (2,6%): Դրա փոխարեն կոնկրետ գերատեսչությունների հիշատակումների ցուցակում (այսպես կոչված՝ փակ գերատեսչություններ) առաջին տեղերը զբաղեցրել են՝ ՆԳ (28,3%), պաշտպանության (22,4%) նախարարությունները, դատախազությունը (16,4%): Մյուս եռյակում մասնավոր ձեռնարկություններն են (7,5%), դատարանները (6,7%), ՀՀ նախագահի աշխատակազմը (5,22%): 55-ից միայն 3 հարցվածներ դժվարացել են մատնանշել առավել փակ գերատեսչությունները, միայն մեկ լրագրող է, որ ընդհանրապես դժվարություններ չի ունեցել ինֆորմացիա ձեռքբերելիս: Վերլուծությունը՝ ԼԱՈՒՐԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ Հետաքննող լրագրողների ընկերակցության «Հետք» ինտերնետային էջում: Հասցեն՝ home.media.am/hetq

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել