Լրահոս
Օրվա լրահոսը

1972 թվից բնակվում եմ կոոպերատիվ շենքում։ Հայտնի է, որ կոոպերատիվ

Նոյեմբեր 24,2001 00:00

Գույքահարկի եւ այլ հարցերի մասին 1972 թվից բնակվում եմ կոոպերատիվ շենքում։ Հայտնի է, որ կոոպերատիվ շենքերը համարվում են սեփական, քանի որ առուցման բոլոր ծախսերը կատարվել են մեր միջոցներով։ Պահանջել են կրկին սեփականաշնորհել (չնայած դրա կարիքը չկար), եւ բավական ծախս անելուց հետո այդ գործողությունն էլ կատարեցինք։ Կոոպերատիվ շենքերի համար ոչ մի հարկ գոյություն չուներ, վերջին մի քանի տարվա ընթացքում այդ էլ մոգոնեցին՝ անունը դնելով գույքահարկ։ Դա էլ ընդունեցինք, բայց վրդովեցուցիչ մի հանգամանք. այն, որ նույն շենքի տարբեր հարկերի համար տարբեր չափով է գույքահարկ սահմանված։ Օրինակ, առաջին հարկի (2 սենյականոց) բնակարանների գույքահարկի տարեկան արժեքը 2882 դրամ է, իսկ միջին հարկերինը՝ 4790 դրամ։ Անհասկանալի է, թե ինչու է այդպես։ Չէ՞ որ առանց մասնագետ լինելու էլ կարելի է տրամաբանել. նույն շենքն է, նույն բնակարանը, օգտագործվել է նույն քանակի շինանյութ, պատուհանները, դռները, միջհարկային ծածկը, միջնորմները եւ մյուս շինարարական էլեմենտները նույն նյութից են։ Ինչո՞ւ պետք է գույքի հարկի այդպիսի մեծ տարբերություն լինի, ո՞վ է այդ հաշվարկները կատարել եւ ի՞նչ հիմունքներով, անհասկանալի է եւ զայրացուցիչ։ Ես չեմ ասում՝ ինչու է առաջին հարկի գույքահարկը ցածր, այն նույնպես բարձր է եւ պետք է պակասեցվի, ընդհանրապես գույքահարկը չպետք է տարածվի կոոպերատիվ շենքերի վրա, եթե այն ներկա օրենքներով գոյություն ունի, ապա բոլոր հարկերի գույքահարկերը պետք է հավասար լինեն, ընդ որում, առաջին հարկի համար սահմանվածին։ Այդ հաշվարկող պարոնները պետք է տարբերություն դնեին պետական եւ կոոպերատիվ շենքերի միջեւ. չէ՞ որ կոոպերատիվ շենքերը կառուցվել են բնակիչների միջոցներով, իսկ պետականը՝ պետության։ Այժմ, երբ գրեթե բոլոր շենքերը սեփականաշնորհվել են, այդ տարբերությունը վերացել է, ինչո՞ւ։ Մի քանի խոսք բոլորովին այլ թեմայի մասին։ Վերջերս ռադիոյով լսեցի, որ մեր թերթերից մեկը (չեմ հիշում՝ որը) գովերգում է կոնյակի գործարանի սեփականաշնորհումը, եւ թե ինչպես մեր նախկին «հարգելի» վարչապետ Արմեն Դարբինյանն էր գովերգում։ Համարում են սեփականաշնորհված ամենալավ գործարքներից մեկը, որովհետեւ գյուղացիներից խաղող են գնում։ Գյուղացիները գոհ են եւ այլն, եւ այլն… Պարսավանքի են ենթարկում այն անձանց, ովքեր դա համարում են թալան։ Այո՛, դա թալան էր։ Օգուտով աշխատող հայ ժողովրդի կողմից տասնյակ տարիների քրտինքով, զրկանքներով, տառապանքով կառուցված մեր գործարանը, որի համար պարծենում էինք բոլորս, չնչին գներով վաճառեցին, կարելի է ասել՝ նվիրեցին օտարին եւ առանց խղճի խայթ զգալու, անամոթաբար այն համարում են ամենալավ գործարքներից մեկը։ Այդ նույն գործարանը տասնյակ տարիներ օգուտով չէ՞ր աշխատել, խաղող չէի՞ն գնել գյուղացիներից։ Եվ դա անում էին հայերը՝ երեւի ավելի լավ… Թերթի այդ գովերգությունը, իմ հաստատ համոզմամբ, մի՞թե այն նպատակը չի հետապնդում, որ անաղմուկ սեփականաշնորհվեն բաշխիչ էլցանցերը եւ «հարգելի» այդ թղթակիցը չի՞ նախապատրաստում արդյոք բնակչությանը։ Բաշխիչ էլցանցերը ստրատեգիական նշանակություն ունեն եւ դրանք օտարին տալը դավաճանություն է։ Դա կհանգեցնի մեր պետության անկախության կործանմանը։ Այդ բանը պետք է հասկանան նաեւ մեր որոշ պատգամավորներ, որ բաշխիչ էլցանցերի հետ կապված հարցը Սահմանադրական դատարանում լսելու համար ստորագրություն տալուց հետո, առանց անհարմար զգալու այն հետ չվերցնեին եւ չվիժեցնեին հարցի քննարկումը։ Նրանք նույնպես դավաճաններ չե՞ն։ Նրանք չե՞ն մտածում, որ էլցանցերի սեփականաշնորհման դեպքում նույն վիճակի մեջ կընկնենք, ինչ-որ «ԱրմենՏելի» դեպքում։ «ԱրմենՏելի» սեփականաշնորհումից հետո ամսական 100 դրամ վարձը մի քանի ամսից հետո, եթե չեմ սխալվում, բարձրացրին 600 դրամի, հետո այն հասցրին 900-ի։ ԲԷՑ-երի սեփականաշնորհումից հետո, գործող, 1 կվտ-ը 25 դրամ սակագինը կբարձրացնեն իրենց ցանկացած չափով, եւ ոչ ոք իրավունք չի ունենա բողոքելու։ Բողոքելու դեպքում էլ արդյունքի չենք հասնի։ Բոլոր դեպքերում առաջին հերթին տուժում է պետականությունը, հետո ժողովուրդը։ Բաշխիչ էլցանցերը չպետք է սեփականաշնորհվեն։ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆ աշխատանքի վետերան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել