Լրահոս
Օրվա լրահոսը

Բռնադատվածների բողոքը Պարույր Հայրիկյանին

Նոյեմբեր 24,2001 00:00

«Իրավունք չունեն պետություն կոչվելու» Բռնադատվածների բողոքը Պարույր Հայրիկյանին Այսպիսի մի հին անեկդոտ կա. շոգեքարշի ստեղծման կապակցությամբ մեկին բացատրում են, թե ինչ առավելություններ ունի շոգեքարշը ձիաքարշի նկատմամբ, ինչ սկզբունքով է աշխատում, սակայն այդ ամենը ուշադիր լսելուց հետո ունկնդիրը հարց է տալիս. «Լա՜վ, էդ բոլորը հասկացանք, բա եզները ո՞րտեղից են կապում պարավոզին»: Ճիշտ նույն կերպ, Վանաձորի երկաթուղայինների ակումբում նոյեմբերի 21-ին «Հուշամատյան» պատմամշակութային, իրավապաշտպան ընկերության կազմակերպած հանդիպմանը ՀՀ նախագահին առընթեր Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Պարույր Հայրիկյանը ժողովրդին («Հուշամատյանում» գրանցված բռնադատվածներ կամ նրանց ժառանգները) «էն գլխից» բացատրեց, որ հանդիպման նպատակը բռնադատվածների իրավունքների պաշտպանությանն է առնչվում եւ «հիմնական շեշտադրումները պետք է կապվեն մեր անցյալի տխուր իրողությունների հետ», ինչպես նաեւ պետք է քննարկվեր, թե «Արդյո՞ք մենք անում ենք ամեն բան, որպեսզի երբեւէ Հայաստանում որեւէ անմեղ մարդ չբռնադատվի»: Դահլիճում գտնվող մարդկանց, սակայն, այդ պահին հանգիստ չէին տալիս առավելապես սոցիալական խնդիրները (վերը նշված անեկդոտի տարբերակով), եւ նրանք պարբերաբար հարցնում էին. «Բա մեր բանկի փողերը», «…նպաստը», «…թոշակը» եւ այլն: «Ընկերներ, վարկի հարցը լուծվեց»,- հայտարարեց «Հուշամատյանի» նախագահը՝ նախկինում բարձրացված հարցի առնչությամբ, սակայն դահլիճում նստածներից մի քանիսն սկսեցին դժգոհել, թե «Էդ վարկն իբր ո՞ւմ են տալիս, ջոջերն են առնում», «10 հազար դոլար վարկ են ուզում՝ 2 հազարը բանկը վերցնում է»: Մի լոռեցի էլ դժգոհեց, որ իրեն վարկ հասնում է, բայց կասկածում է, որ կարող է հասցնել դրա «տակից դուրս գալ», քանի որ 77 տարեկան է (պետական մտածողության ակնառու դրսեւորում): Ի դեպ, դեռ մինչեւ հանդիպումն սկսվելը դահլիճի նախասրահում հավաքվածները տաք-տաք բանավիճում էին, միմյանց «քեֆուհալից» հետաքրքրվում, թե ո՞վ է «ռուսականով» թոշակի անցել, ով՝ դրամով (այսինքն ո՞վ է «քաշվել», եւ ով՝ մի քիչ «շահել»): Նաեւ մտահոգ էին, թե «բա հիմա Հայրիկյանին չհարցնե՞նք, որ էդքա՜ն տարի բանտ նստեց, յարաբ է՞ս պետությունն էր երազում, է՞ս էր իրենց ուզածը»: «Դե ինքը միշտ էլ ասում ա, որ էդ չի, էլի»,- արդարացրեց մեկը: Մի քաղաքացի էլ ոգեւորված պատմում էր, թե «մալականի գեղերում» ինչպես են կազմակերպվել ԱԺ ընտրությունները, հանգամանորեն բացատրվում էր ալյուրի բաշխման «մեխանիկան»: Մի կարծիքից էլ տեղեկացանք, որ Լոռվա գյուղերից մեկում գյուղապետի ընտրությունները արդար էին անցել, բայց դրա համար ինչ-որ մեկը «Էրեւանից լավ տուր կերավ»: Ընտրությունների թեման շոշափվեց նաեւ Հայրիկյանի հետ հանդիպման ընթացքում: «Քանի դեռ մենք ունենք 3 տոննա շաքար, ալյուր, լոբի կամ սոլյարկա արժեցող պատգամավորներ, ուստի մեր վիճակը կլինի այն, ինչ որ կա»: «Բա դրա դեմը չեք առնելո՞ւ, ընկեր Հայրիկյան»: «Դրա դեմը կարելի է առնել պատգամավոր դառնալով»,- պարզաբանեց պարոն Հայրիկյանը: Իսկ երբ խոստովանեց, որ Մարդու իրավունքների հանձնաժողովի լիազորությունները սահմանափակ են, թոշակառուներից մեկը, որին հանգիստ չէր տալիս խնայդրամարկղի ավանդների հարցը, հուսահատ նկատեց. «Մի խոսքով՝ դա չըլնող բան է»: Առավել նյարդայնացած մեկ ուրիշը զայրացած բղավեց. «Եթե ավանդները չեն տալիս՝ իրավունք չունեն պետություն կոչվելու եւ պասպորտ տալու»: Առհասարակ դահլիճում լսվում էին «Պետություն չկա», «Պետությունը հիմա ալան-թալանով է զբաղված», «Թալանում են, որ էլի ընտրվեն, փող են հավաքում», «Էդ 130 պատգամավորին ինչի՞ են պահում՝ 2 միլիոն մարդ է մնացել», «Հենց պատգամավոր են դառնում թե չէ՝ յոթհարկանի տուն են սարքում», իսկ ամենից հաճախ՝ «Մեր բանկի փողերը տվեք»: Առանձին հարցեր՝ անձնական բնույթի, որոնք անցել էին դատաիրավական համակարգով, բայց լուծում չէին ստացել, Պարույր Հայրիկյանը խնդրեց ներկայացնել հանձնաժողովին՝ գրավոր: Այս ողջ պատմության մեջ «ամենաուրախալին» այն է, որ բռնադատվածներն արդեն ազատորեն, առանց վախի կարծիք են հայտնում պետության եւ իշխանավորների մասին, եւ դրա համար նրանց ոչ ոք չի կարող բռնադատել կամ աքսորել: Իրենց սեփական «աքսորավայրում» էլ (ցրտի, քաղցի ու ծայրահեղ թշվառության մատնված) նրանք իրենց «վատ չեն զգում»: ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել