ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ ԵՆ ՊԵՏՔ Երկու անչափահաս երեխաների մայր, ընտանիքի միակ աշխատող Դիանա Պողոսյանը Երեւանի թիվ 1 կլինիկական ծննդատանը աշխատել է մինչեւ ս/թ հոկտեմբերի 31-ը։ Այդ օրվա հերթափոխից տուն վերադառնալուց հետո նրան զանգահարել է բաժանմունքի ավագ քույրը եւ հայտնել, որ այլեւս չգա աշխատանքի՝ կրճատված է։ Այդպես է տեղի ունեցել նաեւ մի քանի այլ բուժքույրերի հետ։ Նրանցից ոմանք փորձել են ծննդատան ղեկավարից՝ Գագիկ Բեգլարյանից, այս կապակցությամբ պարզաբանումներ ստանալ։ Ըստ Դիանա Պողոսյանի, ինքը չի էլ փորձել, քանի որ մյուսներին «տնօրենը չի ընդունել, ասելով. «Այդ հարցով ինձ չմոտենաք»։ Պրն Բեգլարյանը համարյա նույն պատասխանը մեզ տվեց, իհարկե որոշ վերապահումներով։ Նա հայտնեց, որ Դիանա Պողոսյանը «մինչեւ հիմա իրեն լավ չի դրսեւորել»։ Քանի որ հիմնարկը լուծարված է (առողջապահության նախարարության ենթակայությունից անցնում է Երեւանի քաղաքապետարանին), կոլեկտիվը կարող կրճատել նրան, ով իրեն չի արդարացնում։ Դ. Պողոսյանը նշվեց հենց որպես այդպիսին։ Բացի այդ, պրն Բեգլարյանը հայտարարեց, որ ինքը դա (կրճատելը- Ա. Գ.) մենակ չի անում, արհկոմից են առաջարկում, հիվանդանոցի խորհուրդն է հաստատում։ Թե ինչու էր պրն Բեգլարյանը ապացուցում Դ. Պողոսյանին կրճատելու մասին որոշման՝ կոլեկտիվ բնույթ ունենալը, առնվազն այդ պահին անհասկանալի էր. ոչ ոք դրանում նրան չէր մեղադրել։ Դեռ։ Գագիկ Բեգլարյանը, դարձյալ առանց սպասելու համապատասխան հարցի, մի քանի անգամ կրկնեց. «Ես իրավունք ունեմ կրճատելու»։ Թեեւ այս դեպքում ոչ ոք չէր պատրաստվում վիճարկել նրա՝ որպես ղեկավարի այդ իրավունքը։ Վիճարկելու թեման ավելի շատ այլ տեղում է, որին դեռ կհասնենք։ Մեր խնդրանքը, թե՝ կարո՞ղ ենք ծանոթանալ… առանց մինչեւ վերջ լսելու, պրն Բեգլարյանն ընդհատեց. «Չե՛ք կարող ծանոթանալ»։ Ծանոթանալ մենք ցանկանում էինք այն փաստաթղթերին, որոնք կհավաստեին, որ Դ. Պողոսյանն իրոք «իրեն չի արդարացրել»՝ նկատողություն լինի, հիվանդների բողոք, թե արհմիության որոշում (ինչպես թվարկեց պրն Բեգլարյանը)։ Վերջինս մամուլին չի կարող իրենց փաստաթղթերը ներկայացնել, քանի որ «հիմնարկը լուծարված է» (՞- Ա.Գ.)։ Մեր այս տարակուսանքը իրավաբանները հաստատեցին, ասելով, որ հիմնարկի՝ լուծարման փուլում գտնվելը չի կարող արգելք լինել ինչ-որ փաստաթղթեր ցույց տալու համար։ Իսկ Գագիկ Բեգլարյանը, «յուրիստների, պրոֆսոյուզի հետ էլ» խոսելով է կրճատել։ «Այդքան բան»,- ուզում էր եզրափակել բուժհիմնարկի ղեկավարը։ Հետո իսկապես եզրափակեց. «Եվ Դուք էլ այստեղ գալու կարիք չունեք»։ Սակայն ամենահետաքրքիրն այն է, որ մինչեւ «վերջնագիրը» հրապարակելը պրն Բեգլարյանն ասաց. «Ես իրավունք ունեմ առանց նկատողության էլ կրճատել»։ Առանց նկատողության պրն Բեգլարյանը իրավունք ունի կրճատելու։ Թեեւ Աշխատանքային օրենսգիրքը կրճատման դեպքում նախապատվության սկզբունք է պարտադրում։ Այսինքն՝ կրճատումն էլ պետք է հիմնավորվի։ Դիանա Պողոսյանը պնդում է, որ իրեն երբեք ոչ ոք ոչ գրավոր, ոչ էլ բանավոր դիտողություն կամ նկատողություն չի արել իր վատ աշխատանքի համար։ Թեեւ չի բացառվում, որ նրա անձնական թերթիկում մի գրավոր նկատողություն լինի։ Նա պատմում է, որ մի անգամ ծննդատուն ներխուժած ինչ-որ մոլագարի համար նկատողություն ստացել են անձնակազմի անխտիր բոլոր աշխատողները՝ բժիշկ-բուժքույր-սանիտար-պահակ եւ այլն։ Իսկ թե ում անձնական թերթիկում այն կա՝ ջրի երես դուրս կգա երեւի կրճատման անհրաժեշտության դեպքում։ Տիկին Պողոսյանն ասում է, որ կրճատվել են հիմնականում երիտասարդ կադրերը, ինչի հետ համաձայն չէր պրն Բեգլարյանը։ Իսկ վատ աշխատանքի պատճառաբանությունը, ըստ Դ. Պողոսյանի, բացառիկ չէ. բոլորին էլ այդպես է ասում։ Աշխատանքային օրենսգիրքը մի բան էլ է պարտադրում գործատուին. «Առաջիկա ազատման մասին աշխատողները անհատապես զգուշացվում են ոչ ուշ, քան երկու ամիս առաջ»։ Դ. Պողոսյանին նման զգուշացում չի արվել։ Մի երկու ամիս առաջ, ըստ նրա, ողջ անձնակազմին ստորագրելու են տվել ինչ-որ թղթեր՝ առանց դրա բովանդակությանը ծանոթացնելու։ Սակայն հավաստիացրել են, թե պետք չէ վախենալ, դա կրճատման հետ ոչ մի կապ չունի։ Եվ ստորագրել է ամբողջ բուժանձնակազմը, ըստ Դ. Պողոսյանի։ Մի կողմ թողնենք աշխատանքի տեղում պրոբլեմներ չունենալու մտավախությունից ծնված այս ստորագրությունները (մանավանդ որ պրոբլեմ, միեւնույն է, ունեցել են) եւ ամեն դեպքում անձնավորության պատասխանատվությունը սեփական ստորագրության համար։ Աշխատանքային օրենսգիրքը նշում է, որ ազատման ժամանակ գործատուն աշխատողին առաջարկում է նաեւ այլ աշխատանք։ Օրենսգիրքը միայն նշում է, չի պարտավորեցնում։ Իսկ ո՞վ կնայի այդ նշումին, մանավանդ որ, պարտավորեցմանը բանի տեղ չեն դնում։ Առավել եւս թիվ 1 կլինիկական ծննդատան տնօրեն Գագիկ Բեգլարյանը, որը, որքան մեզ հաջողվեց ճշտել ոչ պրն Բեգլարյանից, պաշտպանված է «սահմանադրորեն»՝ լինելով Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի խնամին։ ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ